«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2004-04-17 | #70, 2004-04-20 | #71, 2004-04-21


ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ 1 ԱՄԻՍ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ

Հասարակածային Գվինեա

Հասարակածային Գվինեայում հայաստանցի 6 օդաչուների ձերբակալումը փայլուն հավաստիքն է այն իրողության, թե օտար ափերում աշխատանք փնտրող մարդիկ որքան քիչ են ապահովագրված ամենաանհավանական ու անկանխատեսելի փորձություններից։ Արդեն 1 ամիս մեր դիվանագետներին չի հաջողվում մուտք գործել Հասարակածային Գվինեա, որպեսզի տեղի ղեկավարության հետ բանակցելովՙ հնարավոր լինի փրկել դժբախտության մեջ ընկած օդաչուներին։ Երկիր մուտքի թույլտվություն ստանալու համար հայ դիվանագետները նախ պետք է կարանտինային բժշկական քննություն անցնեին, որի համար նրանց համապատասխան դեղամիջոց է ներարկվել։ 10 օր անց ներարկման ազդեցությունը ստուգելուց հետո դրական եզրակացություն է տրվել։ Սակայն դրանից հետո էլ վիզայի ստացման գործընթացը ձգձգվում է ամենատարբեր պատճառաբանումներով։ Արդեն 2 շաբաթ հայ դիվանագետներից մեկը Եվրոպայում նստած սպասում է պատասխանի։

Հստակորեն պարզաբանված չէ, թե իրապես ինչ մեղադրանքներ են ներկայացվում հայերին, եւ նրանց դեմ հարուցված գործն ինչ փուլում է։ Ինչ-ինչ տեղեկություններ ստացվում են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի միջոցով։ Հիշեցնենք, որ, առայժմ ձեռք բերած տեղեկությունների համաձայն, հայ օդաչուներին մեղադրում են ծանրագույն հանցանքիՙ պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։ Սակայն արտգործնախարարությունում դա հավանական չեն համարումՙ նկատի առնելով մեր օդաչուների անբասիր կենսագրությունը, նաեւ նրանց մասնագիտացման ուղղվածությունը։ Պայմանագրով աշխատանքը ենթադրել է բեռնափոխադրումներ։ Բայց թե բեռների ինչ տեսականի է փոխադրվել, օդաչուները կարող էին եւ չիմանալ։ Նրանց ներկայացվող մեղադրանքների իսկությունը, հետագայում գուցե փաստաբանական ծառայության օգնությունը, հնարավոր կլինի պարզել միայն երկիր մտնելու միջոցով։ «Հայաստանի համար սա ուղղակի փորձություն է, երբեւէ նման նախադեպ չի եղել, առավել եւս մի երկրի հետ, որի հետ մեր երկիրը որեւէ հարաբերություն չունի», ասում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Համլետ Գասպարյանը։

Արտգործնախարարությունը դիմումներ է հղել նաեւ Միավորված ազգերի կազմակերպությանն ու Միջազգային կարմիր խաչին։ Տարբեր ատյանների դիմելու փորձեր են անում նաեւ օդաչուների հարազատները։ Առայժմ միայն Միջազգային կարմիր խաչի միջամտությամբ հաջողվել է պարզել, որ կալանվածների առողջական վիճակը բավարար է եւ նրանց վրա բռնությունների հետքեր չկան։ Հասարակածային Գվինեայի ներքին գործերի նախարարի ներկայությամբ Կոֆի Անանի ներկայացուցիչը եւս հանդիպել է մեր օդաչուների հրամանատարի հետ։ Բայց, այնուամենայնիվ, պետական մակարդակով ուղիղ բանակցությունների մեջ մտնել Գվինեայի ղեկավարության հետ առայժմ չի հաջողվում։ Թե ինչու, արտգործնախարարությունում չգիտեն։ «Համենայն դեպս, միջազգային կազմակերպությունների եւ նշված երկրների միջամտությունները որոշ չափով երաշխավորում են, որ այս պահին կալանվածների հանդեպ կամայական որոշումներ չեն կայացվի», ասում է Համլետ Գասպարյանը։

Դրությունը լավատեսական չէ նաեւ այն առումով, որ աֆրիկյան այս երկիրը եւ Հայաստանը համատեղ մասնակից չեն միջազգային որեւէ կոնվենցիայի, որը պիտի երաշխավորեր նման վիճակում հայտնված մարդկանց իրավական պաշտպանվածությունն ու կարգավիճակը։ Այդպիսի փաստաթղթեր երեւի պիտի փնտրվեն Եվրախորհրդի կամ ԱՊՀ շրջանակներում, որոնց հետ այդ երկիրը որեւէ առնչություն չունի։ Նման կոնվենցիա առկա է միջազգային հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ, բայց Հայաստանը Գվինեայում հյուպատոսարան չունի, որի ներկայացուցիչները կարողանային տեսակցել հայ գերյալների հետ։ Հիշեցնենք նաեւ, որ այս երկիրը ներքաղաքական բարդ ժամանակաշրջան է ապրում, եւ, միջազգային լրատվամիջոցների համաձայն, երկրի ղեկավարության դեմ մի քանի մահափորձեր են կատարվել։ Հասարակածային Գվինեայում հայկական համայնք եւս բացարձակապես չկա, այնպես որ, խնդիրն առայժմ բոլոր տեսանկյուններից փակուղու մեջ է։

Առավելագույնը, ինչ հաջողվել է մինչ այսօր, ՀՀ նախագահի ուղերձն է, որը, եթե հաջողվի երկիր մուտք գործել, մեր դիվանագետները կներկայացնեն Գվինեայի նախագահին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4