«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2004-03-20 | #50, 2004-03-23 | #51, 2004-03-24


ՎՐԱՑ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՈՏՆԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...

Ադրբեջանա-վրացական բարքերիցՙ օրինակի համար

Օրերս ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված շախմատի միջազգային մրցաշարը շարունակում է անհանգստություն պատճառել Վրաստանի շախմատի ֆեդերացիային։ Ինչպես հայտնի է, այդ մրցաշարին մասնակցում էր նաեւ վրացի երիտասարդ շախմատիստ Բահատուր Ջոբավան։

Ստեփանակերտում լույս տեսնող «Ազատ Արցախ» թերթը վկայակոչելով ադրբեջանական եւ վրացական ԶԼՄ-ներիՙ գրում է, որ Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահությունը հետեւողականորեն ստիպում է Ջոբավային ներողություն խնդրել Ադրբեջանից։ Թբիլիսիում տեղի է ունեցել երկրի շախմատի ֆեդերացիայի նախագահության նիստը, որում քննարկվել է Ջոբավայիՙ ղարաբաղյան մրցաշարին մասնակցելու հարցը։ Վերջինսՙ ի հեճուկս ֆեդերացիայի նախագահության հրահանգների, այնուամենայնիվ, մեկնել էր Ստեփանակերտ։

Ֆեդերացիայի նախագահ Զուրաբ Ազմայփարաշվիլին ասել է. «Մեզ համար հեշտ չէ լուծել այդ շախմատիստի ճակատագիրը, քանի որ նա մեր երկրի տաղանդավոր շախմատիստներից է եւ մեր հիմնական հույսը»։ Ֆեդերացիայի նախագահության նիստին հրավիրվել է նաեւ շախմատիստի հայրը, որը փորձելով կանխել որդու նկատմամբ հավանական պատժամիջոցները, ասել է, թե շախմատիստին ինքն է ստիպել գնալ Ստեփանակերտ։ Ազմայփարաշվիլին ասել է, որ «Ջոբավան պետք է գիտակցի իր արարքը եւ մամուլում ու հեռուստատեսությամբ պաշտոնապես ներողություն խնդրի Վրաստանի շախմատի ֆեդերացիայից, ինչպես նաեւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայից, քանի որ իր արարքով կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Վրաց երիտասարդ շախմատիստին ներկայացվել է վերջնագիր, եթե նա ներողություն չխնդրի, կզրկվի թոշակից եւ 1 տարով իրավունք չի ունենա մասնակցելու տեղական եւ միջազգային առաջնությունների։ Իսկ եթե ներողություն խնդրի, մեկ տարով կզրկվի միայն նյութական ապահովությունից եւ երկու տարով պայմանականորեն կորակազրկվի։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4