«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2004-03-23 | #51, 2004-03-24 | #52, 2004-03-25


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՏ ՆԱՎԹ ՉԿԱ

Հինգ-վեց տարի հետո Ադրբեջանը կարող է կանգնել երկրի նավթային ոլորտում միջազգային կապիտալի ներգրավմանն առնչվող խնդիրների առջեւ, երեկվա համարում գրում է Բաքվի «Էխոն»ՙ վկայակոչելով ամերիկյան Բեյքեր ինստիտուտի մի անանուն փորձագետի։ «Իրաքցիներն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն արտասահմանյան ներդնողների հետ։ Բայց եթե նրանք համաձայնեն միջազգային ներդրումներին, այդ դեպքում ամեն ինչ փոխվելու է, իրաքյան նավթը հոսելու է միջազգային շուկաներ։ Անշուշտ, Իրաքի տնտեսական վերելքի համար ժամանակ է պետք։ Այդ պատճառով Ադրբեջանի համար 5 տարվա հանգստություն ապահովված է։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը կառուցվելու է», ասել է փորձագետը։ «Չպետք է մտածել, թե նավթի առումով Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարեւոր է։ Ուզում եմ ձեզ հիասթափեցնել, ձեր երկրում այնքան էլ շատ նավթ չկա», ասել է նա։

Օրերս, ըստ «Էխոյի», «Ռայմոնդ Ջեյմս եւ ընկերներ» ընկերության վերլուծաբան Ուէյն Էնդրյուսը նշել է, որ առնվազն մինչեւ 2008 թ. Կասպիցի նավթային պաշարները ԱՄՆ-ին չեն կարող անկախ պահել OPEC-ից։ Էնդրյուսը եկել է եզրակացության, ըստ որի մինչեւ 2008 թ. Կասպիցի նավթը կազմելու է համաշխարհային շուկայում նավթի պահանջների ընդամենը մեկ տոկոսը։ «Ավելի պարզ ասած, Կասպիցի պոտենցիալը շատ փոքր է, որպեսզի իրական նշանակություն ունենար նավթային շուկայի համար», ասել է նա։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կան 78 նավթի եւ գազի հանքեր, որից 54-ից հանվում են ածխաջրածիններ։ Այդ հանքերից 37-ը ցամաքում է, 17-ըՙ ծովում։ Պաշտոնական Բաքվի կանխատեսումներով 2009 թ. կլինի Ադրբեջանում նավթարդյունաբերության «պիկը»ՙ կարդյունահանվի 55 մլն տոննա նավթ։ Ըստ տարբեր կանխատեսումների, 25-30 տարի հետո Ադրբեջանում նավթ չի մնա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4