ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Իշխանություն-ընդդիմություն առճակատումը նախորդ կեսգիշերին ընդմիջվեց ոստիկանական կոպիտ ուժի միջամտությամբ։ Փշալարեր, մահակներ ու ջրցան մեքենաներ, խաղաղ ցույցի նստած մարդկանց ծեծուջարդ, ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններ, Բաղրամյան պողոտայով խուճապահար փախչող ամբոխ. այսպիսին էր պատկերն ապրիլի 13-ի գիշերը։ Եվ արդեն քանիերորդ հեղափոխական փորձության ականատես ԱԺ շենքում խաղաղություն էր։ Կարծես նախորդ օրվա փոթորիկն այդտեղով չէր անցել։
Եռօրյայի երկրորդ նիստն էլ, իհարկե, չկայացավ։ Գրանցվել էր ընդամենը 9 պատգամավոր։ Կեսօրին խորհրդարանի միջանցքներում կարելի էր հանդիպել հատուկենտ պատգամավորների միայն։ Ինչպե՞ս են նրանք գնահատում ապրիլի 13-ի իրադարձությունները, ինչպե՞ս են տեսնում ներքաղաքական հակամարտության հետագա զարգացումը։
Գալուստ Սահակյան (Հանրապետական խմբակցության ղեկավար)-Նիստ չգումարելը նախազգուշացում-ահազանգ էր։ Ի վերջո, չարտոնված գործողություններ էին, եւ իշխանությունները պիտի օգտվեին իրենց լիազորություններից։ Ես ԱԺ շենքից լսում էի ցուցարարների հայհոյանքների տարափը։ Դա խաղաղ ցույց չէր, խաղաղ ցույց նշանակում է նաեւ որոշակի առաջարկություններ, իսկ ընդդիմության ճամբարից որեւէ կոնկրետ առաջարկ չի եղել, ոչ էլ որեւէ հեռանկար է ընդգծվել։ Միանշանակ եղել է միայն հանրապետության նախագահի հրաժարականի պահանջը։ Համենայն դեպս, կարծում եմ, որ գոնե առաջին գործընթացներում կարողացանք հասնել լարվածության թուլացմանը, մնացած գործընթացները հետաքննության փուլում են, որից հետո կփորձենք եւ գնահատականներ տալ եւ լուծումներ առաջարկել։
Այս պահին, իմ դիտարկումներով, ներքաղաքական գործընթացներում եւ իշխանությունների լիազորությունների շրջանակում խառնաշփոթ կա, որն ավելի է բարդացնում վիճակը։
Հանրապետական խմբակցության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ իրենք «Մտավորականների ֆորումի» նախաձեռնությամբ երեկ կեսօրին փորձել են հանդիպել ընդդիմության հետ, բայց նրանց ղեկավարներին գտնել չի հաջողվել։
Արդյոք կեսգիշերային իրադարձությունները կարելի՞ է համարել ընդդիմության դեմ իշխանական սցենարի մի մասը։ Գալուստ Սահակյանը դա հնարավոր չի համարում, քանի որ մինչ հարձակումը «ժամ, ժամ ու կես հորդորներ են եղել, որ մարդիկ տուն գնան»։
Տիգրան Թորոսյան (ԱԺ փոխնախագահ)-«Կարծում եմ, քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ քաղաքական իրադարձությունները տեղափոխվեն այլՙ ոստիկանության հետ բախումների հարթություն։ Երբ երկխոսության կոչ էր արվում, Հանրապետական կուսակցությունն առաջարկում էր շատ պարզ մոտեցումՙ եկեք ձեւակերպենք այն խնդիրները, որ մեր երկրում գոյություն ունեն։ Մենք համոզված ենք, որ այդ խնդիրների ե՛ւ ձեւակերպումները, ե՛ւ լուծումները մեծ մասով կհամընկնեն։ Մեկ այլ հանգամանք կա, որ անհրաժեշտություն էրՙ փոխադարձ վստահության հարցը։ Այս հարցում էլ մենք պատրաստ էինք մշակել։ Ցավոք սրտի, միշտ մերժման արժանացանք ընդամենը մեկ ձեւակերպմամբՙ պետք է նախագահի փոփոխություն լինի, նոր միայն կարող ենք խոսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք իսկապես գոյություն ունեն մեր երկրում։ Այս ծայրահեղ մոտեցումն ինչ-որ ժամանակ պիտի հանգեր նման ցավալի իրադարձությունների»։
Վահան Հովհաննիսյան (ԱԺ փոխնախագահ)-Վատ եմ գնահատում եղածը եւ լրջորեն մտահոգ եմ։ Հիմա որեւէ մեկի վրա մեղք բարդելու ժամանակը չէ։ Կոալիցիան, Դաշնակցությունն ամեն ինչ արեցին, բայց մաքսիմալիստական պահանջների, սեփական ուժերը գերագնահատելու արդյունքը սովորաբար այդպիսին է լինում։ Բայց հիմա էլ մենք ասում ենք, որ երկխոսության ճանապարհները փակ չեն, եւ ճիշտ ուղիով փորձենք որոնել լուծումը։ Երկուստեք վտանգավոր սուր գործողություններից խուսափելու միակ ձեւը բանակցությունների սեղանին նստելն է։ Մեր առաջարկները մնում են ուժի մեջ, եւ դրանք արհամարհելն էր, որ առաջացրեց երեկվա ցավալի իրավիճակը։
Հարցին, թե ովքե՞ր էին նախապատրաստել գիշերային իրադարձությունները, ովքե՞ր հարձակվեցին առաջինը, փոխնախագահը պատասխանեց. «Նրանք, ովքեր ասում էինՙ հարձակվելու ենք եւ ոչնչի առաջ չկանգնեցին»։ Վահան Հովհաննիսյանը նաեւ համոզված է, որ հանրահավաքներին մարդկանց մասնակցության թիվն ապացուցեց, որ «ժողովրդի օրակարգը եւ ընդդիմության օրակարգը չեն համընկնում»։ Ժողովրդի համար այս պահին իշխանափոխությունն անհապաղ հարցադրում չէ, եւ նրան ավելի շատ հետաքրքրում են սոցիալական խնդիրները։
Վահրամ Բաղդասարյան («Ժողպատգամավոր» խմբակցություն)-Իմ տեսանկյունով, երկու կողմն էլ պետք է համապատասխան հետեւություններ անեն, երկուսն էլ պիտի զգան իրենց մեղավորության աստիճանը, քանի որ երկու կողմից էլ բացթողումներ կան։ Չի կարելի ասել, որ ընդդիմությունը խելոք, հանդարտ գործում էր եւ այդպես եղավ։ Նա պարզապես անընդհատ վերջնագրեր էր ներկայացնում։ Մենք միտինգից առաջ էլ առաջարկել, հանդիպել ենք, որ նստենք, քննարկենք երկրի վիճակը։ Մենք երեխա ենք մեծացնում, եւ պիտի մտածենք այդ մասին։ Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես, թե ով է նախագահի աթոռին նստած։ Այս երկրում պետք է ճիշտ մեխանիզմ գործի, ոչ թե անհատներով հարցը լուծվի։ Իսկ ընդհանրապես կանխատեսվում էր, որ ոչ բանակցային բնույթի զարգացումները կարող էին հանգել սրան։ Մի տեղ, ուր հազարավոր մարդիկ են հավաքված, պահի ազդեցության տակ անկանխատեսելի ամեն ինչ էլ կարող է լինել։
Ժողպատգամավորը կրկին պնդում է, որ անկախ իրավիճակից, այս խնդիրը պիտի լուծվի կլոր սեղանի շուրջ, երկխոսությամբ։ Իրավիճակը կարող էր եւ չհասնել սրան։