Երեկ Հայաստանի գործարարությունը ներկայացնող երկու խոշորագույն հասարակական կազմակերպություններըՙ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։
Կարեւորելով արդեն 8 ամիս շարունակվող համատեղ միջոցառումների կազմակերպումը եւ համագործակցության մյուս դրսեւորումները, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի ստորագրումն այս առումով անգամ ուշացած կարելի է համարել։ Նա բանկային համակարգը համարեց Հայաստանի տնտեսության ամենակայացած ենթակառուցվածքը։ Արսեն Ղազարյանի հավաստմամբ, երկրի տնտեսության թռիչքային զարգացումն անհնար է առանց բանկերի։ «Բանկերից պետք է սովորենք եվրոպական մենեջմենտ, բանկերի շնորհիվ պետք է հարվածենք ստվերային տնտեսությանը եւ քաղաքակրթվենք», ասաց նա։
ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանն իր հերթին համաձայնագիրը կարեւոր համարեց ոչ միայն արդյունաբերողների, այլեւ բանկերի համար։ Նրա կարծիքով, միայն համատեղ աշխատանքով հնարավոր կլինի տնտեսական աճ ապահովել։ Սամվել Ճզմաչյանն ընդգծեց, որ, օրինակ, հիպոթեկային վարկավորման շնորհիվ կզարգանա ինչպես շինարարությունը, այնպես էլ շինանյութերի արդյունաբերությունը։
Հայաստանում գործարարության զարգացման համար Արսեն Ղազարյանը անհրաժեշտ համարեց նաեւ ապահովագրության համակարգի կայացումը, ինչը հնարավորություն կտա ապահովագրել վարկերը եւ մեծ ներդրումներ ներգրավել։
«Ազգի» հարցը երկու միությունների նախագահներին վերաբերում էր բիզնեսի մասնակցությանը սոցիալական ծրագրերի իրականացմանը։ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանեց, թե գլխավոր նպատակն այն է, որ գործարարները օրինապահ հարկատուներ լինեն, որպեսզի պետությունը կարողանա իրականացնել սոցիալական ծրագրերը։ Եթե գործարարներին ներկայացնող երկու միությունները կարողանան նպաստել ստվերային տնտեսության ծավալների նվազմանը, ապա դա ավելի շատ կնպաստի սոցիալական խնդիրների լուծմանը, քան եթե գործարարը որոշակի բարեգործություններ կատարի, բայց խուսափի հարկեր վճարելուց։
Սամվել Ճզմաչյանը համաձայնելով իր գործընկերոջ արտահայտած տեսակետին, ավելացրեց, որ սոցիալական ծրագրին նպաստելու տարբերակ կարելի է համարել հիպոթեկային վարկավորումը։ Եթե իշխանությունները օգնեն երկարատեւ միջոցների ներգրավման առումով, ապա այստեղ լուրջ հաջողություններ կարելի է ակնկալել։ Արսեն Ղազարյանն էլ նշեց, որ երկարաժամկետ փողերի առաջացմանը կարելի է նպաստել նաեւ մեր գումարները հայկական, այլ ոչ թե օտարերկրյա բանկերում ներդնելով։ Նա նաեւ հիշատակեց վերջերս ՄԱԿ-ի կազմակերպած սեմինարը նվիրված բիզնեսի ուղղվածությանը սոցիալական ծրագրերին, ասելով, որ Հայաստանի խոշոր գործարարները կմասնակցեն դրանց։
Հայաստանյան բանկերից մեկիՙ Հայգյուղփոխօգնության բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը սոցիալական խնդիրներին բիզնեսի մասնակցության օրինակ համարեց հեռավոր եւ սահմանամերձ գյուղերին իրենց տված վարկերը, ասելով որ այդպիսի քայլեր բանկերը մշտապես անում են, բայց չեն գովազդում։
Շարունակելով բանկային համակարգի մասին կարծիքներ փոխանակելը, Արսեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանում այլեւս չեն մնացել ոչ վստահելի բանկեր, ինչին Սամվել Ճզմաչյանն ավելացրեց, որ անբարեխիղճ բանկերի ժամանակն անցել է։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ