Ա1+-ի ինտերնետային էջը տեղեկացնում է, որ Ստրասբուրգում երեկ մեկնարկած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում հաստատվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը օրակարգ մտցնելու առաջարկը։ Պատվիրակներից 106-ը կողմ է քվեարկել, 42-ըՙ դեմ։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը դեմ է եղել ներկայացված առաջարկին, իբրեւ փաստարկ բերելով իրավիճակի հետագա վատթարացման հավանականությունը։ Իր ելույթում նա նշել է, որ ամենից առաջ պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչի համար անհրաժեշտ է մոնիտորինգի խումբ ուղարկել Հայաստան։ «Հայաստանում այնպիսի իրավիճակ չէ, որ անհնար լինի մի քանի օր սպասել», ասել է նա։
Հարցն օրակարգ մտցնելուն կողմ է եղել Վրաստանի պատվիրակության փոխնախագահ Տեւթորաձեն։ Իսկ Բյուրոյի անդամ Յորշին ասել է. «Հայաստանում վարչական ձերբակալություններ են, բռնություններ, ահաբեկչություն, փակված ճանապարհներ։ Իրավիճակը կարող է վատթարանալ։ Պետք է անհետաձգելի քննարկում անցկացնել»։
Այսպիսով, այսօր, երեկոյան ժամը 18-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում կլսվի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հարցը։ Զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը։
Ռ. Պ.