«ժամանակակից Թուրքիայի արեւելյան մասն Արեւմտյան Հայաստանն է, որը XVI-XVII դդ. թուրք-իրանական պատերազմների ընթացքում զավթվել է 1555-ի Ամասիայի եւ 1639-ի Կասր Է Շիրինի պայմանագրերով բռնակցվել Օսմանյան կայսրությանը» («Հայ սփյուռք» հանրագիտարան)։
Բոլոր ժամանակներին ու բոլոր ժողովուրդներին, այդ թվում նաեւ հայերին բնորոշ է եղել արտագաղթը հայրենիքից։ Երեւույթ, որ մեծ մասամբ պայմանավորված է երկրի տնտեսական, քաղաքական, կրոնական այլեւայլ գործոններով։ Հայերի արտագաղթը մեծ չափեր է ընդունել VII-XIV դդ. վաչկատուն ցեղերի ասպատակությունների պատճառով։ Հայերը գաղթում էին հիմնականում Ասորիք, Մերձավոր Արեւելք, Ղրիմ, Լեհաստան եւ հատկապես Կիլիկիա։ Հետագա դարերում հայերի արտագաղթը շարունակվեց եվրոպական երկրներ, Ամերիկա, Կանադա եւ այլն։ Սակայն բուն հայկական սփյուռքը ձեւավորվեց Օսմանյան կայսրության տարածքումՙ իր բնօրրանում 1915 թ. ցեղասպանության ենթարկված եւ եւ բռնի տեղահանված հայ ժողովրդի ցիրուցան բեկորներից։ Տարագիր հայության մի հատվածՙ եղեռնից մազապուրծ, հայտնվելով աշխարհի տարբեր անկյուններում, աստիճանաբար կազմավորեց իր ազգային կառույցները, հետագայում ձեւավորվելով իբրեւ ինքնուրույն համայնքներ։ Այսպես տարագիր հայությունը հայտնվեց սփյուռքահայ իրականության փաստի առաջ, իսկ այդ իրականությունը խորապես ճանաչել հայաստանյան հեռավորությունից բացառապես անհնար է, որովհետեւ դա մի անընդհատաբար փոփոխուն ու հարահոս օրգանիզմ էՙ չափից ավելի խայտաբղետ բարդ կառուցվածքով։ Սփյուռքի մասին համապարփակ տեղեկություններ ստանալը եւս անհնար էր, որովհետեւ չկային նման իրազեկող հրատարակություններ։ Եվ ահա, ի բարեբախտություն մեզ, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը մատուցում է անհրաժեշտ անակնկալըՙ ներկայացնելով «Հայ սփյուռք» ստվարածավալ հանրագիտարանը («Տիգրան Մեծ» հրատ. տպարան, 730 էջ, 3000 տպաքանակ), որն ընդգրկում է շուրջ 70 քարտեզ, 750 գունավոր եւ սեւ-սպիտակ պատկերազարդումներ։ Հանրագիտարանի աշխատանքները սկսվել են դեռեւս 1992-93 թթ. խմբագրական հանձնաժողովիՙ Հովհաննես Այվազյանի (գլխ. խմբագիր-տնօրեն), Կոնստանտին Խուդավերդյանի (նախկին գլխ. խմբագիր), Զավեն Եկավյանի, Արման Կիրակոսյանի, Էդուարդ Մելքոնյանի ջանքերով։ Հատորի պատասխանատու խմբագիրն է գլխ. խմբագրի տեղակալ Արամ Սարգսյանը։
Այստեղ տեղին է ընդգծել, որ Հայկական հանրագիտարանի խմբագրությունը կազմավորումից ի վեր այսօր ապրում է իր ամենադժվարին փուլը, երբ ավելի քան 30-ամյա գիտական-հրատարակչական, մշակութային օջախն անիրավորեն հայտնվել է ֆինանսական, շենքային եւ աշխատանքային դժվարին պայմաններում։ Հանրագիտարանի շենքը կառավարության որոշումով «Ինեկոբանկին» վաճառելուց հետո աշխատակազմը 3 տարի պայմանական ժամանակով զբաղեցնում է 600 քառ. մ տարածքՙ գտնվելով անորոշության մեջ, քանի որ պետական եւ ոչ մի ատյան առայժմ չի արտահայտում որեւէ վերաբերմունք կամ արձագանք։ Այսուհանդերձ, շրջանցելով նյութական եւ բարոյական վիրավորանքները, հանրագիտարանի աշխատակազմը կարողացել է իրականացնել այս կարեւորագույն հրատարակությունը։ Հայ սփյուռքի մասին համապարփակ պատկերացում տալուց զատ, հատորում ուրվագծվում է տարաշխարհիկ հայության կենսագրության մի կարեւոր հատվածՙ համայնքների ձեւավորումից, առաջին ներգաղթողներից սկսած մինչեւ ազգային-եկեղեցական կառույցների ձեւավորումըՙ ներառելով համայնքի փոփոխությունները զարգացման ողջ ընթացքում։ Նկատենք մի հանգամանք եւս. սփյուռքահայ մեր հայրենակիցներից, հասարակական, մշակութային գործիչներից շատերն այսօր տագնապում են սփյուռքի ճակատագրով, քանի որ XXI դարասկզբի աշխարհի գլոբալացման ու տեխնոկրատացման պայմաններում հայության ապագան օրըստօրե վտանգվում եւ ազգային ինքնությանը սպառնացող փորձություններին դիմակայելը գնալով դժվարանում է։ «Հայ սփյուռք» հանրագիտարանը դառնում է սփյուռքյան իրականության փաստացի վավերացումը եւ հայության մի ստվար զանգվածի պատմությունը։
Իր տեսակի մեջ եզակի եւ մեր իրականության մեջ աննախադեպ սույն հրատարակությունն առաջին փորձն էՙ ստեղծելու համապարփակ բնույթի մի հանրագիտարան 70 երկրների հայկական համայնքների մասին։ Այդ պատմությունը (այբբենական կարգով) սկսվում է ադրբեջանահայ համայնքից եւ ավարտվում ֆրանսահայ համայնքովՙ ներառելով պատմական ակնարկ հայերի սոցիալական կազմի, երկրի նշանավոր հայազգի գործիչների մասին, ներկայացվում են տվյալ երկրի համայնքներն ըստ քաղաքների կամ վարչատարածքային միավորների։ Ապա առանձին ենթավերնագրերով տրվում են եկեղեցական կառույցները, կրոնական համայնքները, կրթական, հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, մարզական, հայրենակցական միությունները. առանձին ենթաբաժիններովՙ գրականությունը, թատրոնը, կինոն, կերպարվեստը, երաժշտությունը, պարարվեստը, մամուլը եւ այլն։ 70 երկրների (Ֆրանսիա, Լիբանան, Բրազիլիա, Չիլի, Ճապոնիա, Իրան, Իրաք, Կիպրոս, Եգիպտոս, Դանիա, ԱՄՆ, Իտալիա, Լեհաստան, Թաիլանդ, Սիրիա, Նոր Զելանդիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Սինգապուր, Մալայզիա, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն) հայ համայնքներից յուրաքանչյուրը ներկայացված է նման կառուցվածքովՙ հեղինակված հայրենի եւ արտերկրի տվյալ ոլորտի լավագույն մասնագետների կողմից (Արամ Սարգսյան, Մարգարիտ Բաղդասարյան, Ամալյա Պետրոսյան, Մուշեղ Մավիսակալյան, Գեղամ Բադալյան, Նաիրա Խլղաթյան, Քնարիկ Ավագյան, Հովհաննես Փահլեւանյանՙ Հայաստան, Ռուբինա Փիրումյանՙ ԱՄՆ, Արա Սանջյանՙ Լիբանան, Նատյա Ռայթՙ Ավստրալիա եւ ուրիշներ)։
Իբրեւ օրինակ վերցնենք իտալահայ համայնքը (հեղինակՙ Լեւոն Զեքիյան), ուր հայերի թիվը շուրջ 3000 է։ Հայերի բնակության սկիզբն այստեղ փաստված է դեռ հռոմեական շրջանից։ Հայկական եկեղեցին Իտալիայում գործում է դեռեւս միջնադարից։ XIII-XIV դդ. հիշատակվում էին շուրջ 40 հայկական եկեղեցի ու մենաստան, որոնցից այսօր հայերին է պատկանում միայն Վենետիկի Սբ. Խաչ եկեղեցինՙ փոխանցված 1717 թ. Սբ. Ղազար կղզում հաստատված Մխիթարյան միաբանությանը։ Իտալահայ համայնքում դպրոցներ հիմնել է Մխիթարյան միաբանությունը։ Առաջին վարժարանը բացել է Մխիթար Սեբաստացինՙ 1732 թ.։ Հայտնի են Մուրադ-Ռափայելյան եւ Լեւոնյան հայ վարժարանները։ Ապա ներկայացվում է հասարակական-քաղաքական կյանքըՙ Իտալիայի հայ մշակութային միություն, Իտալիայի հայ դատի հանձնախումբ, Պո-Արաքս մշակութային ընկերակցություն եւ այլն։ Առանձին տրվում են մշակույթը եւ գիտությունըՙ Ամբրոսյան գրադարան, Վենետիկի Մխիթարյան միաբանություն, Վենետիկի մատենադարան, ապա տպագրությունը եւ մամուլըՙ 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի տպագրած «Ուրբաթագիրքը» սկիզբ է դնում հայ տպագրությանը։ Իտալիայում ծաղկում է ապրում նաեւ հայ պարբերական մամուլը («Բազմավէպ», «Եղանակ բիւզանդական», «Հայ հանդէս», «Մխիթարեան ընտանիք», «Դիտակ բիւզանդական»)։
Հանրագիտարանի վերջինՙ «Կազմակերպություններ» բաժինը ներկայացնում է համասփյուռքյան հասարակական, մշակութային, բարեգործական, հայրենակցական կազմակերպություններըՙ Եվրոպայի հայկական միությունների ֆորում, Թեքեյան մշակութային միություն, Հայ դատի հանձնախումբ, ՀՕՄ, ՀՕՖ, ՀՕԿ, ՀԲԸՄ, Հովարդ Կարագյոզյան հաստատություն, ՌԱԿ, ՀՅԴ, ՍԴՀԿ եւ այլն։ Ներկայացված է Հայաստանյայց առաքելական եկեղեցինՙ սփյուռքյան իր թեմական կառույցներով։
Համայնքների հասարակական, մշակութային, կրոնական ժողովրդագրական պատկերն ամբողջացնելու, հատկապես թվական տվյալները ճշգրտելու համար կատարվել են համադրման, համեմատական լուրջ աշխատանքներ։ Հատկապես բարդություն են ներկայացրել 1990-ական թվականներից հետո Հայաստանից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա, ԱՄՆ եւ Կանադա սկսված զանգվածային արտագաղթի հետեւանքով սփյուռքահայ համայնքներում կատարված ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունները։ Փաստերն արձանագրվել են այլազան աղբյուրներիցՙ համայնքներից, հայտնի մտավորականներից, դեսպանատներից, թեմական առաջնորդներից. տրված տեղեկանքները հանգամանորեն ճշգրտվել, համադրվել են, մշակվել եւ օգտագործվել են նաեւ Հայաստանում եղած համապատասխան ուսումնասիրությունները։ Ըստ «Հայ սփյուռք» հանրագիտարանի պատասխանատու խմբագիր Արամ Սարգսյանի, «Հանրագիտարանի ձեռնարկումը բավականին պատասխանատու եւ համարձակ քայլ է, որովհետեւ ասպարեզում չեն եղել շատ համայնքների վերաբերյալ ամբողջական գիտական ուսումնասիրություններ, համապատասխան արխիվային նյութեր։ Չեմ թաքցնում, որ թերահավատություն կար այս գործի նկատմամբ, բայց, կարծում եմ, մենք պատվով ենք դուրս եկել եւ կարողացել ենք հաղթահարել նյութի դժվարություններըՙ տվյալ ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ։ Իբրեւ առաջին նմանաբնույթ փորձ հանրագիտարանը չի կարող զերծ լինել թերություններից եւ բացթողումներից։ Հետագայում ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն, կմշակվեն, կլրացվեն ու կընդգրկվեն մեր հետագա հրատարակություններում (ռուսերեն, անգլերեն)»։
«Հայ սփյուռք» հանրագիտարանն անկասկած կնպաստի նաեւ հայագիտության սակավ ուսումնասիրված ճյուղերից մեկիՙ սփյուռքագիտության զարգացմանըՙ նրանով զբաղվողների համար դառնալով լրջագույն ուսումնասիրության հիմնագիտելիք։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ