ՄՈՍԿՎԱ, 24 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մոտ ժամանակներս Ադրբեջանում կհայտնվեն ԱՄՆ-ի զինված ուժերի շարժական ստորաբաժանումներ։ Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվելու ընթացիկ շաբաթվա վերջին Վաշինգտոնում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»ՙ վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրներ։ Պարբերականի տեղեկություններով, այցի ընթացքում կհայտարարվի, որ Պենտագոնը զբաղվելու է ադրբեջանցի զինծառայողների ուսուցմամբ, ինչպես մինչ այդ Վրաստանում։ Դրանից բացի, շարունակում է թերթը, ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի ռազմական օդանավակայանների արդիականացմամբ եւ վերակառուցմամբ, որպեսզի այնտեղ տեղակայի ամենակարճ ժամկետում արագ արձագանքման ուժեր։ Նաեւ վերջնականապես կհամաձայնեցվեն Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության անհատական պայմանագրի բոլոր դրույթները, ինչը կարող է օգնել երկրին դաշինքի անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալ։