Վրաստանն Աբխազիայում այս առումով էլ անելիք չունի
Վրացական լրատվամիջոցների տեղեկության համաձայն, Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խաջիմբան կարծում է, որ Աբխազիայի տարածքում երկաթգծի վերանորոգման աշխատանքներում վրացական կողմի մասնակցությունը բացառված է։ Ինչպես լրագրողներին Սուխումում հայտարարել է Խաջիմբան, տնտեսական հարցերի լուծումը, մասնավորապես Սոչի-Թբիլիսի միջանցիկ երկաթուղային ճանապարհի բացումը, «Ինգուրի ՀԷԿ» կասկադի արդիականացումը, ինչպես նաեւ փախստականներիՙ Գալիի շրջան վերադարձը անմիջականորեն կախված են Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրականացումից։
Սոչիի համաձայնությունը վերաբերում էր Աբխազիայի Գալիի շրջան փախստականների անվտանգ եւ կազմակերպված վերադարձին, Աբխազիայի տարածքով Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթգծային հաղորդակցության վերականգնման, վրաց-աբխազական կոնֆլիկտի գոտում գտնվող Ինգուրի ՀԷկ-ի վերականգնման վրաց-ռուս-աբխազական համատեղ նախագծի հարցերին։ Համաձայնությունը ստորագրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան 2003 թ. մարտի 7-ին։
Աբխազիայի ներկա վարչապետը նշել է նաեւ, որ երկաթգծի վերականգնման հարցերը կորոշեն աբխազական կողմը եւ նրանք, ովքեր անմիջականորեն կզբաղվեն վերանորոգման աշխատանքներով, այսինքնՙ Ռուսաստանը։ «Թող Վրաստանը համապատասխան աշխատանքներ անցկացնի իր տարածքում», հայտարարել է վարչապետը։ Ըստ նրա, Աբխազիան ինքը կվճռի, թե ում հետ է աշխատելու այդ ուղղությամբ։
Ա. Հ.