Բուժհամալիրի շինարարությունը Վանաձորում կսկսվի այս տարի
Հայտնի է, որ Հոլանդիայի «Ազնավուր» միության հովանավորությամբ Վանաձորում կառուցվելու է «Արքայազն Կլաուս» բարեգործական բուժհամալիր։ Ընթերցողներից բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում. նրանք հետաքրքրվում են բուժհամալիրի հետագա ճակատագրով։
Անցյալ տարվա մարտին «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը հրավիրվել է Հոլանդիա, եւ նրան է վստահվել նորաստեղծ միության ղեկավարությունը։
Ն. Զուլոյանից տեղեկացանք, որ «Ազնավուր» անվանումը թյուրըմբռնման տեղիք էր տալիս, անտեղյակները նույնիսկ Շառլ Ազնավուրին էին վերագրում կազմակերպության ֆինանսավորումը։
¬ Այդ իսկ պատճառով միության հիմնադիր, Հոլանդիայի թագավորական ընտանիքի անդամ, բարոն Ռենե դե Ֆրիզը եւ նրա օգնական, մեր հայրենակից Վարդան Հովհաննիսյանը որոշեցին փոխել անվանումը,¬ ասաց Ն. Զուլոյանը։¬ Շուտով միությունը կվերանվանվի «Անդրանիկ»։
Ինչ վերաբերում է հիվանդանոցին, պատրաստ են նախագծերը, հաստատված պատկան մարմիններում, ցանկապատվել է հատկացված ավելի քան 3 հա տարածքը։ Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանն ըստ ամենայնի աջակցում են, որ բուժհամալիրի շինարարությունը հնարավորինս շուտ սկսվի։
Վերջերս դոկտոր դե Ֆրիզը մեր զրույցի ժամանակ հավաստիացրեց, որ այս տարի անպայման սկսվելու է շինարարությունը եւ որեւէ խոչընդոտ չկա։ Առկա են ֆինանսավորման աղբյուրները, բոլոր պայմանավորվածությունները փաստաթղթային տեսք են ստացել։ Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա ապրիլին նախատեսված է Հաագայում բացել գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես։ Կմասնակցեն ինչպես հոլանդացի, այնպես էլ հայաստանցի նկարիչներ (Նիկոլ Աղաբաբյան եւ Ֆերդինանդ Գյումրեցի)։
Բարոն դե Ֆրիզը եւ՛ բուժհամալիրի կառուցումը Հայաստանում, եւ՛ այս նախաձեռնությունը պայմանավորում է հայերի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով, ինչպես նաեւ հայոց պատմության լավ իմացությամբ։
Հիշեցնենք, որ բուժհամալիրի շահագործումը վստահված է «Ինտերկապ» կենտրոնին։
Ն. Զուլոյանը նույնպես հավաստեց, որ ֆինանսավորումը երաշխավորված է եւ շինարարությունը կընթանա բնականոն հունով։ Կառուցումից հետո, շահագործման ժամանակ եւս էական դժվարություններ չեն լինի, քանզի միջազգային մի շարք բարեգործական կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար աջակցելու բուժսարքավորումներով եւ դեղորայքով։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները եւս փաստաթղթային ձեւակերպումներ են ստացել։
Բուժհամալիրին աջակցելու պայմանավորվածություն կա Բավարիայի Կարմիր խաչի արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունների բաժնի ղեկավար Զիգֆրիդ Հեթմանսպերգերի, Ֆլոտոյի Կարմիր խաչի նախագահ Հելմուտ Վեսսելի, Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Սփյուռք- Հայաստան» ընկերակցության նախագահ Շառլ Ձիրանյանի, Շվեյցարիայի Վաբեռն քաղաքի Կարմիր խաչի պատասխանատու Մարկ Բյոտլերի, Բելգիայում եւ Գերմանիայում «Ինտերկապի» ներկայացուցիչներ Գագիկ Դավթյանի ու Անտոն Մարտինի եւ ուրիշների հետ։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ