«Ջազի օրեր Հայաստանում» ծրագիրն այս տարի կսկսվի ապրիլի 7-ին, Նյու Յորքից ժամանած կոմպոզիտոր, սաքսոֆոնահար, դիրիժոր, պրոդյուսեր, ջազի պատմաբան եւ դասախոս Բիլ Քիրշների խմբի համերգով, որը տեղի կունենա Ամերիկյան համալսարանում։ Այս կապակցությամբ ծրագիրն իրականացնող Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել Քիշների մասնակցությամբ։ Նա առաջին անգամ է Հայաստանում, սակայն հայ ջազմենների կատարումներն արդեն հասցրել էր ունկնդրել. «Ընդհանուր առմամբ քիչ եմ ծանոթ հայկական ջազին, սակայն հայ երաժիշտների հետ առաջին հանդիպումս չափազանց տպավորիչ էր։ Նրանք համաշխարհային մակարդակի են հասել», ասաց Բիլ Քիրշները։
«Բիլ Քիրշները այն հազվագյուտ երաժիշտներից է, որը կարողանում է պահպանել անցյալի շունչըՙ միաժամանակ ջազը տեղափոխելով բոլորովին նոր հարթություններ, որ լավագույնս արտացոլում են ձեւավորված ավանդույթները», Քիրշների մասին ասել է Բենի Քարթերը։
Նրանից բացի ելույթ կունենան նաեւ Ռուսաստանից ժամանած ջազ քառյակը, ինչպես նաեւ հայ երաժիշտներըՙ Հայաստանի ջազ նվագախումբը, Մալխաս ջազ խումբը, «Չիկո եւ ընկերները» եւ ուրիշներ։ Ծրագրում ընդգրկված են ջազային տարբեր ոճեր, որը երկրպագուներին թույլ կտա վայելելու ջազի կատարյալ մթնոլորտ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է արդեն 3 տարիՙ ամերիկյան ջազային արվեստին, ջազի պատմությանն ու հսկայական ժառանգությանը մեր հասարակությանը իրազեկելու նպատակով։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ