Ապրիլի լույս 13-ի իրադարձությունները ներքաղաքական հակամարտությունը զարգացման նոր փուլի հասցրեցին։ Առերեւույթ թվում է, թե եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը չեն մերժում բանակցությունների հնարավորությունը, իրականում երկու կողմն էլ անհաշտ են փոխադարձ այն պահանջների հանդեպ, որոնք պիտի դառնան երկխոսության օրակարգի հիմքը։ Անցած հանգստյան օրերին «Կենտրոն» եւ «Շանթ» հեռուստաալիքները ուղիղ եթերի էին հրավիրել մի կողմից ընդդիմության, մյուս կողմից կոալիցիոն իշխանության ներկայացուցիչներին։ Հեռուստատեսային շոուի կարգավիճակով անցկացվող քաղաքական այդ բանավեճերը ընդամենը բացահայտեցին պարզ մի իրողություն. ներքաղաքական անհանդուրժողականությունը Հայաստանում հասել է վտանգավոր սահմանի, երբ ոչ թե բանականությունը, այլ զգացմունքները կարող են ղեկավար դեր ունենալ ամենեւին էլ ոչ բանական որոշումների կայացման համար։
Ինչ է պահանջում ընդդիմությունը իբրեւ բանակցությունների գնալու պարտադիր պայման։ Թե՛ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, թե՛ «Արդարություն» դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանը, արտահայտելով ընդդիմության հաստատակամությունը, պնդում են մի բան. ազատ արձակել ձերբակալվածներին, դադարեցնել մարդաորսը, բացել մայրաքաղաք բերող ճանապարհները, պատժել բոլոր նրանց, ովքեր ծեծուջարդի են ենթարկել հանրահավաքի մասնակիցներին ապրիլի 13-ի գիշերը։ Եվ, իհարկե, հաստատում են Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչելու եւ վստահության հանրաքվեի համար ճանապարհ բացելու քայլեր ձեռնարկելու իրենց գլխավոր պահանջը։
Կոալիցիոն իշխանության ներկայացուցիչները, ի դեմս «Հանրապետական» խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, իբրեւ օրակարգային խնդիրներ առաջարկում են սահմանադրական, ընտրական ու դատական համակարգերի բարեփոխումների, հակակոռուպցիոն պայքար ծավալելու համատեղ քննարկումները։ Դրանք պիտի ընթանան հարաբերական դադարի պայմաններում, երբ ո՛չ ընդդիմությունը հանրահավաքներ կանի, ո՛չ իշխանությունները կշարունակեն կոշտ սցենարի կիրառումը։ Ընդդիմությունը ստեղծված իրավիճակում դրանք առաջին պլան մղելը անժամանակ է համարում։ Երկուսն էլ բերում են հակափաստարկներ, որոնք տրամաբանությանը մոտ լինելով հանդերձ, ներկա պահին դաշտը համակած խառնաշփոթի մեջ անիրագործելի են թվում։
Այնուամենայնիվ, ներքաղաքական սրված ներկապնակում առանձնանում են երանգներ, որոնք արտաքուստ աննշմար լինելով, իրականում իրադարձությունները անորոշ հուն մղող կարեւոր ազդակներ են։ Ընդդիմությունը ի դեմս կոալիցիայի չի տեսնում բանակցային կողմին։ Եթե կոալիցիան իրական իշխանություն է ներկայացնում, ապա նա է լինելու պատասխանատուն ապրիլի իրադարձությունների։ Եթե այդպես չէ, ապա ով է տվել ժողովրդի հետ փշալարերով ու մահակներով հաշվեհարդար տեսնելու հրամանը։ Եթե կոալիցիան տեղյակ չէ կամ անմասնակից է, ապա անիմաստ է ընդհանրապես նրա հետ որեւէ հարցի շուրջ բանակցելը։ Առավել եւս, իրական իշխանություն լինելու դեպքում, ըստ ընդդիմադիրների, կոալիցիոն ուժերը կարող էին արձագանքել ձերբակալվածներին ազատ արձակելու եւ նոր կալանումները բացառելու իրենց պահանջին, եթե իսկապես ուզում են նստել երկխոսության։
Թերեւս կոալիցիային պարզապես մարիոնետի դերում ընկալելու այս համոզմունքն է պատճառը, որ ընդդիմության ճամբարից ստեպ-ստեպ համակրանքի կամ հավանության ձայներ են լսվում նրա հասցեին։ Գուցե նաեւ երերումի նշաններ ցուցադրող անկայուն հատվածին հակաիշխանական դաշտ մղելու նպատակ կա։ Մի խոսքով, ընդդիմության ատելության թիրախը ամենեւին էլ կոալիցիան չէ։ Նրա գերխնդիրն այս պահին ոչ թե տիկնիկներին, այլ տիկնիկավարին փոխելն է։
Թերեւս արդարացնելով ընդդիմության կասկածները, չափազանց նուրբ իրավիճակում հայտնված կոալիցիան ի պատասխան դժվարանում է վճռական այո կամ ոչ ասել։ Փոխարենը ներկայացվում է մեկնաբանությունների նույն տեսականին. վստահության հանրաքվեի խնդիրն արհեստածին է, քանի որ նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած արդյունքները վերանայման ենթակա չեն։ Առավել եւս, եթե այդ արդյունքները հաստատել են ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի զեկույցները։
Մյուս կողմից, ակնհայտորեն տարակուսելի է նաեւ ընդդիմության համառ պահանջը վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Եթե նա համոզված է, որ երկրում միապատկան իշխանություն է, որի հետեւանքը դարձան ե՛ւ նախագահական, ե՛ւ խորհրդարանական կեղծված ընտրությունները, ապա ի՞նչ երաշխիք, որ նույն անսահմանափակ լծակներն օգտագործելովՙ նույն իշխանությունը չի կեղծի նաեւ վստահության հանրաքվեի արդյունքները։
Թշնամական բանակների է բաժանվել նաեւ հասարակությունը։ Դժվար է ասելՙ ընդդիմության ու իշխանության գործողություններին հավանություն տվող ո՞ր զանգվածն է գերակշռող կամ որքա՞ն է այն հատվածը, որ դատապարտում է երկուսին էլ։ Որ կողմն էլ հակված լինեն այդ երեք շերտերը, նրանց բոլորին միասնականացնում է սոցիալական անբավարարվածության խոր զգացումը։ Եվ մի շերտը գնում է ընդդիմության հետեւիցՙ նրա հետ հավատալով, որ իշխանափոխությունը երջանիկ ապագա է տալու իրեն։ Կա նաեւ մի չորրորդ շերտՙ պաշտոնյաներն ու օլիգարխները, որոնց շահերը բախվում են իշխանափոխության հեռանկարին եւ ամեն կերպ խոչընդոտելու են դրան։ Ակնհայտորեն դրա ապացույցը ապրիլի 13ին լրագրողներին դաս տալու օպերացիայում թիկնապահական կաստայի ակտիվ մասնակցությունն էր։
Դեռ իրադարձությունների սրընթաց զարգացումներից շատ առաջ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը իրատեսական գնահատական տվեց իշխանափոխության սցենարին. նախագահի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի երկրում, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։
Երկրի տնտեսական ու սոցիալական կյանքը մեր երկրում ընթանում է արատավոր ռելսերով, եւ այդ մեխանիզմը փոխելու ուժ ու հնարավորություն է պետք։ Ուժը պաշտոնյային ու կլաններին խելքի ու օրինավորության բերելու քաղաքական կամքն ու ցանկությունը կդառնան, հնարավորությունըՙ դրանց հետեւող կենսամակարդակի ու սոցիալական փոփոխությունների թարմ հոսանքը։ Սակայն նույնիսկ լուծումների այսպիսի փորձերը ուշացած են ու կարող են նպատակին չծառայել։ Փոխադարձ դատափետումների փուլը հասել է այնպիսի սահմանի, երբ ընդդիմությունն այլեւս սպասել չի ուզում, իշխանությունըՙ համբերել, իսկ ընդարմացումից արթնացած ժողովուրդը ուզում է վրեժխնդիր լինել իրեն երկար ժամանակ կուլիսների հետեւում թողնելու համար։ Եվ նրա վրդովմունքը իսկապես կարող է փոխվել ցասման։ Երկխոսության հնարավորության ու փոխզիջումների մերժումը նաեւ սրան կարող է հանգեցնել։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ