«Թելեպլաս» ՍՊԸ անունից մի շարք հեռուստաալիքներով «ծանոթության ծառայության» գովազդը նոր պատուհաս դարձավ «Արմենտելի» կամայականություններին պատանդ ժողովրդի համար։ Ամենատարբեր հաշվարկներով տասնյակ հազարավոր դոլարների է հասնում բաժանորդների կրած վնասը։ Հայտնի է, որ առանձին բաժանորդներ մինչեւ 1 մլն դրամի հեռախոսային խոսակցության պահանջագրեր են ստացել։ Առայժմ դատական ատյաններին հայցադիմումներ են ներկայացրել ընդամենը 200 տուժածներ։
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան երեկ «Կոնգրես» հյուրանոցում հանդիպում էր կազմակերպելՙ ներկայացնելու հեռախոսային կապի ծառայությունում այս յուրօրինակ արկածախնդրության դեմ պայքարի իրավական ուղիները։
Հիշեցնենք, որ նրանց անմիջական մասնակցությամբ ու նախաձեռնությամբ իրականացվեց Քրիստինա Տերյանիՙ այս ծառայությունների դեմ հարուցած դատական հայցը։ Ապրիլի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ու տնտեսական գործերով պալատը մերժեց «Արմենտել» ՓԲԸ վճռաբեկ դիմումըՙ անփոփոխ թողնելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ վճիռը։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, անբարեխիղճ գովազդի հետեւանքով առաջացած վնասները ենթակա են հատուցման։ Ք. Տերյանի անչափահաս որդին չէր օգտվի այդ ծառայություններից, եթե գովազդը ճշմարիտ ներկայացներ ծառայության էությունը, եթե պարզ եւ ընկալելի նշվեր նաեւ սակագնի չափը (15 ցենտՙ 0,15 րոպեի համար)։ Փաստորեն, անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը պատճառ է դարձել, որ տասնյակ ընտանիքներ հայտնվեն թակարդում։ Առայժմ տուժողներից միայն երկուսին է հաջողվել վերականգնել իրենց իրավունքները, մնացածների հեռախոսները, ըստ ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, անջատված են։
Ցավոք, մեր օրենսդրությունը որեւէ կետով չի նախատեսում փոխհատուցումներ բարոյական կամ նյարդային կորուստների համար եւս։ Իսկ նվաստացում ու քայքայված նյարդեր բոլորը վաստակեցին։
Համենայն դեպս, իրադարձություններից առաջ չընկնելով հուսանք, որ մյուս տուժողները նույն նախանձախնդրությամբ, ինչպես նշված բաժանորդի դեպքում, կկարողանան վերահաստատել իրենց իրավունքները։ Որպեսզի օտարները նմանակելով անազնիվ գործարարության օրինակները նաեւ հայկական իրականության մեջ, չվարվեն հայ սպառողի հետ, այնպես, ինչպես խելքներին փչում է։
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան հասարակական մյուս կազմակերպություններին եւս խորհուրդ է տալիս հետեւել իրենց օրինակինՙ աջակցելու «Թելեպլասի» զոհերին։
Ի դեպ, ասենք, որ շատ կազմակերպություններ ակտիվ էին «Թելեպլասի» շուրջ առաջացած աղմուկի միայն սկզբնական շրջանում։ Իսկ այժմ, ցավոք, լռություն են պահում։ Մինչդեռ սպառողի հաղթանակով ավարտված այս դատավարությունը հուշում է, որ ակտիվ բաժանորդ կամ պարզապես ակտիվ սպառող լինելու դեպքում հնարավոր է ոչ միայն որոշակի արդյունքի հասնել, այլեւ հետագայում նպաստել անախորժ իրողությունների կրկնության ու տարածման կրճատմանը։ Համենայն դեպս, նման պահանջով հայց ներկայացնողների հաջողությունը կիսով չափ ապահովված է, քանի որ հիշատակված գովազդի անբարեխիղճ լինելու հատկանիշն արդեն վերաքննիչ դատարանում արձանագրվել է իբրեւ իրավաբանական փաստ, եւ նման հայցեր քննարկելիս այլեւս հարկ չի լինի ապացուցել այդ գովազդի, մեղմ ասած, անազնվությունը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ