Վաղը Վրաստանի նոր խորհրդարանը կգումարի իր առաջին նիստը
Ապրիլի 18-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մարտի 28-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այսպիսով, ընտրություններում հաղթողը իշխանական «Ազգային շարժում - դեմոկրատներ» դաշինքն էրՙ ստանալով 150 մանդատից 135-ը։ Իշխանական դաշինքը ստացել է ձայների 66,24 տոկոսը։
ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, խորհրդարանական ընտրություններում բացի նշված դաշինքից անհրաժեշտ 7 տոկոսանոց սահմանափակումը հաղթահարել է միայն իրեն ընդդիմադիր ներկայացնող «Աջ ընդդիմություն. Արդյունաբերողներ նորեր» դաշինքըՙ ստանալով քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 7,56 տոկոսը։
Այս տվյալների համաձայն, աջ ընդդիմադիրները նոր խորհրդարանում կունենան 15 մանդատ։ Հետաքրքրական է, որ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի Դեմոկրատական վերածննդի միություն կոչվող կուսակցությունը, ԿԸՀ տվյալներով, ստացել է 3,86 տոկոսՙ չհաղթահարելով Վրաստանի խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 7 տոկոսանոց սահմանափակումը։
Ինչ վերաբերում է ընտրություններում ընտրողների մասնակցությանը, ապա պաշտոնական տվյալներով, մարտի 28-ին քվեարկությանը մասնակցել են 1 մլն 498 հզ. 12 քաղաքացի, իսկ գրանցվել էին 2 մլն 343 հզ. 87 ընտրող։ Մարտի 28-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով, 33329 քվեաթերթիկ համարվել են անվավեր։ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Վրաստանի 52 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքները։ Քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել նաեւ Աջարիայի Քոբուլեթիի եւ Խուլոյի ընտրատարածքներում։ Այս ընտրատարածքներից ստացված արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ներառել վերջնական տվյալներում։
ԿԸՀ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Աջարիայի նշված երկու ընտրատարածքներում ապրիլի 18-ին նշանակված վերաքվեարկությունը չի կայացել։ ԿԸՀ ներկայացուցիչներին թույլ չի տրվել մուտք գործել Աջարիա, անգամ ԿԸՀ նախագահ Զուրաբ Ճիաբերաշվիլուն չի հաջողվել մտնել ինքնավարության վարչական տարածք։ Ճիաբերաշվիլին այս ամենի պատասխանատվությունը դրել է Աջարիայի ղեկավարության վրաՙ Վրաստանի դատախազությունից պահանջելով հետաքննել Աջարիայում ընտրությունների վերաքվեարկության խափանումը։ ԿԸՀ նախագահը դիմել է նաեւ Վրաստանի նախագահինՙ պահանջելով վերականգնել Վրաստանի ողջ տարածքում ազատ տեղաշարժվելու իր իրավունքը։
Միեւնույն ժամանակ, Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի կուսակցությունը պատրաստվում է բոյկոտել Վրաստանի խորհրդարանը։ Խորհրդարանի աշխատանքներին չեն մասնակցի 2003 թ. նոյեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով Աջարիայից ընտրված 6 պատգամավորները։ Ինչ վերաբերում է Աջարիայում գործող ընդդիմադիր «Մեր Աջարիա» քաղաքական շարժմանը, ապա շարժման լիդերներից Նուգզար Մգելաձեի արած հայտարարությամբ, Ասլան Աբաշիձեն պատրաստվում է լքել Աջարիան եւ ղեկավարել արտասահմանից։ Մգելաձեի խոսքերի համաձայն, Աբաշիձեն մեծ սադրանք է պատրաստում, որից հետո առանց հրաժարականի պատրաստվում է հեռանալ։
Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը նշանակված է ապրիլի 21-ին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Հ. Գ. Ամենայն հավանականությամբ, Թբիլիսիի նոր քաղաքապետը կլինի երեկվա դրությամբ արդեն ԿԸՀ նախկին նախագահ Զուրաբ Ճիաբերաշվիլին։ Երեկ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ճիաբերաշվիլին դիմել է իր հանձնաժողովի մյուս անդամներին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով եւ ստացել է հանձնաժողովի համաձայնությունը։