Երբ գիտնական այրերը դառնում են քաղաքական գործիչներ, վարում են գիտության զարգացման համար բավականին անօգուտ քաղաքականություն։ Ասվածի ապացույցը պետք չէ փնտրել հեռու-հեռվում, այլ հենց մեր իրականության մեջ, անկախ Հայաստանի առաջին իշխանավորների օրոք։ Խոսքն այս դեպքում նրանց որոշմամբ գիտական օջախների մոտ 70 տարի գործող բազային ֆինանսավորումից հրաժարվելու մասին է։ Դա փոխարինվեց թեմատիկ ֆինանսավորմամբ, որի արդյունավետությունը որոշելու համար նոր իշխանավորներից պահանջվեց չափից ավելի երկար ժամանակ, մինչեւ մեր գիտությունը կատարելապես ծերացավ։ Տարիներ էին պետք հաշվելու համար, որ թեմաների մեջ ընդգրկվածներին տրված աշխատավարձերն ուղղակի գերազանցում են բազային ֆինանսավորմամբ հաստիքային աշխատողներին տրվածներին, մանավանդ, որ թեմաներում հաճախ ընդգրկվում էին ծանոթ-խնամի-բարեկամ հիմունքներով։
Եվ այսպես, եկող տարվանից Հայաստանի գիտական բոլոր հիմնարկները կանցնեն նախկին բազային ֆինանսավորման, որն էապես կփոխի գիտական օջախների կարգավիճակը։ Այս առիթով զրուցեցի Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բանասիրության դոկտոր Արշակ Մադոյանի հետ։
«Շատ բանական որոշում է, որն ուժի մեջ կմտնի 2005 թվականից։ Մենք նորից կունենանք աշխատանքային նախկին 5 խմբերըՙ միջնադարագիտական, անվանագիտության, շարժումների լեզվի, հայագիտության պատմության եւ մշակութային կապերի ու թարգմանական։ Հատկապես վերջինը հետեւելու է ժամանակակից հայագիտության նորույթներին եւ դրանցից կարեւորագույնները ներկայացվելու է այլալեզու ընթերցողներինՙ հայ մշակույթի եւ գիտության նվաճումները քարոզելու նպատակով», ասաց նա։
Կենտրոնի հրատարակչական աշխատանքների մասին խոսելիս նա կարեւորեց անցյալ տարի լույս տեսած գերմանացի միսիոներ Էռնեստ Զոմերի «Ճշմարտությունը աշխարհամարտի ժամանակ Թուրքիայում հայ ժողովրդի կրած տառապանքների մասին» գրքույկը, որը երկար ժամանակ մոռացված է եղել։ «Վերջերս մի ընդգծված ադրբեջանամետ գերմանացի լրագրող էր եկել Հայաստան։ Ասացին, որ նա արհամարհանքով է խոսում բոլոր հայերի հետ։ Զոմերի գրքի գերմաներեն օրինակն անմիջապես պատճենեցի եւ ուղարկեցի նրան։ Հետո իմացա, որ գրքույկը կարդալուց հետո նրա վերաբերմունքը փոխվել է, դարձել բավականին ջերմ։ Մեր դեմ լարված եկավ, նոր մարդ դարձած գնաց», պատմեց պրն Մադոյանը։
Բանասիրության դոկտոր Երջանիկ Գեւորգյանի Հայոց շարժումների լեզվի բառարանը հրատարակվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջոցներով։ «Այս բառարանի մասին կարելի է ասել, որ գիտության մի նոր բնագավառ է, որովհետեւ շատ քիչ լեզուներ ունեն իրենց շարժումների բառարանը։ Այս գիրքը կարեւոր նորություն է ոչ միայն հայ իրականության, այլեւ ընդհանրապես լեզվաբանության համար, այս իմաստով կարեւոր նվաճում կարելի է համարել»։ Անցյալ տարի հրատարակված Էմմանուել Աթաջանյանի եւ Գեւորգ Մադոյանի «Հայ Երուսաղեմ» հայկական սրբավայրերի ուղեցույցն այս տարի Մոսկվայում արդեն 4 հազար տպաքանակով լույս է տեսել «Սլովա» հրատարակչությունում։ «Առաջիկայում պետպատվերով լույս կտեսնի «Ժուռնալ ազիատիկ» արեւելագիտական հանդեսի մոտ 80 տարիների հայագիտական նյութերի ծանոթագրված մատենագիտությունը, որից հետո 14-րդ դարի գերմանացի ճանապարհորդի ուղեգրությունը, որը շատ հետաքրքրական տեղեկություններ է պարունակում ինչպես մեր հարեւան երկրների, այնպես էլ Հայաստանի մասին», հավելեց նա։
Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը խորհրդային տարիներին բեղուն գործունեություն է ծավալել հայ մշակույթի պատմության, տարբեր երկրների հետ գրական կապերի հաստատման, թարգմանիչների պատրաստման եւ այլ ուղղություններով, իսկ հետխորհրդային շրջանում կատարված ֆինանսավորման փոփոխությունից հետո հայտնվել էր բավականին ծանր վիճակում, քանի որ զրկվելով նախկին 30¬ից ավելի հաստիքային աշխատողներից, ստիպված էր մեծ աշխատանք կատարել գիտահետազոտական թեմաներում ընդգրկված 15 գիտաշխատողներով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ