Ապրիլմեկյան ծիծաղի օրվան նվիրված եւ արդեն ավանդույթ դարձած ցուցահանդես էր կազմակերպվել երեկ նկարիչների միության սրահումՙ «Ո՛չ տեռորին» ընդհանուր խորագրով։ Այս մոտեցումը տարբեր ձեւերով էր արտահայտված, թեեւ իշխողը քաղաքական սատիրան էր։
Դիտողի աչքը երգիծանքի մեջ փնտրում է սուր, անխնա քննադատություն եւ մեր իրականությունը ոչ միայն պարտադրում, այլեւ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որովհետեւ մեր այսօրվա իրականությունը եւ հարաբերությունները միայն երգիծանքի են արժանի։ Երգիծանքը կյանքի հայելանման անդրադարձն է, որն ունի նաեւ սթափեցնող նշանակություն։ Եվ կյանքը երգիծանկարչի աչքի առաջ բացվում է միանգամայն ուրույն գույներով։ Ցուցահանդեսի աշխատանքները ծիծաղի փոխարեն ավելի շատ դառը հեգնանք էին առաջացնումՙ բավականին մռայլ նոտաներով, սակայն զերծ չէր դիտավորություններից։ Սրահում մեծադիր պաստառինՙ «Մենք դեմ ենք տեռորին» վերտառությամբ, ստորագրությունները ցուցահանդեսի ընթացքում ավելանում էին։ Մարդկությունն այսօր հայտնված է ամենաբազմազան որոգայթներում, որոնցից ամենատագնապեցնողն ահաբեկչության ակտն է։
Ժամանակակից մարդը հայտնված է ահաբեկչության ճիրաններում եւ անպաշտպան է ամեն առումով։ 21-րդ դարում հրազենային տեռորին լրացնելու են եկել էներգետիկ (dark), իշխանական (royal), խոսքի (oral), ջրային (aqur) տեռորները։ Սա էր թերեւս երգիծանկարիչ Տոտոյի (Սուքիաս Թորոսյան) ներկայացրած աշխատանքների տրամաբանությունը։ Ըստ որի, տեռորը մտել է մեր կյանք ամենալայն ասպեկտներով։
Ակնհայտ քաղաքական ուղղվածությամբ երգիծանկարիչ Արզոյի աշխատանքներում արտահայտված էր այսօրվա հայ իրականությունըՙ անթաքույց մերկությամբ։ Եթե դիտեք այդ աշխատանքներըՙ կհասկանաք, թե ինչպես է կատարվում ականազերծումը հայկական ձեւով, ինչ է օրինաստեղծ աշխատանքը, եւ ինչպես է իրականանում ժողովրդավարությունը. այստեղ տիրապետողը բռնի ուժն է, մետաղե ահաբեկիչը։ Ահավասիկՙ քարտեզատեսք Հայաստանը, իբրեւ փակ ճամպրուկ, արնագույն կացնի գերիշխանությամբՙ սա «Հոկտեմբերի 27» շարքից է, օրինականությունը ներկայացնում է լպրծուն դիմակը («Օրինաստեղծ աշխատանք»), մարդկային անհոգությունը, ժպիտը ակնթարթում վերածվում են ողբերգության («Սեպտեմբեր 11») եւ այլն։
Գեորգի Յարալյանը հեքիաթների եւ առակների (Ավ. Իսահակյան «Էշն ու գյուղացին», Հովհ. Թումանյան «Սուտլիկ որսկանը», «Չարի վերջը», Վ. Այգեկցի «Իշխանը եւ այրի կինը») ալեգորիկ լեզվով է երգիծում մարդկային արատները, տիրապետող սուտը, կեղծիքը, տգիտությունը եւ այլն։
Ուշագրավ էին Վլադիմիր Աբրոյանի նկարները. ինքնատիպ, ակտիվ գունային լուծումներով եւ աշխուժությամբ աչքի էին ընկնում Ագնեսա Ավագյանի գործերը։
Ընդհանուր կարծիք կար, թե այս ցուցահանդեսում իշխում էր զսպվածությունը, որ հեգնանք ու ժպիտ էր առաջացնում, բայց ոչ լիաթոք ծիծաղ։ Ծիծաղը հետզհետե պակասում է մեր կյանքում, նույնիսկ այսպիսի դեպքերում։
Մ. Բ.