«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2004-04-01 | #58, 2004-04-02 | #59, 2004-04-03


ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ԵՆ ՄԵՐ ՍՈՂԱՆՔՆԵՐԸ

Դարձյալ միայն տեսություն

Երեկ «Արմենիա» հյուրանոցի «Էրատո» սրահում մեկնարկեց սողանքային աղետների կառավարման ծրագիրը, որ Հայաստանում մտադիր է իրականացնել ճապոնական կառավարությունը։ Ճապոնական ֆիրմաներն արդեն Երեւանում են։ Այս առթիվ բանակցություններ ձեռնարկվել էին դեռ անցած տարի, նախորդ նախարարի օրոք։ Հիշեցնենք, որ 15 տարի շարունակ հանրապետությունում որեւէ միջոցառում չի իրականացվել սողանքների ամրացման, դրանց իրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար։ Եվ սա առաջին միջազգային լայնածավալ օժանդակությունն է լինելու։

Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում շուրջ 400 հազար մարդ բնակվում է սողանքային գոտիներում։ Մեր հողն ուղղակի վարակված է սողանքներով։ Դրանք ընդգրկում են 700 քառ. կմ տարածք, 1500 կմ ճանապարհ կառուցվել է սահող բնահողի վրա։ Սպիտակի երկրաշարժը սողանքային 15 նոր օջախներ արթնացրեց, դրանց աշխուժացման ու ծավալների աննախադեպ ընդլայնմանը նպաստեցին ու շարունակում են նպաստել տեխնածին ազդեցություններըՙ քաղաքաշինական, էկոլոգիական նորմատիվների խախտումները, ինժեներական կոմունիկացիաների սխալ տեղադրումները։

Ճապոնացիները իրենց հետազոտությունը կանցկացնեն 3 փուլերովՙ ահավասիկ. այս տարվա մարտից մինչեւ հոկտեմբեր կկատարվի այսպես ասած բազային ուսումնասիրություն։ Հանրապետության 7 մարզերում շտապ միջոցառումներ պահանջող սողանքային 31 գոտի է ընտրվել, որոնց հետազոտման վրա կկազմվի տվյալների բազան։

Երկրորդ փուլում նախատեսվում է «սողանքային աղետի կառավարման գլխավոր ծրագրի նախապատրաստում։ Դա էլ կձգվի մինչեւ 2005 թվականի դեկտեմբերը։ Երրորդ փուլում կիրականացվեն «պիլոտային» ծրագրեր, հետո ճապոնացիները տեխնիկական հմտություններ կուսուցանեն հայ մասնագետներին, սեմինարներ կանցկացնեն, կսովորեցնեն օգտվել իրենց բերած տեխնոլոգիաներից։ Կստեղծվեն սողանքների մոնիտորինգի համակարգ, տվյալների բանկ։

Թե այս ամենի համար ճապոնական կառավարությունը ինչ չափի դրամաշնորհ է տրամադրել, այդպես էլ չհաջողվեց պարզել։ Ոչ հայ, ոչ ճապոնացի մասնագետներն այդ մասին հստակ պատասխան չտվեցին։ Այնուամենայնիվ, ենթադրելի է, որ երկամյա ծրագիրը պատկառելի գումարներ է կլանելու։

Որքան էլ տեղին է ճապոնացիների դրամաշնորհային օգնությունը, այնուամենայնիվ, գլխավորապես ծանոթության ու ուսումնասիրությունների առաքելություն ունի։ Միակ առարկայական օգնությունը, որ այսօր նկատելի է, այն է, որ իրենց բերած սարքերն ու սարքավորումները ճապոնացիները կթողնեն Հայաստանում։ Իհարկե, ծրագրի շրջանակներում Հայաստանի 3 սողանքային գոտիներում կկատարվի նաեւ համալիր ինժեներական հետազոտություն, եւ դրանց հիման վրա կմշակվեն ինժեներապաշտպանական միջոցառումների նախագծեր։ Բայց միայն այդքանը։

Անհետաձգելի միջամտություն պահանջող տարածքներում ամենեւին էլ սողանքների բուժման շտապ միջոցառումներ չեն իրականացվի։ Ճապոնացիներն իրենց հետազոտությունները կավարտեն 2 տարի անց։ Եվ միայն այդ ժամանակ «...կմշակվի սողանքային աղետից պաշտպանվելու գլխավոր ծրագիր, որը թույլ կտա հետագայում դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ դոնոր երկրներինՙ կրկին դրամաշնորհ կամ արտոնյալ վարկեր ստանալու համար»։ Մի խոսքով, սկզբից եւեթ ակնհայտ է նոր ծրագրի անարդյունավետությունը անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու առումով։

Գրեթե ամեն տարի գարնանային ու աշնանային անձրեւներից հետո հեղեղումներ են լինում, որոնց կարճ ժամանակ անց հետեւում են սողանքներն ու փլուզումները։ Հիշենք արդեն 3 տարի պարբերաբար կրկնվող աղետը Հաղարծինում։ Դիլիջանում ամբողջական թաղամասեր կառուցվել են սողանքների վրա, «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված ճանապարհային բազում հատվածներ քարուքանդ եղան, որովհետեւ սողանքին կից էին կամ դրա վրա։

Ընդամենը 2 օր առաջ Երեւանում, գաջի գործարանի բաց հանքում դարձյալ հողի սողքի հետեւանքով զոհվեց հանքի գլխավոր ինժեները։ Մի խոսքով, բնական աղետի այս տեսակը Հայաստանում շատ է աշխուժացել։ Հաշվարկվել է, որ միայն սողանքային երեւույթներից հանրապետության տնտեսությանը հասցված վնասը ամեն տարի կազմում է 10 մլն դոլար։

Բնական աղետների դեմ պայքարի արդյունավետ տեխնոլոգիաների մշակման ասպարեզում ճապոնացիներն անմրցակից են։ Տարերային աղետների «տեսականին» այստեղ անհամեմատ բազմազան է։ Այսինքն, իրապես նրանք մեծ օժանդակություն կարող են ցույց տալ Հայաստանին։

Ճապոնացիներն ասում ենՙ առանց ախտորոշման մենք չենք կարող հիվանդությունը բուժել, նախ պիտի ուսումնասիրենք։ Միանգամայն ճիշտ է։ Բայց հսկայաքանակ ծախսերով համալիր այդ հետազոտություններն ու տվյալների բազան մեր ինչի՞ն են պետք, եթե անհետաձգելի միջամտության կարիք զգացող սողանքային տեղանքները, որոնց մեծ մասը քաջ հայտնի է մեր գիտնականներին, այդպես էլ մնալու են։ Եթե ուսումնասիրություններից հետո կամ ընթացքում սողանքի ամրացման կամ թեկուզ մեկ հատվածի բուժման աշխատանքներ չեն իրականացվի։

Գիտնականները օդի ջերմաստիճանի ամենամյա շարունակական բարձրացումներ են կանխատեսում նաեւ Հայաստանում։ Հեղեղումներն ավելի ենթադրելի են դառնում, սողանքների առավել ակտիվացումնՙ առավել եւս։

Հակասողանքային օժանդակությունն ավելի խելամիտ կարող էր կազմակերպվել։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4