Այսօր լրանում է ժամանակակից արվեստի խոշորագույն դեմքերից մեկիՙ Արշիլ Գորկու (Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծննդյան 100-ամյակը։ Մի արվեստագետ, որի մասին ամերիկյան նշանավոր նկարիչ Ուիլյամ դե Կունինգը ասել է. «Նա օժտված էր սուր տեսողությամբ, գերբնական հուզական ընկալմամբ եւ անհավանական գերզգացողությամբ։ Այդ ամենը նա ուներ մինչ սյուրռեալիստներին հանդիպելը, եւ նրանք ասացին իրեն. դու արդեն ունես ամենը...»։
Ընթերցողին ենք ներկայացնում արվեստաբան Շահեն Խաչատրյանի հետ մեր թղթակցի զրույցը։
- Ինչո՞վ է նշանակալից Գորկու ներդրումը ժամանակակից նկարչության մեջ։
¬ Իսկական փառքը մարդու մեջ փայլատակող բնության զարմանահրաշ պարգեւի խորհրդանիշ-վկայությունն է։ Այսպես է ճանաչվում այսօր Արշիլ Գորկու ստեղծագործությունը։ Գորկու արվեստի հիմնահողն ի վերուստ էր, եւ զարմանալի չէ, որ մեծ թռիչքի համար կարեւոր սեպվող մասնագիտական հիմնավոր կրթության անհրաժեշտություն նա չունեցավ։ Եւ շատ շուտ ինքը սկսեց նկարչություն դասավանդել եւ ունեցավ իրեն սիրող ու հետագայում իր մասին գրող շատ սաներ։ Գորկին օժտված էր եզակի ներքնատեսությամբ, երբեք երերում չունեցավ, մշտապես հավատարիմ մնաց արարման սնող կրակինՙ զգացմուքին։ Նա օտար էր այն երկրում, ուր հանգրվան առավ պատանի հասակում արմատախիլ եղած հայրենի օրրանից։ Բնազդի ուժով նա հետեւեց իր հոգուն առավել արձագանքող եվրոպական արդի մշակույթին։ Հաստատակամ անցավ իմպրեսիոնիզմ, Սեզան, Պիկասո եւ Միրո ճանապարհովՙ խորանալով նրանց ժառանգության մեջ։ Գորկին կարող էր կանգ առնել արդի նկարչության զարգացման որեւէ աստիճանին, ստեղծել հավասարարժեք գործեր, բայց Արշիլ Գորկի դառնալ չէր կարող։ Նա զգում էր, որ համառ նվիրումը պիտի արդյունավորվեր, հասներ հոգեմոտ արդյունքիՙ բարձրանալու ինքն իրենից, հաստատելու իրենը, միայն իրենը։ Այրումով ապրած կարճատեւ իր կյանքի վերջին տասը տարում ծնվեցին Գորկու արվեստի իմաստային ու ոճական ինքնօրինակությամբ հատկանշվող գործերըՙ կանխորոշելով նրա փառքը, դարձրին նրան նոր ուղղությանՙ վերացական էքսպրեսիոնիզմի առաջնեկը։
¬ Գորկին ճանաչվում է իբրեւ ամերիկյան արվեստի ներկայացուցիչ։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է նրա արվեստն առնչվում հայկականին, կարո՞ղ ենք ասել, որ այն նաեւ հայկական է։
¬ Այդ հարցի պատասխանը համառոտ ամփոփել դյուրին չէ։ Իրենքՙ ամերիկացիք, Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանումՙ 1984 թ. կազմակերպած Գորկու ծավալուն ցուցահանդեսի առիթով նրա ստեղծագործությունը դիտարկեցին որպես ամերիկյան-հայկական երեւույթ։ Սա միանգամայն ճիշտ մեկնում է։ Արվեստի մեջ արմատների հարցը զանց առնել կարելի չէ։ Ծառը որքան էլ պատվաստես, արմատների ուժն անփոփոխ կմնա։ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում (Նյու Յորք), ուր այս օրերին գործում է Գորկու գրաֆիկական գործերի ցուցահանդեսը, մշտապես ցուցադրվում է Գորկու «Նկարիչն ու իր մայրը» հանրահայտ կտավը։ Կատարման իրապաշտական սկզբունքով (նույնիսկ լուսանկարից արված) այս գործը առնչություն չունի արդի, այն էլ ամերիկյան արվեստի նոր շարժումների հետ, բայց ցուցադրվում է եւ առանձնանում թանգարանում ներկայացված բոլոր գործերից։ Գաղտնիքը, թերեւս, կտավի մեջ խտացված գերզգացմունքայնության մեջ է, որ Գորկու հետագաՙ երգող գույներով ու հուզող գծերով ամբողջացած վերացական գործերի նախահողն է հանդիսանում։
Գեղեցկությամբ միանգամից կախարդող «Նկարիչն ու իր մայրը» կտավում, ասես գերեզմանային լռությամբ շնչող ֆոնինՙ շեշտված են մոր ողբերգական աչքերը. անանց վիշտ ու հիշատակի սրբություն... Երբեք չեմ մոռանա իմ առաջին հանդիպումն այդ կտավի հետ։ Մոգական ուժ ներփակող պատկերի առջեւ, բազմաթիվ այցելուներով շրջափակվածՙ հիշեցի «Սիքստինյան Աստվածամորը»։ Ռաֆայելի մայրըՙ աչքերում տագնապ, աշխարհին է հանձնում որդուն։ Արշիլ Գորկու որդին աշխարհին է ներկայացնում իր կորսված մորըՙ կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշը...
¬ Այդ նկարի հայկականությունն անթաքույց է, իսկ ինչո՞վ են հատկանշվում նրա վերացական գործերը։
¬ Եթե արմատի ուժը կամ հիշատակի կանչը չլինեին, չէին կարող ծնվել հաջորդները։ Գորկու վերացական բոլոր գործերը սերել են մանկության հուշերից, դրանց ակունքը Վանա լճափին է, Հայոց ձորի Խորգոմ գյուղում։ Նկարիչը իր նամակներով եւ գործերի անվանումներով է տվել այդ խորհրդավոր, հուզական պատկերների ընկալման բանալին «Ծաղիկներ. ջրաղացի ջրերը» (այժմ Խորգոմը կրում է «Չիչակլար»ՙ ծաղիկներ անվանումը), «Ծիրանիների բույրը», «Ինչպես մորս գոգնոցը բացվում է իմ կյանքում», «Գութանն ու երգը», «Հոգեվարք» եւ այլն։ «Այգիներ Սոչիում» (նախապես «Այգիներ Խորգոմում») նկարաշարի կենտրոնում իշխում է խնոցու գունաձեւը, որի երկու կողմերում ուրվագծված են նազելի շարժումներով գեղջկուհիներ... Գունային կառույցով այնքան գեղեցիկ են այդ գործերը եւ այնքան ներազդող, որ երկար դիտելուց հետո մոռանում ես դրանց վերացական լինելու հանգամանքը, նկարների ողջ գունագծային հյուսվածքն ընկալվում է որպես ներքին հորդահոս հույզերի հայելիացում։
Քրոջը հղած նամակներից մեկում Գորկին գրել է. «Ամերիկացիները չգիտենՙ ի՞նչ է հայը, որտե՞ղ է Հայաստանը։ Սիրելիներ, ես լալիս եմ Վանի համար, ինչպես մայրիկն էր լալիս ինձ համար։ Ինչպես եմ ես սիրում մեր հողը, կարոտել եմ մեր սիրելի հայրենիքը։ Մենք մեր երկրի մի մասն ենք չարաղետ փոթորկից հետո շպրտված։ Ես մեր հայրենիքն եմ երազում եւ կարծես դարավոր մի ոգի շարժում է ձեռքս...»։
1968-ին նկարչի կրտսեր քույրըՙ Վարդուշը, եկավ Հայաստանՙ իր հետ բերելով եղբոր լավագույն գործերի տեսասլայդները։ Արվեստի աշխատողների տանը կազմակերպվեց երեկո եւ մեր սերունդն առաջին անգամ ծանոթացավ Գորկու արվեստին։ Տիկին Վարդուհին այդ սլայդները նվիրեց ինձ եւ ես մի երեկո դրանք ցույց տվեցի 90-ամյա վարպետին։ Սարյանը լուռ, ուշադիր դիտեց եւ ասաց. «Շատ ազատ արտահայտվող նկարիչ է, գծերը խոսում են, զգայուն, գույները շատ գեղեցիկ են, իմ գույներին էլ շատ մոտ են»։
Մանկության հիշատակներից, կարոտից ու տառապանքից ծնված Գորկու ստեղծագործությունը 1915-ի մեծ աղետի հոգեւոր պատասխանն է։ Այդ արվեստը մեր ժողովրդիՙ մահը կյանքով հաղթահարելու, իր ինքնության հարատեւումի ոգեղեն ուժի բռնկումներից է եւ մասնատել նրան հայկական մշակույթից, անկարելի է։ Ի դեպ, հիշենք նաեւ, որ հոգեւոր սխրանքի այդ եւ այլ օրինակների անթարթ հայացքը հետեւելու է մեր նոր սերունդներին...
¬ Արշիլ Գորկին կյանքի վերջին տարիներին ստեղծեց արվեստի այնպիսի գլուխգործոցներ, որոնք հայկական ոգու ֆենոմենը համաշխարհային մակարդակի հասցրին։ Հրաշալի ասացիք, թե Գորկու ստեղծագործությունը պատասխանն էր 1915-ի ցեղասպանության։ Ինքըՙ նկարիչը, ապրեց ողբերգականորեն կարճատեւ կյանք, որն ասես 1915-ի շարունակությունն էր, ի՞նչ կասեք այս մասին։
¬ Արշիլ Գորկին ապրում էր միմիայն արվեստով, ուրիշ երջանկություն նա չուներ, իր ստեղծագործական կյանքի իմաստը եւ երազանքն իր արվեստով կորցրած հայրենիքը վերականգնելն էր, սակայն իրար հետեւից ողբերգություններ եղան։ 1946¬ին Գորկու արվեստանոցը հրդեհվեց եւ 40 նկար կրակի մատնվեց, մեկ ամիս անց նա ենթարկվեց քաղցկեղի վիրահատության։ 1948-ին իր բարեկամ Լեւիի հետ ավտովթարի ենթարկվեց եւ կորցրեց աջ ձեռքի աշխատունակությունը։ Կյանքի այս ծանրագույն օրերին կինը երեխաների հետ հեռացավ տնից։ Կյանքին կապող միակ միջոցը ստեղածագործությունն էր, իսկ նա այլեւս չէր կարող նկարել եւ իրեն ոչինչ չէր մնում, աշխարհին տալու ոչինչ չուներ, ապրելն այլեւս անիմաստ էր գտնում... եւ ահա 1948 թ. ինքնասպանությամբ վերջ է տալիս կյանքին, կախվում արվեստանոցումՙ ճերմակ թղթի վրա «Մնաք բարով, սիրելինե՜ր» գրությունը թողնելով։
¬ Ե՞րբ եւ որքանո՞վ է Գորկու արվեստը ծանոթ հայ հասարակայնությանը։
¬ Գորկուն առաջինն արձագանքել է եգիպտահայ արվեստագետ Օննիկ Ավետիսյանը 1959-ին լույս ընծայված «Հայ նկարիչները եւ քանդակագործները» հրաշալի հատորում։ «Այդ գրքի վրա աշխատելիս,- հիշում է նկարիչ Հակոբ Հակոբյանը,- մի օր Ավետիսյանն ինձ ասաց, թե ինքը թեեւ համակիր չէ աբստրակտ նկարչությանը, բայց Գորկու նկարները հուզող ազդեցություն են թողնում իր վրա...»։
Օտար բազմաթիվ ուսումնասիրողներից բացի (Ռոզենբերգ, Լեւի, Շվեբահեր, Սպենդեր եւ այլն) Գորկու մասին գրել են մեր ազգակիցներ Կ. Մուրադյանը (Գորկու քրոջ որդին), Ա. Պերլյանը, Պ. Բալաքյանը, Ն. Մաթոսյանը եւ ուրիշներ։ Վերջերս լույս տեսած Հ. Ֆերրերայի (Գորկու կնոջ երկրորդ ամուսնու դուստրը) ծավալուն մենագրությունն ամբողջական ներկայացնում է Գորկու կյանքն ու ստեղծագործությունը։
Երեւանյան այցելության ժամանակ տիկին Վարդուհին պատմեց, որ երբ 1932-ին ամուսնու հետ Հայաստան է եկել, հետը բերած եղբոր չորս նկարները մեկնումից առաջ թողել է վանեցի արծաթագործ Հացագործյանի մոտ։ Վերջինիս 1937-ին ձերբակալել են, իսկ նկարներըՙ անհետ կորել։
Երեւանում էր բնակվում Գորկու հորեղբոր որդինՙ Ադո Ադոյանը, նրա հետ «Հայրենիքի ձայն» թերթում տպագրեցինք Գորկու մասին Հայաստանում առաջին հոդվածները։ Հետո ելույթ ունեցա հեռուստատեսությամբ, այդ ելույթը հանդուգն թվաց, աբստրակտ արվեստի մասին խոսելու իրավունք չունեի եւ ինձ անընդհատ հարցաքննության էին կանչում։ Բարեբախտաբար, այդ «վտանգավոր կանչերը» հետեւանքներ չունեցան։ Շարունակեցի նամակագրությունը տիկին Վարդուհու հետ, մի քանի անգամ եղա իր տանը։ Գորկու քույրը նպատակ էր փայփայում եղբոր նկարները նվիրել Հայաստանին եւ եթե չհաջողվեց մոր եւ որդու կենդանության ժամանակ, պատճառը հասկանալի էրՙ չկար վստահություն աբստրակտ արվեստը մերժող խորհրդային ռեժիմի նկատմամբ։
Շատ հուզիչ պարագա է, հոգով հայրենիքին կապված Վարդուհին, եղբոր գործերի իր հավաքածուն մահից առաջ կտակեց Հայոց եկեղեցուն։ Հիսունից ավելի գրաֆիկական այդ գործերն այնուհետեւ ապահովական նկատառումներով ի պահ տրվեցին Գյուլբենկյան հաստատության արդի արվեստի թանգարանին։ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով պատկերասրահի տնօրենս նախաձեռնեցի Հայաստանում կազմակերպել այդ գործերի ցուցահանդեսը։ Չհաջողվեց։ Իսկ երբ 65 տարիս լրանալու պատճառով ինձ ազատեցին պատկերասրահից, թվաց, որ Գորկուն Հայաստանում տեսնելու մեր երազանքը չի իրականանա։ Բայց...
¬ Բայց այս օրերին շատ է խոսվում Ձեր նշած գործերիՙ Հայաստան գալու մասին։ Հավաստի ի՞նչ տեղեկություններ ունեք։
¬ Ամիսներ առաջ մեր վեհափառ հայրապետըՙ Գարեգին Երկրորդն ինձ հանձնարարեց խորհուրդներով մասնակցել վեհարանին կից Խրիմյան Հայրիկի օրոք կառուցված եւ այժմ վերանորոգվող թանգարանի շինարարական աշխատանքներին։ Ինչպիսի երջանկությամբ համակվեցի, երբ իմացա, որ այդ թանգարանը կրելու է Արշիլ Գորկու անունը եւ այստեղ մշտապես ներկայացվելու են տիկին Վարդուհուՙ եղբոր հանդեպ մայրական զգացումներով տոգորված այդ մեծ հայուհու, Հայոց եկեղեցուն ժառանգած գործերը։
Վեհափառն ինձ ցույց տվեց եւ կարդաց կտակը, այնտեղ նշված էր, որ նվիրաբերվող գործերը կարելի է ցուցադրել տարբեր տեղերում, բայց ի վերջո պիտի լինեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ պիտի ցուցադրվեն դրանց հատկացվող թանգարանում։ Մենք էլ, ահա, ասաց վեհափառը, ստեղծում ենք այդ թանգարանը։
Նյույորքաբնակ մեր հայրենանվեր ազգակցիՙ Սարգիս Պետեւյանի հովանավորությամբ, նախկինում զինվորակայան, ապա պահեստարան ծառայած թանգարանի շենքի վերակառուցումն արդեն ավարտված է։ Սքանչելի է շենքի թե՛ արտաքին, թե՛ ներքին տեսքըՙ մարմարապատ հատակ, քարեղեն կամարածածկ, ցուցադրության հիանալի տարածություն, լուսավորության ու ջեռուցման արդիական համակարգ։
Արշիլ Գորկին վերադառնալու է տունՙ ձուլվելու իր պաշտած հայրենի երկրին, դառնալու է նաեւ մերը։ Մայր Աթոռում այսօր ծնունդ է առնում նորՙ միջազգային նշանակության թանգարան-կենտրոն։ Երախտիքի խոսքերն անբավարար են։ Թող մեր հայրենակիցները Հայաստանում եւ սփյուռքում գիտակցեն, որ մեր երկրի ու ժողովրդի համար այնքան կարեւոր, պատմական նշանակություն պարփակող ամենագեղեցիկ արարումներն իրականացել են մեր վեհափառ մեծ հայրապետների հեռատես գործելակերպով։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրվող հոգեւոր մշակութային այս օջախը նման ոգու նոր ու անսպասելի արձագանքն է։
Հարցազրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ