Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան հյուպատոսական բաժնի տվյալներով անցած տարի մուտքի ոչ-ներգաղթային վիզա ստանալու համար դիմել են 11873 քաղաքացիներ, որոնցից միայն 5000-ին է տրվել մուտքի վիզա։
Այս տարվա մարտ ամսին դիմել են 774, վիզա ստացելՙ 363 քաղաքացիներ։ Այնպես որ, Մ. Նահանգներ մեկնել ցանկացողների թիվն այնքան էլ քիչ չէ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 100 դոլար վճարած յուրաքանչյուր դիմորդ մերժվելուց հետո հույսը չի կորցնում ու շարունակում է դիմել ու ամեն անգամ նույն գումարը վճարել այնքան, մինչեւ բախտը ժպտա։
Սույն թվի մարտի 31-ից հյուպատոսական բաժնում հարցազրույցի եկած բոլոր դիմորդներից պահանջվում է հանձնել մատնահետքեր։ Դա բավականին պարզ գործողություն էՙ հարցազրույցից առաջ դիմորդն իր երկու ցուցամատները հպում է թվային պատճենահանող սարքին, եւ նրա մատնահետքերն անմիջապես արձանագրվում են հյուպատոսի դիմացի էկրանի վրա։
Երեկ այս գործողությանն ականատես եղանք դեսպանատան հասարակայնության կապերի բաժնի կազմակերպած միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր հյուպատոս Լիլի Քոժիերը։ Նա նախ խոսեց ամբողջ աշխարհում կիրառվող այս նոր համակարգի անհրաժեշտության մասին, որը բխում է Մ. Նահանգների ազգային անվտանգության շահերից, ապա տեղեկացրեց, որ նույն համակարգը գործելու է նաեւ Հայաստանի բոլոր դեսպանատներում։
Մատնահետքեր չեն հանձնում մինչեւ 14 տարեկան երեխաները, 79 տարեկանից բարձր մեծահասակները, ինչպես նաեւ դիվանագիտական ու աշխատանքային վիզա ունեցողները։
Այս օրենքը չի տարածվում միայն Մ. Նահանգների քաղաքացիների վրա, բացի նրանցից յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի պարտավոր է մատնահետքեր հանձնել թե իր երկրի ամերիկյան հյուպատոսարանում, թե Մ. Նահանգների միգրացիոն բաժնում։
Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ է արվում ցուցամատները վնասված լինելուՙ ասենք, այրվածքի կամ կտրվածքի դեպքերում, հյուպատոսը պատասխանեց, որ դիմորդի հետ հարցազրույց կանցկացվի միայն ապաքինվելուց հետո, իսկ կտրված ցուցամատի դեպքում սարքին կհպվեն միջամատները։
«Մատնահետքեր վերցնելով փորձ է արվում հայտնաբերելու ահաբեկչական նպատակներով Մ. Նահանգներ մեկնողներին, ինչպես նաեւ բացառել կեղծ վիզաներ ձեռք բերելու դեպքերը», ասաց տկն Քոժիերը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ