«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2004-03-30 | #56, 2004-03-31 | #57, 2004-04-01


ՊՐՈՖ. ԱԲԱՂՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԱՏՈՄԱՅԻՆ ԵՐԿԻՐ

Մեր ժամանակներում աշխարհում իսկական պայքար, պատերազմ է մղվում էներգետիկ պաշարների համար։ Այդ ֆոնի վրա ինչպե՞ս է զարգանում ատոմային էներգետիկան։ Մեծանո՞ւմ է ուշադրությունը դրա նկատմամբ։ Այս եւ մի շարք այլ հրատապ հարցերին պատասխանում է Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Ռոսատոմէներգո» կոնցեռնի փոխնախագահ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արմեն Արտավազդի Աբաղյանը։

¬ Որ աշխարհում իսկապես անողոք պայքար է ծավալվել նավթի համար, փաստ է, ասում է պրոֆ. Աբաղյանը։ Այդ նավթը (գազի ու ածուխի հետ մեկտեղ) առայժմ գոյություն ունի մեծ քանակությամբ եւ շարունակում է մնալ որպես էներգիայի մատչելի աղբյուր։ Ուստի չի կարելի ասել, թե այդ ֆոնի վրա ատոմային էներգետիկան բուռն զարգացում է ապրում։ Այսօր այն տարբեր երկրներում տարբեր չափով է զարգանում. Չինաստանում, Հնդկաստանում, Կորեայում, Ճապոնիայումՙ ինտենսիվորեն, Ռուսաստանումՙ չափավոր, Եվրոպան առայժմ սպասումների մեջ է։ Սակայն ատոմային էներգետիկայի դերը անպայման կաճի, դրանում կասկած չկա, քանզի օրգանական պաշարները սպառելի են։ Ցավոք, մարդկային բնավորությունն անփոփոխ է, ինչպես ասում ենՙ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում... Ընդսմին պետք չէ հեռուն գնալ։ Չեմ կարծում, թե Հայաստանում մոռացել են 90-ական թվականների սկզբի ծանր ժամանակները։ Մարդիկ, որոնք չմտածելով հետեւանքների մասին, անխոհեմ կերպով փակեցին ատոմակայանը, ստիպված եղան տնտեսական, բնապահպանական եւ կենցաղային բազմաբարդ խնդիրների ճնշման տակ վերաբացել հիրավի կենարար օբյեկտը։ Ահա եւ նավթի ու գազի պաշարների սպառման մոտեցման հետ մեկտեղ անտարակույս կմեծանա ուշադրությունն ատոմային էներգետիկայի նկատմամբ։

- Բայց չէ՞ որ ուրանի պաշարներն էլ են սահմանափակ։

- Ոչ այդպես։ Ներկա ատոմային էներգետիկան հիմնականում աշխատում է ուրան-235-ի տրոհման վրա, իսկ դա բնական խառնուրդում կազմում է սոսկ 0,7 տոկոսը, մնացածը բաժին է ընկնում ուրան-238-ին։ Ահա եւ, երբ հստակ խոսում են ուրանի պաշարների սահմանափակության մասին, նկատի ունեն այսպես կոչված ջերմային նեյտրոններով ռեակտորները, որոնք օգտագործում են ուրան-235։ Իսկ եթե մենք անցնենք արագ նեյտրոններով աշխատող ռեակտորների, որոնք ընդունակ են ուրան-238-ը վերածելու տրոհվող պլուտոնիում-239-ի, ապա ատոմային էներգետիկան մենք հումքով կապահովենք հազար տարի։ Իսկ դա իրագործելի խնդիր է։

- Իսկ ջերմամիջուկային էներգիայի օգտագործո՞ւմը։

- Այս հարցում իմ լավատեսությունը սահմանափակ է։ Կարծում եմ, դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ։

- Ռուսաստանում շատ են գրում ու վիճաբանում թափոնների, հատկապես ուրիշների, թաղման մասին։ Մի կողմից ասում են, թե դա խիստ շահութաբեր գործ է ֆինանսական տեսակետից, մյուս կողմից էլ, իբր, բնապահպանական մեծ վտանգ է։ Ի՞նչ կասեք։

¬ Թափոնների թաղումը իրոք լուրջ գործ է, բայց տեխնիկապես միանգամայն լուծելի է։ Ներկայումս մշակված են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք լրիվ ապահովում են օգտագործված հումքի մեկուսացումը։ Մնացած բոլոր խոսակցությունները սոսկ ամեն կարգի սպեկուլյացիաներ են, որոնց անդրադառնալը պարզապես անիմաստ է։

- Այդ դեպքում խոսենք Հայաստանի էներգետիկայի մասին։ Դուք միշտ եղել եք մեր հայրենիքում ատոմային էներգետիկայի զարգացման համոզված կողմնակից, մեծ ծառայություններ ունեք այդ ասպարեզում։ Ոչինչ չի՞ փոխվել Ձեր դիրքորոշման մեջ։

- Ոչ։ Ես իրոք համարել եւ համարում եմ, որ ատոմայինը պետք է լինի հանրապետության էներգետիկայի հիմքը եւ պետք է գտնվի ամենամեծ հոգածության ներքո։ Ես շատ անգամ եմ ասել, որ անհրաժեշտ է ելնել անողոք իրողություններիցՙ Հայաստանը չունի նավթ, գազ, ածուխ, կրում է տրանսպորտային հսկայական դժվարություններ։ Ուստի Հայաստանը պետք է դառնա ատոմային երկիր, ինչպես, օրինակ, Ճապոնիան։ Հայաստանի ԱԷԿ-ի ներկայումս գործող երկրորդ բլոկը կարող է անխափան աշխատել մինչեւ 2031 թվականը։

- Բայց չէ՞ որ գոյություն ունի փակելու արտաքին ճնշում։

- Դե դա արդեն քաղաքականություն է, որը, ինչպես հայտնի է, ճշգրիտ գիտություն չէ, հետեւաբար եւ իմ բնագավառը չէ։ Ես ելնում եմ գիտական, տեխնիկական եւ բնապահպանական նկատառումներից։

- Ի՞նչ կասեք ատոմակայանի առաջին բլոկի վերակառուցման մասին։

¬ Ժամանակն անցնում է, եւ դրա վերականգնումը կպահանջի ավելի ու ավելի մեծ միջոցներ, որ Հայաստանը չունի։ Պետք էր անել ժամանակին, թեեւ հիմա էլ ամեն ինչ կորած չէ։

- Ռուսաստանը ձեռք է բերել Հայաստանի հիմնական էներգետիկ օբյեկտները, իսկ «ՌԱՕ ԵԷՍ»-ը համարվում է Հայաստանի ԱԷԿ-ի կառավարիչ ընկերությունը։ Թե դա ինչ է նշանակում, ես չգիտեմ։ Բայց կուզենայի հարցնելՙ եթե Ռուսաստանը դառնա կայանի հիմնական «բաժնետերը», կփոխվի՞, ասենք, Եվրամիության խոսակցության տոնը։ Ինչ էլ որ լինի, Ռուսաստանը մեր փոքրիկ Հայաստանը չէ։

- Ամեն ինչ կարող է պատահել։ Առայժմ ես էլ առանձնապես իրազեկված չեմ ատոմակայանի կառավարման քաղաքական-իրավական նրբությունների հարցում։ Ապրիլին Երեւանում հանդիպում է նախատեսված Հայաստանի նախագահի հետՙ միջուկային անվտանգության խորհրդի շրջանակներում։ Դրանից հետո պատկերը երեւի պարզ կդառնա։

Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4