«Մինչեւ երբ պետք է հակահայ այս քաղաքականությունը շարունակվի եւ արժանի հակահարված չստանա։ Մենք ոչ թե պետք է վախենանք բարձր մակարդակով արվածը դատապարտելուց եւ ինչ-որ դիվանագիտական փակուղի մտնելուց, այլ Հայաստանում հավատարմագրված դեսպաններիՙ մեր ժողովրդի նվիրական զգացումները չհարգելու «ավանդույթից», Պրահայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական ամսագրի 2003 թվականի վերջին համարի խմբագրականում գրում է ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։ Խոսքն, անշուշտ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի վերջին հայտարարության մասին է, որով նա կասկածի տակ առավ Հայոց ցեղասպանության իրողությունը։ «Ցեղասպանության անպատժելիությունը ծնում է նոր ցեղասպանություններ։ 26-ամյա Գուրգեն Մարգարյանի եղերական մահը դրա վառ ապացույցն է։ Հայ ժողովրդին անհրաժեշտ է համազգային քարոզչական-քաղաքական աշխատանք», գրում է նա։
«Հայաստան-Շվեյցարիա. ցեղասպանության ճանաչումից մինչեւ տնտեսական ներդրումներ» ծավալուն նյութում ամսագրի խմբագիրը զրուցում է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանի հետ։ Խոսելով Շվեյցարիայի խորհրդարանում անցած տարվա դեկտեմբերի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի լոբբիստական աշխատանքների մասին, պրն Շահինյանն այնուհետեւ նշում է, որ մեր արտաքին քաղաքականության մեջ չունենք Հայոց ցեղասպանության ճանաչման ծրագրված քաղաքականություն։ «Մեր արժանապատվության հարցն էՙ նստել եւ մեր իրավունքների ճանաչումը խնդրել։ Եթե Հայաստանի կառավարիչներն այդ երեսը չունեն, ապա ինչի մասին կարող ենք խոսել։ Մյուս կողմից, չեմ կարող արտաքին քաղաքականությունը միայն ցեղասպանության ճանաչումից կախված պատկերացնել։ Դա սարսափելի կույր ձեւ կլիներ ապագա քաղաքականության մշակման համար», ասում է նա։ Ընկերակցության գլխավոր ծրագիրը Շվեյցարիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծումն է, սակայն մեր երկրի օրենսդրական դաշտը շվեյցարական շատ ընկերություններին դեռեւս հնարավորություն չի տալիս ներդրումներ կատարելու։
Հաջորդ ընդարձակ նյութը Հովսեփ Խուրշուդյանի «Հայաստանը 2003-ին. քաղաքական եւ սոցիալական հետընթաց» վերլուծությունն է։ Ամփոփելով նյութը, հեղինակը գրում է. «Հայաստանն ավարտեց եւս մեկ տարիՙ ղեկավարությամբ իշխանությունների, որոնք երկիրը զարգացնելու եւ արտագաղթը կասեցնելու սեփական անընդունակությունը փորձում են թաքցնել ուռճացրած թվերի հետեւում, իսկ Հայաստանը Կովկասի «վագր» են ինքնահռչակում ( իսկ միգուցե իրենք իրե՞նց), օրինականություն հաստատելու չկամությունը փորձում են քողարկել ժողովրդի «մենթալիտետի» մասին մտավարժանքներով։ Նման իշխանություններ ունեցող երկրի ապագան վտանգված է»։
«Հայ-ճապոնական կապեր» խորագրի տակ կարդում ենք Արծվի Բախչինյանի «Հայերը եւ ճապոնացիները» հոդվածը, որտեղ ուշագրավ փաստերով ներկայացված են ծագող արեւի երկրի հետ հայ ժողովրդի 17-րդ դարից սկիզբ առած մշակութային առնչությունները։
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ հարցազրույցում խոսվում է Ռուսաստանում թեմի առնչությամբ ընդունված մի քանի կարեւոր որոշումների մասին, որոնք լուծելի կդարձնեն թեմի նախկին առաջնորդի գործունեության հետ կապված խնդիրները։
Ամսագրի մշակութային բաժինը հարուստ է բազմապիսի նյութերով. «Սարտրը եւ հայելու մեջ արտացոլված աշխարհը», Արծվի Բախչինյանի «Սլավա Գրիգորյանի եզակի տաղանդը», «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան երգչուհի Գոհար Գասպարյանին եւ նկարիչ Հակոբ Հակոբյանին», «Կովկասյան օրեր Պրահայում» եւ այլն։ Վերջինը պատմում է Պրահայի Ռոք սրճարանի դահլիճում անցած տարվա դեկտեմբերի 8-ին կայացած կովկասյան մշակույթի օրվա մասին, որի ժամանակ քննարկվել են հայ եւ չեչեն ժողովուրդների, ինչպես նաեւ Չեխիայի փախստականների ճամբարներում հաստատված ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Ներկաները ունկնդրել են չեխահայերին քաջածանոթ ջութակահար Տիգրան Պետրոսյանին, ինչպես նաեւ չեչենական «Թռչող գորգ» եւ «Նոխչո» մանկական երգի-պարի խմբերին։
Հակոբ Ասատրյանի «60-ամյա նկարչի հավատամքը մնում է անփոփոխՙ աշխատասիրություն» հոդվածը նվիրված է գյումրեցի նկարիչ Էդուարդ Էդիգարյանին, որը 1993 թվականից ապրում ու ստեղծագործում է Չեխիայի մայրաքաղաքում։
Եվրոպահայ համայնքի հաճելի նորություններից է Չեխիայի ներքին գործերի նախարարության փախստականների ճամբարների վարչության հրատարակած «2004 թվականի ազգային ճաշատեսակներ» չեխերեն օրացույցը, որի «Հայաստան» էջում տեղ են գտել հայկական խոհանոցի 5 բաղադրատոմսեր։ Ի դեպ, օրացույցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է ներքին գործերի նախարարության փախստականների հարցերի վարչության աշխատակից Արաքսյա Նալբանդյանը։ Օրացույցը վաճառքի չի հանվել, բաժանվել է չեխական հասարակական ու պետական կազմակերպություններին, ներքին գործերի նախարարությունում հավատարմագրված լրագրողներին։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ