Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Լուսինե Սենեքերիմյանի «Ժայռապատկերներ» աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Դրան զուգահեռ ուրբաթ օրը նույն սրահում կլսվի նրա մորՙ Ռոզա Անտոնյանի «Սասնա ծռեր» էպոսի յուրատիպ վերլուծությունը։ Լուսինեն մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն դա նրան բնավ չի խանգարել զգալու ու վրձնով վերարտադրելու հայկական ժայռապատկերները, որոնք առ այսօր մնում են անվերծանելի։
«Լուսինեի շնորհիվ մեզ է ներկայանում մեր հազարամյակների արվեստը։ Ժայռապատկերները մեր պատմության քարեղեն վկաներն են, արվեստի բարձր նմուշներ, որոնք այսօր պատկերվում են թղթի ու կտավների վրաՙ վերստին արտացոլվելով մեր գիտակցության ու ժամանակի մեջ։ Ուրախ եմ, որ դրանք կյանք են գալիս նվիրյալների շնորհիվ», ցուցահանդեսի բացման օրն ասաց հայկական մշակութային ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը։
Ռոզա Անտոնյանը վերծանելով ժայռապատկերներն ու էպոսը եկել է այն եզրահանգման, որ հայ ժողովրդի պատմությունը սկսվում է մ. թ. ա 14-րդ դարից։ «Էպոսը գաղտնագրված է, դա մեր էության ու գենի պատմության առանցքն է։ Պատահական չէ, որ ամեն ժողովուրդ իր էպոսն ունի։ «Սասնա ծռերը կերտվել է մեր ազգային գենետիկ հիշողությամբ ու բերնեբերան հասել մեզ», ասում է տկն Անտոնյանը։
Նա մասնագիտությամբ բժիշկ է, ինչի շնորհիվ էլ խորացել է մարդաբանության տարբեր ճյուղերի մեջ, իսկ գոբելենագործության մեջ հմտանալովՙ բացահայտել է հայկական գորգերի գաղտնագրությունը։ Հայկական ժայռապատկերների ու էպոսի վերծանմամբ նա զբաղվել է մոտ 5 տարի, նրա աշխատանքն առաջիկայում լույս կտեսնի առանձին գրքով։
Ռ. Պ.