Մոսկվացի նշանավոր բժիշկ-գիտնական, Ռուսաստանի տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի կենտրոնական ինստիտուտի (ՑԻՏՕ) վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանն իր գիտական գործունեությունը նշանավորեց հիանալի իրադարձությամբ. Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի նորերս տեղի ունեցած ընտրություններում նա դարձավ այդ հեղինակավոր հաստատության իսկական անդամ։ Նորընծա ակադեմիկոսը տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի բնագավառում մեխանիկական համակարգերի օգտագործմամբ բուժման մեթոդների մշակման գիտական ուղղության հիմնադիրներից մեկն է։ Հեղինակ է 410 գիտական աշխատության, այդ թվում 12 մենագրության, 5 գրքի, 4 ատլասի, 90 գյուտի, 50 պատենտի։ Եվ ամենանշանակալինՙ 1976 թ. նրա անունով գրանցվել է գիտական խոշոր հայտնագործություն։ Այսօր անվանի գիտնականը մեր հյուրն է։
¬ Հարգելի պրոֆեսոր, շնորհավորում եմ պատվավոր գիտական կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Բայց մեր զրույցը կուզենայի սկսել բնավ էլ ոչ գիտական բնույթի մի հարցովՙ մեր հակասական ժամանակներում հայի համար դժվա՞ր է դառնալ ակադեմիկոս Ռուսաստանում։
¬ Ես չէի ասի։ Իհարկե, նման մտավախություն կարող է առաջանալ, բայց դա քաղաքագետների գործն է։ Կովկասցիների նկատմամբ որոշ անհանդուրժողականության մթնոլորտը, փառք Աստծո, գիտական հանրություն չի թափանցել։ Համենայն դեպս, ազգային առումով որեւէ խտրականություն չեմ զգացել։ Ավելի շուտՙ հակառակը։
¬ Պարզ է, ամենաազդեցիկ փաստարկը գիտական աշխատանքների արգասիքն է։ Ես ուշադիր համեմատեցի Ձեր եւ Ձեր երկու հիմնական մրցակիցների ներկայացրած գիտական տվյալները եւ հանգեցի այն եզրակացության, որ «թվաբանությունը» շանս չի թողել մյուս թեկնածուներին։ Փաստորեն, այսօր Մոսկվայում միայն երկու տրավմատոլոգ ակադեմիկոս կաՙ Դուք եւ ՑԻՏՕ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միրոնովը։
¬ Միայն թե չհարցնեք, թե նա խանդով չի՞ նայում այդ հանգամանքին։ Բոլորովին, թերեւս ամենից շատ նա է գնահատում իմ գիտական վաստակը։ Երեւի գիտեք, որ Սերգեյ Պավլովիչը ղեկավարում է նաեւ ՌԴ նախագահի գործերի կառավարչության բժշկական կենտրոնը, եւ արդեն երկար տարիներ մենք միասին ենք աշխատում նաեւ այդ կենտրոնում։ Ի դեպ, այս հանգամանքն ինձ հնարավորություն է տվել բուժման հետ մեկտեղ շփվելու, զրուցելու, մտերմանալու այնպիսի ակնառու մարդկանց հետ, ինչպիսիք էին Անաստաս Միկոյանը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Տիգրան Պետրոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Առնո Բաբաջանյանը... Ի՜նչ հայեր ունեինք...
¬ Պրոֆեսոր, դառնանք, մեր այսօրվա հիմնական թեմային. հակիրճ ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր աշխատանքների էությունը։
¬ Առաջնային են այն աշխատանքները, որոնք վերաբերում են մեր առաջարկած հոդակապային-դիստրակցիոն սարքերով վերջույթների վնասված հոդերի ձեւի ու գործառնության վերականգնման մեթոդների որոնմանը եւ կլինիկական պրակտիկայում դրանց արմատավորմանը։ Մենք մշակել եւ ներդրել ենք իմ ղեկավարությամբ ստեղծված սարքերի 9 մոդելների կիրառման հիման վրա ոսկրային ջարդվածքների ճշգրիտ վերատեղադրման եւ ուղիղ ամրակայման ոսկրասինթեզի եղանակներ։ «Խնայող» վիրահատական միջամտությունների տակտիկան նպաստում է կոտրվածքների հաջող ապաքինմանը, վերջույթի սեգմենտի դոզավորված երկարացման հնարավորությանըՙ միաժամանակ բեռնաթափելով մերձավոր հոդը եւ պահպանելով շարժումները, այնտեղ կոնտրակտուրաների (շարժունակության սահմանափակման) զարգացման կանխմանը։ Նոր են ոսկրային եւ կռճիկային հյուսվածքի վերականգնման կենսաբանական նոր տեխնոլոգիաների մշակման աշխատանքները։
¬ Մի քիչ ակադեմիական ստացվեց, որը թերեւս բնական է։ Դուք ինչպե՞ս դարձաք վնասվածքաբան։
¬ Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երեւանի բժշկական ինստիտուտ եւ ուսման վերջին տարիներին ընտրեցի տվյալ մասնագիտությունը։ Հետո ինձ ուղարկեցին ասպիրանտուրաՙ մոսկովյան ՑԻՏՕ։ Մի քանի ամիս հետո ինձ համար բոլորովին անսպասելի համագործակցության առաջարկ արեց ինստիտուտի տնօրեն, արդեն այն ժամանակ հայտնի տրավմատոլոգ, ակադեմիկոս Մստիսլավ Վոլկովը։ Ընդ որում, նա մեր համատեղ հետազոտություններում ուղղություն էր տալիս, բայց երբեք շրջանակի մեջ չէր դնում ինձ։ Միասին էլ ստեղծեցինք այսպես կոչված հոդակապային-դիստրակցիոն ապարատների շարքը։
¬ Նայելով լուսանկարների Ձեր հուշ-ալբոմը, այն տպավորությունն ես ստանում, թե աշխարհում չկա մի երկիր, որտեղ վիրահատություն կատարած չլինեք։
¬ Իրոք, շատ երկրներում եմ վիրահատել մարդկանց, նույնիսկ կլինիկաներ եմ ունեցել Սերբիայում, Հնդկաստանում, Հարավային Կորեայում։
¬ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, թե Ձեր կյանքի ամենածանր տարին եղել է 1988 թ.։
¬ Ես ԱՄՆ-ում էի, երբ լսեցի երկրաշարժի լուրը։ Օգնության խնդրանքով դիմելով տեղի գործընկերներիս, անմիջապես վերադարձա Մոսկվա։ Ինստիտուտում արդեն հարյուրավոր ծանր հիվանդներ էին պառկած։ Չնայած վիրաբույժիս հսկայական փորձին, տրավմատոլոգը, ավա՜ղ, տարերային աղետների ու պատերազմների անփոփոխ ուղեկից է, այնպիսի ահավոր վնասվածքներով հիվանդների, ինչպիսիք էին երկրաշարժից տուժածները, առաջին անգամ էի տեսնում։ Օրերով դուրս չէի գալիս վիրահատարանից։
¬ Կարելի է պատկերացնել նաեւ բարոյական տանջանքը։
¬ Մայրենի լեզվով արտահայտվածՙ տառապանքը խոցում էր սիրտս։ Լենինականցիներն էլ, գիտեք, տաքարյուն ժողովուրդ են, հիվանդների հարազատները, բարեկամները հաճախ մտնում էին նույնիսկ վիրահատարան, խանգարում բժիշկներին. մեզանից ու հատկապես ինձանից միայն հույս ու հավատ էին պահանջում։ Մինչեւ հիմա էլ աչքիս առաջ են այդ տառապյալները։
¬ Պրոֆեսոր, Դուք անցյալ տարի Երեւանում մասնակցեցիք հայ վիրաբույժների միջազգային հավաքին։ Ի՞նչ տպավորություն ստացաք։
¬ Կարող եք պատկերացնել իմ հոգեկան վիճակը, երբ տասնամյակներ հետո հայրենի ալմա մատերում դասախոսություն էի կարդում ուսանողների առջեւ... Անասելի հուզմունք էր պատել ինձ։ Մեր մեջ ասածՙ ես Մոսկվայի ներկայումս գործող հայ բժիշկների մեջ միակ կլինիցիստ ակադեմիկոսն եմ, որ ավարտել եմ Երեւանի բժշկական ինստիտուտը։
¬ Եթե չեմ սխալվում, Դուք նաեւ հետխորհրդային տարածքում միակ տրավմատոլոգն եք, որ արժանացել եք գիտության բնագավառի պետական մրցանակի եռակի դափնեկրի կոչման։
¬ Չեք սխալվում, բայց ավելի լավ է նորից վերադառնանք Երեւան։ Հետաքրքրական բան տեղի ունեցավ։ Ռեկտոր, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանը խնդրեց, որ ես դասախոսությունից առաջ կենսագրությունս ներկայացնեմ հայերեն, քանի որ, բացատրեց նա, այստեղ սովորող շատ օտարերկրացիներ ռուսերեն չգիտեն։ Հետո մոսկվացի գործընկերներիցս մեկը սրամտեց, թե հայերեն ելույթս ավելի ջերմ ընդունվեց, քան... բուն դասախոսությունը։ Երկու լեզուներով պատասխանեցի նաեւ ապագա բժիշկների բազմաթիվ հարցերին։ Հիանալի երկխոսություն ստացվեց։ Երջանկությունս կատարյալ էր, երբ ինձ պարգեւատրեցին Մխիթար Հերացու ոսկե մեդալով։
¬ Ինչպե՞ս եք գնահատում բժշկագիտության մակարդակը Հայաստանում։
¬ Շատ բարձր։ Օրթոպեդիայի եւ տրավմատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Այվազյանի խնդրանքով երեք դասախոսություն կարդացի այդ հաստատությունում, ծանոթացա նրանց աշխատանքին։ Պրոֆեսիոնալ մակարդակն իրոք արժանի է գովեստի. գրեթե բոլոր վիրահատությունները, որ մենք կատարում ենք Մոսկվայում, տեղ ունեն նաեւ Երեւանում։ Ես սա ասում եմ անկեղծորենՙ որպես մասնագետ։ Եվ դա Մոսկվայի ու Երեւանի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների տարբերության պայմաններում։
Հայաստանյան մասնագիտական հավաքները դրսում ապրող հայերիս համար ոգեւորության ու ոգեշնչման աղբյուր են։ Սփյուռքի խնդիրների շուրջ Էջմիածնում բովանդակալից զրույց ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Բ-ի հետ։ Օգնել ենք ու կօգնենք մեր ավետյաց երկրին։ Լինելով աշխարհի շատ վայրերում, միշտ հանդիպել եմ տեղի հայ համայնքների, հայ գործընկերներիս հետ։ Ամենավառ հիշողություններն ունեմ սփյուռքի մեծագույն տրավմատոլոգ Համբարձում Քելեքյանի հետ Ամերիկայում ու Մոսկվայում ունեցած բազմաթիվ հանդիպումներից։ Հայությունը մեծ ուժ է։ Ինձ համար, օրինակ, խիստ գնահատելի էր ակադեմիայի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հայերի միության ու մասնավորապես դրա նախագահ Արա Աբրահամյանի ցուցաբերած բարոյական մեծ աջակցությունը։
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա