«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ԲՈՂՈՔԻ ԵՐԹՆ ԱՆՑԱՎ ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԽԱՂԱՂ, ԱՌԱՆՑ ԱՐՏԱՌՈՑ ՄԻՋԱԴԵՊԻ

Մինչ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Թատերական հրապարակում երեկ մի քանի երեխա բարակ մաղող անձրեւի տակ կավճանկարի մրցույթի էին մասնակցում, մի քանիսն էլ երաժշտական կատարումներով հանդես գալիս, Գրիգոր Լուսավորչի փողոցից սկիզբ առավ Ա1+ հեռուստաընկերության փակման կապակցությամբ բողոքի երթը, որն ավարտվեց Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքով։ Կավճանկարին մասնակցելու եկած մի խումբ երեխաներ էլ հարթակի ներքեւում կանգնած ավտոբուսի մեջ սպասում էին հանրահավաքի ավարտին, ափսոսելով, որ քաղաքապետարանն այս անգամ շատ է շտապել, որովհետեւ այդօրինակ միջոցառումները սովորաբար կազմակերպվում են երեխաների պաշտպանության օրըՙ հունիսի 1-ին, երբ վերջանում են դասերը, իսկ եղանակն էլ տաք է ու հաճելի։

Ինչեւէ, բողոքի երթն անցավ խաղաղ, առանց որեւէ արտառոց միջադեպի, ինչպես նախապես խոստացել էին կազմակերպիչները։ Երթը նրանց համար ընդամենը միջոց էր ապացուցելու, որ Հայաստանում պետք է լինի խոսքի ազատություն, եւ ոչ մի բռնի ուժ կամ հանձնաժողով իրավասու չէ կամայական որոշումներով որեւէ լրատվամիջոց փակելու։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ այլք։

Նրանց խոսքով, Ա1+-ի փակումից հետո հեռուստատեսային դաշտը դատարկվեց ու լցվեց լոտոներովՙ հասարակությանը զրկելով խոսքի ազատությունից (հետաքրքրական է, գործելու դեպքում Ա 1+¬ը մերժելու՞ էր լոտոների գովազդը)։ Ու թեպետ հեռուստաընկերությունը վերստին եթեր վերադառնալու համար մասնակցեց հայտարարված բոլոր 8 մրցույթներին, հաջողության չհասավ, որովհետեւ Ամալյանի ղեկավարած հանձնաժողովն ամեն ինչ արեց խոսքի ազատություն թույլ չտալու համար։

Հանրահավաքի եզրափակիչ խոսքը տրվեց Ավետիք Իշխանյանին, որի գնահատմամբ իշխանություններն ամենից շատ վախենում են ազատ խոսքից, որովհետեւ դա մարդկանց մտածելու տեղիք է տալիսՙ հասկանալու մեր իրականության ամբողջական պատկերը։

Հանրահավաքի մասնակիցները միաբերան հայտարարեցին, որ Ա1+¬ը վերաբացվելու էՙ անկախ քաղաքական փոփոխություններից, դրա համար կօգտագործվեն բոլոր օրինական ճանապարհները, քանի որ դա պայքար է ոչ թե անձի պաշտպանության համար, այլ անընդունելի երեւույթի դեմ։

«Եթե հասարակությանն այսօր հաջողվի բացել Ա1+-ը, ապա որեւէ նոր իշխանություն այլեւս չի համարձակվի փակել, օրինակ, «Հայոց աշխարհը», ասաց Ավետիք Իշխանյանը։

Պահանջվեց լուծարել հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, իսկ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանից պահանջեցին մեկ շաբաթվա ընթացքում լուծել Ա1+-ին ազատ հաճախականություն տրամադրելու հարցը։ Հենց նրա պատասխանն էլ կհուշի հետագա քայլերը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4