«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2004-04-21 | #72, 2004-04-22 | #73, 2004-04-23


«ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿՐԿՆՎԻ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հերթական հանդիպումը լրագրողների հետ ամբողջությամբ վերաբերեց ներքաղաքական կացությանը։ Ասուլիսի անհրաժեշտություն հարկավ, կար, նկատի առնելով տեղական եւ դրսի մամուլում հաճախակի շրջանառվող այն լուրերը, թե ստեղծված իրավիճակը վրացական հեղափոխության այլ տարբերակն է եւ ընդդիմության հետ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտի եւ Սորոսի հիմնադրամի համագործակցության հետեւանք։ Ինչպես եւ ենթադրվում էր, ԱՄՆ դեսպանը հերքեց դրանք. «Դա ԱՄՆ-ի խնդիրը չէ, քաղաքական որոշումներ պիտի կայացնեն միայն հայերը։ Ընտրությունների ժամանակ էլ մենք չէինք արտահայտում մեր դիրքորոշումը։ Հայաստանի հետ կապված մեր շահը նրա ժողովրդավարության ուղիով զարգացումն է»։

Այս ընթացքում դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ։ Նրա դիրքորոշումը համընկնում է ներքաղաքական կյանքում այսօր լայնորեն շրջանառվող բանաձեւի հետՙ քաղաքական իրական գործընթացներ կսկսվեն միայն երկխոսության միջոցով. «Յուրաքանչյուր ոք մի պահ կանգ առնելով պիտի հարց տա իրենՙ արդյոք խելամիտ ու կառուցողակա՞ն է ընտրած ուղին»։ Սակայն հնարավո՞ր է արդյոք երկխոսություն փակուղային իրավիճակում, երբ իշխանությունը եւ ընդդիմությունը փոխադարձ անհանդուրժողականությամբ են վերաբերվում միմյանց, առավել եւս ապրիլի 13-ի իրադարձություններից հետո։

Դեսպանը պնդեց իր կարծիքը, ընդգծելով, որ երկխոսության հնարավորության համար հիմքեր պիտի ստեղծեն նախ իշխանությունները։ Ապրիլի 13-ի գիշերը ավելի սրեց վիճակը, ավելի նվազեցրեց քաղաքական բանակցություն ծավալելու հավանականությունը։ Եվ կարելի է հասկանալ նաեւ ընդդիմությանը, որ ձերբակալություններից (նաեւ վերջին հանրահավաքից հետո), խուզարկություններից հետո հրաժարվում է բանակցությունների սեղանին նստել։

Հավատարիմ մնալով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության ոգուն, Ջոն Օրդուեյը կրկնեց, թե իրենք կարծում են, որ ազատ պիտի արձակվեն բոլոր կալանվածները, անթույլատրելի է կուսակցական գրասենյակների փակումը։ Անկասկած այս ամենի մասին դեսպանը զրուցել է նաեւ ՀՀ նախագահի հետ, բայց թե ինչ կտրվածքով ու մանրամասներով, ճիշտ չհամարեց նշել։ Ասաց միայն, որ մասնավոր հանդիպումները դրական արդյունք տվել են. «Շատ բան, որ խնդրել ենք, արվել է արդեն»... «Մենք չենք կարծում, որ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար մարդիկ պիտի ձերբակալվեն, եւ հույս ունենք, որ ապրիլի 13-ի իրադարձությունները չեն կրկնվի։ Մենք կցանկանայինք օգնել Հայաստանինՙ դուրս գալու այս վիճակից»։

Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը։ Ամերիկյան պետությունը կողմնակից է, որ առաջընթաց գրանցվի սահմանի բացման խնդրում։ Հունիսի վերջին կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, եւ թուրքերի հետ աշխատանքային հարուստ օրակարգ ունի ԱՄՆ-ը։ Այդ օրակարգի կետերից մեկը հենց վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց թե ինչպիսի ճակատագիր կունենա հարցի առաջադրումը թուրքերի առաջ, Ջոն Օրդուեյը չգիտի։

Դեռ մի ամիս առաջ արդեն հայտնի էր, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մտադիր է փոխել Ջոն Օրդուեյի դիվանագիտական աշխատավայրըՙ նրան ուղարկելով Ղազախստան։ Թե ո՞վ է փոխարինելու նրան Հայաստանում, դեսպանը դարձյալ չցանկացավ ասել. «Ջորջ Բուշը կզայրանա, եթե իմանա, որ ինքը ժամանակից շուտ տվել է նոր դեսպանի անունը»։

Պատասխանելով «Ազգի» հարցին, թե դեսպանը ինչպե՞ս է մեկնաբանում «Նյու Յորք թայմս» հեղինակավոր թերթի որոշումը «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը առանց վերապահումների (ասենքՙ առանց «ինչպես հայերն են ասում» ուղեկից բառակա-պակցության) օգտագործելու մասին, եւ կարելի՞ է դա արդյոք դիտարկել իբրեւ պետական դիրքորոշման փոփոխության նշան, Ջոն Օրդուեյը պատասխանեց. «1915 թվականի իրադարձությունների շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվելՙ դրանց ճիշտ ձեւակերպումը գտնելու նպատակով։ Ամերիկյան տարբեր քաղաքներ ու նահանգներ հստակեցրել են իրենց դիրքորոշումը։ Նրանք ասում են, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, ցեղասպանություն է։ «Նյու Յորք թայմսի» որոշումը տեղավորվում է այդ տրամաբանության շրջանակներում։ Բայց դա չի կարելի համարել ամերիկյան դիրքորոշման արտահայտություն։ 2 օր հետո Ջորջ Բուշը այդ մասին հայտարարություն կանի, եւ այդ ժամանակ պարզ կդառնա, թե Ամերիկան ինչպես է որոշել ձեւակերպել իր քաղաքականությունը ապրիլի 24-ի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն կլինի»։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4