«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸՙ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Վերջին տարիներին Արցախում դրամահավաքներ ոչ մեկ անգամ են կազմակերպվել, որոնք հետապնդել են ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ մշակութային նպատակներ։ Այս համապատկերի վրա Հայաստանի գրողների միության եւ Արցախի գրական կազմակերպության համատեղ կազմակերպած մարաթոնը կարելի է անվանել անցյալ տարի նոյեմբերին Երեւանում անցկացված հեռուստամարաթոնի գործնական շարունակություն։ Իսկ նպատակը մեկն էՙ «Ազգային գրականությանըՙ ազգային պաշտպանություն» բանաձեւմանը տալ նոր ընթացք։

Մարտի 19-ին Ստեփանակերտ ժամանած ՀԳՄ պատվիրակությանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ, ընդունեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Այս հանդիպումները սոսկ նախաձեռնությանը պաշտոնապես հավանություն տալու արարողություն չէինՙ քննարկվեցին գրականությանը որպես ազգային արժեք օժանդակելու կոնկրետ ծրագրեր։ Իբրեւ ԼՂՀ իշխանությունների պատրաստակամության իրական արդյունք, հիշատակելի է, թերեւս, Շուշիում գրողների ստեղծագործական տուն բացելու ծրագիրը, որի շրջանակում ԼՂՀ կառավարությունը անվարձահատույց գրողներին է տրամադրել 1900 թ. կառուցված Շուշիի թեմական դպրոցի շենքը։ Անշուշտ, այստեղ շենքի վերակառուցման եւ կահավորման աշխատանքներ շատ կան անելու։ Գլխավորն այն է, սակայն, որ այդ աշխատանքներն սկսվելու են արդեն առաջիկա ամիսների ընթացքում։ Ըստ էությանՙ այն լինելու է Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան մասնաճյուղը։

Բուն դրամահավաքը մեկնարկեց մարտի 20-ին, Արցախի գրողների միության «Իրիկնաժամ» դահլիճում։ Նախապես պլանավորված էր կազմակերպել ուղիղ եթերային հեռուստամարաթոն տեղի հեռուստատեսությամբ, սակայն տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ իրականացնել։ Ուստի նպատակահարմար գտնվեց լրատվամիջոցների աջակցությամբ հանրությանը ներգրավել դրամահավաքի գործընթացի մեջ, առավել եւս, որ այն պիտի տեւի մի քանի շաբաթ։

Բացելով մարաթոնը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց այս ակցիայի կարեւորությունն ու նշանակությունը համալիր առումով։ Իր հերթին Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղում գիտեն գրականությունը գնահատել եւ տեր կանգնել։

Հայ եկեղեցու արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, օրհնելով դրամահավաքը, արցախյան թեմի անունից նվիրաբերեց 500 ԱՄՆ դոլար։ Գործարար Սամվել Հակոբյանը 500 հազար դրամ հատկացնելովՙ ասաց, որ ազգային գրականությանը սատարելը պետք է լինի յուրաքանչյուր արցախցու համար պատվավոր առաքելություն։

Նվիրատվություններ կատարեցին նաեւ Արցախի գրողների միությունը, առանձին գրողներ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանը, «Սոնա» գրահրատարակչությունը, «Անդրանիկ-Դաշկ» ՍՊԸ-ն, այլ կազմակերպություններ եւ անհատներ։ Ակցիայի առաջին իսկ օրը իրենց ուրույն ներդրումը ունեցան Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներըՙ 400 հազար դրամի նվիրաբերման պատրաստակամությամբ։

Ինչպես նշեց ԱրԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, մարաթոնի սկիզբը շատ խոստումնալից է, եւ այս ուղղությամբ իրենց հույսերն անպայման կարդարանան։

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը «Ազգ»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նշեց, որ այս դրամահավաքը ավելի շատ խորհրդանշական է, որովհետեւ Արցախը սոցիալ-տնտեսական եւ այլ ուղղություններով դեռեւս Հայաստանի ու սփյուռքի սատարման կարիքն ունի։ Նրա խոսքերովՙ Ղարաբաղում դրամահավաքի հիմնավորումը մի քանի առանցք ունի։ Նախՙ «Ազգային գրականությանըՙ ազգային պաշտպանություն» բանաձեւումը պետք է տարածել նաեւ Ղարաբաղի վրա, որովհետեւ գրականությունը վիթխարի դեր է ունեցել արցախահայության հայապահպան ոգին ամուր պահելու, ստեղծված դասական արժեքները պահպանելու առումով։ Եվ այս նախաձեռնությունը յուրօրինակորեն վերաբորբոքում է մեր ազգային արժեքները, մեր գրողների նկատմամբ սերը։ Դրամահավաքը, ըստ Լ. Անանյանի, կդառնա լակմուսի թուղթ, որը կարտացոլի հասարակության ընկալումը գրողի նկատմամբ, մանավանդ որ Արցախի գրական ընտանիքը համալրված է տաղանդավոր ուժերով եւ արժանի է ընթերցողի համարժեք ուշադրությանը։

Իբրեւ երկրորդ առանցքՙ Լեւոն Անանյանը նշեց, որ դրամահավաքի արդյունքները կամփոփվեն սփյուռքում։ Այս պարագայում բնավ ցանկալի չէ, որ հավաքված գումարները ըստ ծրագրերի օգտագործելու ժամանակ արցախաբնակ գրողը թերարժեքության բարդույթ ունենա։ Անկախ այն բանից, թե ինչքան գումար կհավաքվի Արցախում, նա պետք է գրական հիմնադրամից տիրոջ իրավունքով օգտվել կարողանա։

Լեւոն Անանյանը Արցախում կազմակերպված դրամահավաքը կարեւորեց նաեւ նրանով, որ այն խթանիչ կլինի սփյուռքում նոր դրամահավաքներ կազմակերպելիս, որովհետեւ սփյուռքում կտեսնեն, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում իսկապես կարողանում են տեր կանգնել ազգային գրականությանը։ Գուցե սա լավ առումով ցուցադրական ինչ-որ բան ունի, այդով իսկՙ այս եռամիասնության մեջ Արցախում դրամահավաքը արդարացվում է։

Այն հարցին, թե ինչ կերպ են տնօրինվելու հավաքված գումարները, Լեւոն Անանյանը պատասխանեց, որ այս տարվա հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ը տեղի է ունենալու գրողների համահայկական երկրորդ համաժողովը, ընդ որում, պատվիրակները 2 օր լինելու են նաեւ Արցախում։ Այն ժամանակ համաժողովը կընտրի հոգաբարձուների խորհուրդ, որն էլ կտնօրինի այդ դրամամիջոցները։ ՀԳՄ նախագահի մեկնաբանմամբՙ մայր գումարը բանկում մնալու է անձեռնմխելի, իսկ դրանից ստացված տոկոսները ուղղվելու են ստեղծագործական եւ սոցիալական ծրագրերի կենսագործմանը։

Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում պատվիրակությունը, որում ընդգրկված էին նաեւ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ Էդվարդ Միլիտոնյանը, հետաքրքրական հանդիպումներ ունեցան ինչպես ԼՂՀ զինվորական վերնախավի ներկայացուցիչների, այնպես էլ ստեփանակերտցի ընթերցողների հետ։ Այս առումով հիշարժան է գրողների հանդիպումը «Գրիգոր Նարեկացի» պետարտոնագրված համալսարանի ուսանողների հետ։

Գրական հիմնադրամի զորացման նոր փուլը, այս անգամ Արցախում, արդեն ընթացքի մեջ է։ Հուսանքՙ ընթերցող հասարակությունը իր ակտիվ մասնակցությամբ, իրոք, համարժեք գնահատական կտա գրչի մշակներին։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4