«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2004-04-02 | #59, 2004-04-03 | #60, 2004-04-06


ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Օրեցօր սրվող առճակատումից առաջ

Երեկ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հրապարակեց իր հայտարարությունը։ Օրեցօր սրվող առճակատումը մեղմացնելու, բախումների ռիսկ բովանդակող գործողությունները բացառելու համար կուսակցության կոչը թերեւս կարելի է բավական ուշացած համարել, քանի որ արդեն 3 օր ներքաղաքական իրադարձությունները հասել են վտանգավոր սահմանագծի։

Գրեթե զանգվածային բնույթ են ստացել ձերբակալությունները, կալանվում են ընդդիմության ակտիվիստները, դաժան ծեծի է ենթարկվել ՀԺԿ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արամայիս Բարսեղյանը, նախորդ գիշեր ձերբակալվել է «Հանրապետություն» կուսակցության մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը։ Լուրեր են շրջում, որ որոշ մարզերում փակվել են Երեւան բերող երթուղիները, որպեսզի բնակչությունը չկարողանա մասնակցել երեկվա հանրահավաքին։

«Այսօր կանգնած ենք հնարավոր առճակատումը բացառելու հրամայականի առջեւ, որի լավագույն եղանակը քաղաքական համաձայնության հասնելն է։ Համաձայնության հիմքը պետք է դառնան ժողովրդի կենսական հիմնախնդիրները միասնաբար լուծելու գիտակցումն ու պատրաստակամությունը», ասված է հայտարարության մեջ։ Դարձյալ իբրեւ հնարավոր երկխոսության իրավական հիմք հռչակվեցին սահմանադրությունն ու գործող օրենքները, հանգամանք, որ 2 կողմից էլ լայնորեն օգտագործվում է։

Հայտարարությունը ներկայացնող Արմեն Ռուստամյանը հավատացրեց, որ այն սոսկ պարզ, մերկ կոչ չէ, որ համաձայնության հասնելու կոնկրետ մեխանիզմ է առաջարկում։ Իբրեւ քաղաքական կոմպրոմիսի առարկա դաշնակցությունն առաջարկում է «երկրի ու ժողովրդի կյանքում իրական ու երաշխավորված փոփոխություններ ապահովելու նպատակադրումը, այն էՙ միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող ընտրական համակարգի ձեւավորում, սահմանադրական բարեփոխումներ, դարձյալ լիարժեք պայքար կոռուպցիայի, կլանների ու ստվերային տնտեսության դեմ»։ Երկիրը բարեփոխող խնդիրների ցանկում գլխավոր ակնկալիքը բախման կանխումն է։ Դաշնակցությունն առաջնահերթ հիմնախնդիրների լուծման մեջ ակտիվ մասնակցության հրավեր է անում ընդդիմությանը, խոստովանելով հանդերձ, որ առ այսօր նրա չափաբաժինն այնտեղ փոքր է եղել եւ փաստորեն դուրս է մղվել այդ բոլոր գործընթացներից։ Հենց դրանով էլ բացատրում են հակամարտության սրման բարձր աստիճանը։ Այդ նպատակին դաշնակցությունը պատրաստ է զոհաբերել նույնիսկ իր նախարարական պորտֆելները. «Մի քանի պորտֆելն ինչ է, որ չհրաժարվենք, ցանկացած քաղաքական ուժ պիտի ունենա այդ պատրաստակամությունը»։

«Երկխոսության ու քաղաքական համաձայնության կայացման պատասխանատուն պետք է լինի քաղաքական կոալիցիան», նշում է դաշնակցության հրապարակային կոչը։ Երկու կողմերն էլ կամավոր փոխզիջումների պիտի գնան։ Հետագայում, միեւնույն է, մեկնումեկը գնալու է փոխզիջումների, բայց այս անգամՙ պարտադրված։

Քաղաքական երկխոսության հավանականությունն ի սկզբանե կարելի է կասկածելի համարել, եթե նկատի առնենք, որ հայտարարության տեքստը եւ բովանդակությունը դաշնակցությունը նույնիսկ չի քննարկել կոալիցիայի մյուս ուժերի հետ։ Երկխոսության առաջարկներ այդ ուժերի կողմից էլ են եղել, այնպես որ կարծում են, որ դեմ չեն լինի նոր, «առավել լիարժեք» համաձայնագրի դրույթներին։ Համենայն դեպս, համաձայնության կոչնակ հնչեցնում է նաեւ իշխանական կուսակցությունների համար։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը կրկին հիշեցրեց այն, ինչից անընդհատ նախազգուշացնում է իշխանությունը վերջին օրերինՙ «տարածաշրջանում այսօր քաղաքական բարդ գործընթացներ են տեղի ունենում, եւ ընդդիմության ներկայացուցիչների մաքսիմալիստական, անհանդուրժող կեցվածքը կարող է լուրջ ցնցումների, ծանր հետեւանքների հանգել եւ իշխանությունները պարտավոր են կատարել որոշակի քայլեր երկրի կայունությունն ու վարկը պահպանելու համար»։

«Ազգի» հարցին, եթե, այդուհանդերձ, առճակատում եղավ, հնարավո՞ր է, որ հանգի քաղաքացիական պատերազմի, կամ այլ ի՞նչ տարբերակ են հնարավոր համարում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում այնքան հիմքեր կան, որ այդ առճակատումը վերաճի քաղաքացիական պատերազմի։ Այդ աստիճանի առճակատում Հայաստանում գոյություն չունի։ Բայց իսկապես իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ վերջում հակամարտող կողմերի մեջ կլինեն հաղթող ու պարտվող։ Այդ ընթացքում մենք նաեւ կորուստներ կունենանք։ Մեկնումեկը կհաղթի, եւ ամենայն հավանականությամբ դա կլինի իշխանությունը, որովհետեւ նրա սահմանադրական լիազորությունները թույլ են տալիս կիրառել լիարժեք ռեսուրսներ իրեն պաշտպանելու համար»։

Այնուամենայնիվ, դատելով ըստ ամենայնի, ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու հնարավորությունը փակուղային իրավիճակում է հայտնվել։ Վրացական էֆեկտի հայկական անդրադարձն օրըստօրե հոռետեսական երանգավորումներ է ստանում։ Երկու կողմերն էլ առաջացել են այնքան, որ վերադարձը անհնարին է թվում։ Երկուսին էլ կլանել է քաղաքական արատավոր ազարտի զգացողությունը։ Իսկ նման ընթացքում խոհեմության կոչերն այլեւս ուշացած են։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4