«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2004-04-03 | #60, 2004-04-06 | #61, 2004-04-07


39 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, 43 ՏՈԿՈՍԸՙ ԴԵՄ

Սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքներով

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին ամիսների ներքաղաքական խժդժություններից հոգնած ոմանք սկզբունքորեն հրաժարվում են քաղաքական հարցերով բանավիճելուց, ոմանք էլ հասարակական տարբեր վայրերում առիթը բաց չեն թողնում իրենց կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն հայտարարելու։ Ինչ խոսք, նրանցից ամեն մեկն իրավունք ունի արտահայտվելու, սակայն ոչ մյուսի կարծիքին բռնանալով ու անձնական վիրավորանքներ հասցնելով։ Դժբախտաբար, անհանդուրժողականության սպանիչ մթնոլորտը քաղաքական դաշտից տեղափոխվել է հասարակական դաշտ, ուր մարդիկ միմյանց ամենանողկալի վիրավորանքներն են նետում անգամ հասարակական տրանսպորտումՙ անտեսելով երեխաների ներկայությունը։

Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հասարակության վերաբերմունքը պարզելու համար Հայկական սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը օրերս հարցում է անցկացրել, որի արդյունքների մասին կենտրոնի տնօրեն Գեւորգ Պողոսյանը երեկ խոսեց «Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի» կազմակերպած «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ, որ տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցում։

Մասնակցեցին քաղաքական մի քանի կուսակցությունների եւ միավորումների ներկայացուցիչներ, իսկ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մի ներկայացուցիչ այդպես էլ չհայտնվեց ու երկխոսության փոխարեն լսվեցին գրեթե միանման տեսակետներ ու կարծիքներ։

Եվ այսպես, անցկացված սոցիոլոգիական հարցումները, ըստ պրն Պողոսյանի, թույլ են տալիս որոշակի հետեւություններ անել հասարակություն-իշխանություն եւ հասարակություն-ընդդիմություն հարաբերություններում հասարակության տարբեր շերտերի մասնակցության ու դերակատարման մասին։ Այսօրվա ներքաղաքական իրավիճակը նա ամենից առաջ բացատրեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքով ու արդյունքներով, քանի որ շատ երկրներում ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց քաղաքական ուժերի բախումը հանդարտվում է, հասարակությունն անցնում է նոր որակի, իսկ մեզանում այնպիսի իրավիճակ է, կարծես քաղաքական ուժերը երկարաձգում են նախընտրական ու հետընտրական շրջանները։ Հարցման արդյունքները վկայում են, որ հասարակությունը նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետեւ դրանք դիտում է արդեն ավարտված փուլումՙ իր դերակատարումը համարելով ավարտված։

Ամենավերջին տվյալները հիմնված են մարտի 28-ին ավարտված հասարակական հարցման վրա, որն անցկացվել է հանրապետությունում։ Պարզվել է, որ հասարակության զգալի մասըՙ 60¬65 տոկոսն իրեն օտարված է զգում ամեն տեսակի քաղաքական գաղափարներից ու շահարկումներից։

«Կո՞ղմ եք իշխանափոխությանը» հարցին հարցվածների 39 տոկոսը տվել է դրական պատասխան, նշելով, որ իշխանափոխությունը օրվա պահանջ է ու խիստ անհրաժեշտ։

43 տոկոսը դեմ է իշխանափոխությանը, իսկ 17 տոկոսն ուղղակի կարծիք չունի, չգիտի ո՞րն է ճիշտ, ո՞րըՙ սխալ։

Վերլուծելով այս տվյալները, պրն Պողոսյանը եկավ այն եզրահանգման, որ երկրում առկա է ներքին դիվանագիտական ճգնաժամՙ նկատի ունենալով իշխանական կոալիցիայի քաղաքական 3 ուժերի համագործակցության դժվարությունները։ Թեպետ հայտարարվել է, որ կոալիցիան միասնական է, սակայն բոլորին տեսանելի է, որ հենց կոալիցիայի քաղաքական ուժերի միջեւ ուղղակի պայքար է գնում իշխանության կամ ազդեցության ոլորտների ընդլայնման համար։ Սա ինքնին խոսում է, որ կոալիցիան ունի ներքին որոշակի խնդիրներ, ինչքան էլ իշխանությունը ձգտում է միասնական գործելՙ ոչ միշտ եւ ոչ բոլոր մակարդակներում է դա նրան հաջողվում։ Նույնը կարելի է ասել ընդդիմության թեւի մասին, որը մինչեւ վերջերս չէր կարողանում միասնական առաջնորդ ունենալ ու համախմբվել միասնական գաղափարների շուրջ։ Միասին գործելու ընդդիմության վերջին հայտարարությունները, ըստ պրն Պողոսյանի, առաջիկա 5 տարիներին միասնաբար գործելու ապացույց չի կարելի համարել։

Այսպիսով, մեր ներքաղաքական կյանքում մի կողմից միասնական չէ գործող իշխանական կոալիցիան, մյուս կողմիցՙ ընդդիմությունը, իսկ ամենասոսկալին իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն են։ Փաստորեն, Հայաստանում կատարյալ անհանդուրժողականության մթնոլորտ է, որտեղ իշխանության ու ընդդիմության երկխոսության մասին կարելի է միայն երազել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4