«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2004-03-23 | #51, 2004-03-24 | #52, 2004-03-25


ՆՈՐ ԿՐԹԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Մնում է կրթակարգի թերությունները շտկել

«Հայաստանում մարդկանց ամենից շատ մտահոգում է կրթության ոլորտը, եւ դա միանգամայն հասկանալի է, որովհետեւ կրթության ձգտումը հայ ժողովրդի ամենաուժեղ հատկանիշներից է, որն իբրեւ կարեւորագույն արժեք պահպանվել է նրա գոյության ողջ ընթացքում», երեկ ասաց Համաշխարհային բանկի լիազոր ներկայացուցիչ Ռոջեր Ռոբինսոնը ՙ «Կրթության որակի եւ համապատասխանեցման» վարկային ծրագրի առաջին փուլի համար հատկացված 19 մլն դոլարի պայմանագիրը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի հետ ստորագրելուց հետո։ Վարկային ծրագիրն, իհարկե, նշված գումարով չի սահմանափակվում. դրա ընդհանուր արժողությունը 52 մլն դոլար է, որը կտրվի 10 տարվա արտոնյալ եւ 40 տարվա մարման ժամկետով։ Մեր երկրին նման երկարաժամկետ վարկային ծրագիր շնորհելու պատճառը նա բացատրեց այն հանգամանքով, որ կրթական առաջին ծրագիրը գնահատվեց խիստ բավարար, որն ամենաբարձր գնահատականն էր։

Պրն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս բանակցություններ են տարվում վարկային նոր միջոցներ ստանալու համար, ինչը պարզ կլինի առաջիկա 2 ամիսներին։ Նա վստահաբար հայտնեց, որ կառավարությունն էլ իր հերթին տարեցտարի կավելացնի ներդրումները կրթության համակարգում։ Իսկ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը խոսեց կրթական բարեփոխումների փուլային ընթացքի մասին, որով առաջին հերթին նախատեսվում է հանրակրթության ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, տեխնոլոգիաների կիրառում, ուսուցիչների վերապատրաստում եւ այլն։

Հիշեցնենք, որ «Կրթության որակի եւ համապատասխանեցման» ծրագիրը բաղկացած է 4 մասիցՙ հանրակրթության պետական կրթակարգ եւ գնահատման համակարգ, կրթական տեխնոլոգիաներ, ուսուցիչների մասնագիտական կատարելագործում, համակարգի կառավարում եւ արդյունավետություն։ Առաջին եւ ամենակարեւոր մասըՙ կրթակարգը, հասարակության քննարկմանը ներկայացվելուց հետո արժանացել է բազում դիտողությունների, ընդ որում, խիստ էական, որոնց անտեսումը կամ մակերեսային դիտարկումը չափազանց վնասակար կլինի մեր կրթության համակարգի առանց այն էլ վտանգված վիճակի համար։ Սա մեկ այլ նյութի թեմա է, որին կանդրադառնանք առանձին։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4