«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2004-04-23 | #74, 2004-04-24 | #75, 2004-04-27


ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Անշուշտ կոռեկտ չէ, բայց տեղին է ասել, որ Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցում Եղեռնի հերթական տարելիցի նշումն անցավ... մեծ հանդիսավորությամբ։ Սրբապիղծ այս հակադրությունն իր բացատրությունն ունի. մոսկվացի հայերի համար գաղտնիք չէր թեմի հին ու նոր առաջնորդների անհաշտ հակամարտությունը, որ անառողջ մթնոլորտ էր ստեղծում եւ տեղի միակ գործող եկեղեցու դերը դարձնում պայմանական։ Ու դա շարունակվում էր մի քանի տարի։ Կրոնական հաստատությանն այնքան անհարիր իրավական քաշքշուկներից հետո վերջապես աշխարհիկ ուժը ուղղումներ մտցրեցՙ իր իրավասության շրջանակներում հաստատելով իսկական առաջնորդի լիազորություններ։ Եվ բուռն էր մոսկվահայության արձագանքը։

Եվ այսպես, արդեն Զատկի տոնից սկսած, Աստծո հետ հաղորդակցման մոսկովյան սրբավայրում իր հոգեւոր խոսքն է ասում Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը։ Ապրիլի 24-ին ի դեմս նրա էին զոհերի հիշատակին տուրք մատուցում ՌԴ Պետդումայի պատվիրակությունըՙ փոխնախագահ Արթուր Չիլինգարովի, Հայաստանի դեսպանության աշխատակիցներըՙ դեսպան Արմեն Սմբատյանի, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներըՙ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ։ Թվում էր, Մոսկվայի ողջ հայությունն էր հավաքվել այստեղ, ու դժվար է ասելՙ մարդի՞կ էին կարոտել եկեղեցուն, թե՞ եկեղեցինՙ մարդկանց։ Ծով ծաղկեպսակներ էին դրված տեղի հին ու նոր, մեծ ու փոքր ազգային-հասարակական կազմակերպությունների, անհատների անունից։ Սուբյեկտիվորեն նշեմ, որ աչքիս զարնեց իմ հայրենի հեռավոր Շամշադինի Այգեձոր գյուղի մոսկվայաբնակ ներկայացուցիչների ծաղկեպսակը։ Ողբերգական իրադարձության նշման ֆոնի վրա մարդկանց պարուրել էր, նորեն ներողություն, բավարարության զգացումը։ Վերադարձի՛։ Ուշադրություն էր գրավում, որ եկեղեցու տարածքը դադարել է առեւտրի ու դրամահավաքության վայր լինելուց, երբ գերեզմանների հարեւանությամբ լավաշ ու ձայնասկավառակներ էին վաճառվում։

Եզրաս սրբազանը արդեն թափով ձեռնամուխ է եղել նոր եկեղեցու կառուցման աշխատանքներին։ Վստահ լինենք, որ նա կնորացնի նաեւ տարիներից եւ անվայել անտարբերությունից անշքացած ու խունացած Ս. Հարություն եկեղեցին, որի հետ կապված մեծ հիշողություններ ունեն Մոսկվայի հայերը։

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4