«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2004-04-13 | #66, 2004-04-14 | #67, 2004-04-15


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ

Թե որքանով են մարդու իրավունքները պաշտպանված Հայաստանում, ամեն օր տեսնում ենք։ Բայց այս վերջին օրերի երեւանյան իրադարձություններըՙ իշխանության եւ ընդդիմության առճակատման հետեւանքներով ստեղծված իրականությունը, պարտադրում են հանրությանը հստակ տեղեկացնել, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները մեր երկրում եւ ինչ է արվում այդ ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ Արմենպրեսի մամուլի սրահում պարզաբանումներ արեց եւ իր գնահատականը տվեց այս հարցերի առնչությամբ։ Նախապես իր անհամաձայնությունը հայտնեց մամուլին («Հայկական ժամանակ» օրաթերթին) մի հրապարակման առիթով, ընդգծելով, թե մարդու կարեւոր եւ հիմնարար իրավունքներից է հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելը եւ ինքը դրա դեմ որեւէ առարկություն չունի, իսկ օրենսդրական դաշտում չի էլ ձեւակերպված դրանց արտոնված կամ չարտոնված լինելու հանգամանքը։ Իր բողոքը եւ զարմանքը հայտնելով նախորդ օրվա Հանրային հեռուստատեսությամբ իր նախաձեռնությամբ դատախազի հետ հանդիպման ոչ օբյեկտիվ լուսաբանմանը, նկատեց, որ այդ հաղորդումից պարզ չդարձավ, թե որոնք էին իր դիրքորոշումը եւ հարցադրումները։

Լարիսա Ալավերդյանն իր մտահոգությունն արտահայտեց թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության անհանդուրժողականության կապակցությամբ։ Ըստ նրա, ցանկացած բռնություն մերժելի է, երբ կարելի է դա շրջանցելՙ ապահովելով հասարակական կյանքի անվտանգությունն ավելի մեղմ ձեւերով։ «Որպես մարդու իրավունքների պաշտպան, պաշտոնավարման մեկ ամսից քիչ ավելի ժամանակահատվածում եկել եմ այն համոզման, որ հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից հաճախ համարժեք չեն իրավիճակին»։ Սա ընդհանրապես, իսկ բազմիցս կրկնվող այն հարցապնդումներին, թե արդյոք ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում կատարվածը գնահատում է իբրեւ իշխանությունների կողմից զանգվածային բռնարարքներ։ Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի անգամ կրկնեց իր հստակ բանաձեւը, որ ինքը դեմ լինելով նման որակավորմանը, գտնում է, որ այս օրերինՙ սկսած ապրիլի 5-ից, իրավապահների գործողությունները ոչ միշտ են համարժեք տվյալ իրավիճակներին։ Նա ձեռնպահ մնաց որեւէ կոնկրետ գնահատականից, որովհետեւ առայժմ դատական նախաքննության արդյունքները հայտնի չեն։

Արձագանքելով այս օրերին հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած անկարգություններին, մարդու իրավունքների պաշտպանն իր նախաձեռնությամբ հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, ոստիկանապետի, գլխավոր դատախազի հետ, նպատակովՙ արձագանքել այս օրերին իրականացված ձերբակալություններին, եւ որոշ դեպքերում իրենց միջամտություններն արդյունավորվել ենՙ կիրառվելով ավելի մեղմ պատժամիջոցներ։ Նա միջնորդել է, որ բանտային գործընթացներում ավելի մեղմ պատժամիջոցներ կիրառվեն կանանց, անչափահասների եւ հաշմանդամների նկատմամբ։ Իրենք ապրիլի 5-ից սկսած այցելել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրեր եւ հանդիպել նրանց։ Օգտվելով իր լիազորություններիցՙ ինքն անձամբ հանդես է եկել կալանքը որպես խափանման միջոց վարչական տույժով փոխարինելու միջնորդությամբ, իր խոսքերով ռիսկի է դիմելՙ Սուրեն Սուրենյանցի հանդեպ առաջարկելով օգտագործել ոչ կալանքի ձեւը։

Տկն Ալավերդյանն դեռ չէր հանդիպել տուժած լրագրողներին, սակայն նման հանդիպման պատրաստակամություն հայտնեց։ Առայժմ չէր այցելել նաեւ տուժած երկու կուսակցությունների (ՀԺԿ եւ «Հանրապետություն») գրասենյակներ եւ իրազեկ չէր իրավապաշտպանների կազմակերպած երթի եւ հանրահավաքի մասին։ Այն արտահայտությանը, թե դատարաններում զսպող դեր է կատարում մարդու իրավունքների պաշտպանի ներկայությունը, ոգեւորեց նրան, սակայն նկատեց, որ այս ինստիտուտը Հայաստանում ընդամենը կայացման ճանապարհին է, եւ առայժմ չի վայելում պատշաճ վստահություն, իրենց ներկայացուցիչները դեռ պետք է ճանաչելի դառնան, որպեսզի կարողանան նաեւ ազդեցություն ունենալ։

Ինչեւէ։ Հայաստանում հասարակական բազմաթիվ լուրջ նշանակությամբ ինստիտուտներն առայժմ կայացման ճանապարհին են։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4