«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2004-03-31 | #57, 2004-04-01 | #58, 2004-04-02


ԹԱՏՐՈՆՆ ԱՐԴԵՆ ԱՊՐՈՒՄ Է, ՆՐԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸՙ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ

«Այսօր մեծ հետաքրքրություն կա թատրոնի հանդեպ, կա նաեւ մեծ հոսք դեպի թատրոն, իսկ դա նշանակում է, որ մեր երկիրն իրոք փոխվում է։ Երկիրը փոխելու գործում դուք մեծ ավանդ ունեք։ Արվեստն այն ոլորտն է, որտեղ հնարավոր չէ պարգեւ տալ մեկին, ում ժողովուրդը չի ճանաչում, ով այդ պարգեւը չի վաստակել իր կենսագրությամբ ու աշխատանքով։ Ձեր կոչումները ձեր աշխատանքի արդյունքներն են։

Անշուշտ, դեռեւս կան մշակութային օջախներ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Կփորձենք դա անել ե՛ւ բյուջեի, ե՛ւ նոր բարերարների միջոցներով, որպեսզի մեր բոլոր մշակութային օջախները լինեն բարձր մակարդակի», Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած թատերական արվեստի գործիչներին երեկ պատվոգրեր հանձնելուց հետո ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նա հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի ժողովրդական արտիստի կոչման արժանացան Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ժաննա Գալստյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Արմեն Սանթրոսյանը, Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ժենյա Ավետիսյանը։

Վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, դերասան Ֆրեդերիկ Դավթյանին, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Հարությունյանին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Կարեն Ջանիբեկյանին եւ Տիգրան Ներսիսյանին։

Արվեստի վաստակավոր գործիչներ կոչվեցին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ռուբեն Բաբայանը, Երեւանի «Համազգային» պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը։ Մշակույթի վաստակավոր գործիչ դարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։

«Թատրոնը իմ սերերի սերն է, իմ կուսակցությունը, ուրեմն պիտի շարունակեմ նույն նվիրումով աշխատել։ Կկամենայի, որ նախագահը կոչումներ շնորհեր նաեւ երիտասարդ դերասաններին, որպեսզի նրանք ժամանակ ունենան այդ կոչումները վայելելու», լրագրողների հետ զրուցելիս ասաց պրն Ղազանչյանը։

Անչափ հուզված էր Ժենյա Ավետիսյանը. «Շնորհակալ եմ, որ վերջապես գնահատվեց իմ տարիների վաստակը։ Շատ կուզենայի, որ այսօր կողքիս լիներ Յուրի Ամիրյանը, ու նա էլ արժանանար պատվավոր կոչման։ Ցավոք գնաց առանց արժանանալու»։

Կարեն Ջանիբեկյանի համար անսպասելի է եղել կոչում ստանալու մասին լուրը, քանի որ արդեն հույսը կորցրել էր. «Համակարգչի առաջ նստած խաղ էի խաղում, զանգեցին ասացին, վաստակավոր արտիստի կոչում ես ստացել»։ Իր քաղաքականությունից հրաժարվելը նա բացատրեց հետեւյալ խոսքերով.

«Քաղաքականության մեջ ոչնչանում են մարդկային հարաբերությունները, բոլոր սրբությունները։ Ես այն մարդն եմ, որ չեմ կարող դավաճանել ինքս ինձ։ Դրա համար էլ հեռացա եւ որոշեցի այլեւս երբեք չմտնել քաղաքականության մեջ»։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4