«Ամոթ մեզ, եթե մի քայլ նահանջենք»
Ներքաղաքական տաք քամիները, որ վրացական դեպքերից հետո լցրել էին մեր մթնոլորտը, երեկ տեղափոխվեցին Ազատության հրապարակ։ Հեղափոխական իրադարձությունների խորհրդանիշ դարձած հրապարակը ժամը 16-ից սկսած կամաց-կամաց լցվեց մարդկային զանգվածով։ Իրադարձությունների թելն այլեւս դժվար է հետ տանել. իշխանության եւ ընդդիմության առճակատումը նյութականանում է։ Այժմ արդեն դրան մասնակից է նաեւ ժողովուրդը։ Կշեռքի որ նժարին կծանրանա նրա մասնակցությունը, նրան էլ վերապահվելու է հաղթանակը։
Բուռն իրողություններ, դեպքերի զարգացման դինամիկ ընթացք, սադրանքներ եւ արյուն, որոնց մասին շշուկով թե բարձրաձայն խոսվում էր երկար ժամանակ, տեղի չունեցան բարեբախտաբար։ Ավելինՙ սա կարելի էր դասել ամենախաղաղ ու ժողովրդավար հանրահավաքների շարքում, եթե էլի տեսել է Ազատության հրապարակը։ Նույնիսկ ձվերով գրոհի դեպքեր չեղան, ինչը բազմիցս արձանագրվել է նախորդ հավաքներում։ Սակայն մամուլով, հեռուստատեսությամբ բազմիցս հնչած սպառնալիքներն ու նախազգուշացումներն իրենց դրոշմը թողել էին։ Մարդկանց դեմքերին հաճախ էին հայտնվում կասկածի ու զգուշավորության ստվերները, իսկ հեռուստաընկերություններից մեկն իր լրագրողներին նույնիսկ թիկնապահի ուղեկցությամբ էր ուղարկել հանրահավաք։ Օդի մեջ անորսալի շրջում էր վախի զգացողությունը։ Համենայն դեպս, նախորդ հանրահավաքում լրագրողների ծեծ ու ջարդի տխուր նախադեպը խրատ չէր եղել վերջիններիս համար։ Հեղափոխության հավակնող պատմական օրվա անցուդարձին տասնյակ լրագրողներ էին մասնակից։ Մարդկանց ձեռքերին պաստառներ էին, որոնց բովանդակությունն իշխանափոխության ոգին ու տառն էր ներկայացնումՙ «Պահանջում ենք իշխանափոխություն», «Ո՛չ, չընտրված նախագահին», «Ձեր ձվերը ձեզ, ազատությունը մեզ»։
Հանրահավաքի գերակշռող շերտը 40-70 տարեկաններն էին, հիմնականում տղամարդիկ, երիտասարդություն գրեթե չկար։ Հանրահավաքը զուրկ էր նաեւ «բետեէռ» կանանց ներկայությունից, ովքեր հայկական «ավանդույթով» նման իրողությունների լոկոմոտիվն են։ Փոխարենը ոգեւորված էին տատիկներն ու պապիկները։
Հե՜յ, ձեզ մատաղ, բանվոր տղերք... 80-ամյա մի կին կոկորդ պատռելով ազդարարեց միջոցառման սկիզբը։ Հրապարակի տարբեր անկյուններից խումբ-խումբ կանգնած մարդկային հոսանքը մագնիսի պես ձգվեց դեպի հարթակը, որի վրա կանգնած արտասանում էր ծեր կինը։ Բուն հանրահավաքն ավելի ուշ սկսվեց։ Օպերայի դռները փակ էին, հոսանք չկար, եւ բարձրախոս օգտագործել հնարավոր չէր։ Հետո, երբ գործը մի կերպ գլուխ բերվեց, ընդդիմության առաջնորդները միմյանց հերթագայելով ելույթներ ունեցան։ Սակայն համաժողովրդական այն խանդավառությունը, ինչ ակնկալում էին ընդդիմության գործիչները, ակնհայտորեն չկար։
Ազատության հրապարակում հասարակության չբավարարվածների շերտն էր, սոցիալական օրգանիզմի այն հատվածը, որ դժգոհ է առկա հասարակական ինստիտուտներից ու բարոյականությունից, օրենքներից ու իրավունքներից։ Մարդիկ, ովքեր հայտնվել են ներքաղաքական հարաբերությունների բարդ շրջագծում։ Բոլոր այն հիմնախնդիրները, որ այսօր հուզում են նրանց, հռետորների ելույթներին զուգահեռ բարձրաձայն հնչում էին օդումՙ թոշակներ, աշխատավարձ, սոցիալական քարտեր ու չիպեր, գործազրկություն։
Շոշափելի նորույթը, որ արձանագրվեց ապրիլի 9-ին, ընդդիմության 2 թեւերիՙ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» միության հաստատումն էր։ Երկու կողմի համակիրները «միացո՛ւմ... միացո՛ւմ» վանկարկումներով վերակնքեցին երկար սպասված համերաշխությունը։
Ապրիլի 9-ին եղանակն անսպասելի տաքացավ, բայց մարդիկ 2-3 ժամ համառորեն կանգնած մնացին արեւի տակՙ լսելով ընդդիմության գործիչներին, ակնկալելով փոփոխություններ, հուսալով ու վախենալով հուսախաբությունից։
Հանրահավաքի ավարտին ծրագրված երթը դեպի Մաշտոցի պողոտա չկայացավ։ Վախենալով սադրանքներից, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հրաժարվեց իշխանափոխության սցենարի այդ դրվագից։
Ազատության հրապարակում մեկնարկեց անժամկետ նստացույց։ Այսօր երեկոյան կրկին հանրահավաք կանցկացվի։ Ա. Բազեյանը միտինգի մասնակիցներից երկտող էր ստացելՙ «Ամոթ ձեզ, եթե մի քայլ նահանջեք»։ «Ամոթ մեզ, եթե մի քայլ նահանջենք», կրկնեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարըՙ վերահաստատելով ամեն կերպ իշխանափոխության հասնելու իրենց վճռականությունը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ