Անցած տարի Հայաստանում որդեգրվել է 215 երեխա, 81-ին որդեգրել են օտարերկրացիները
Փետրվարի 23-ին նախագահը վավերացրեց երեխաների որդեգրման նոր կարգը թե՛ Հայաստանի, թե՛ դրսի քաղաքացիների համար։ Նախկինում եւ դրսի, եւ օտարերկրացի որդեգրողներին նույն իրավունքներն էին վերապահվում, այսինքն որդեգրումը կատարվում էր նույն սկզբունքներով։ Կարգի մեջ ներմուծված փոփոխության նպատակը տեղացիների համար ավելի նպաստավոր իրավական դաշտ ստեղծելն է։ Այժմ դրսի որդեգրողները բաժանվել են մի քանի դասիՙ օտարերկրացի թեկնածուներ, արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիներ եւ պարզապես հայազգիներ։ Տեղացիներին առավելություններ շնորհելը, նախագծի հեղինակների կարծիքով, ինչ-որ չափով կարող է արտահոսքի դեմն առնել։ Նոր կարգի համաձայն, երեխայի անունը բազա մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում նրա տվյալները չեն ներկայացվում որեւէ օտարերկրացու, որպեսզի ՀՀ քաղաքացին այդ ընթացքում կարողանա ընտրել։ Եթե երեխան չի որդեգրվում, նոր միայն նրա տվյալները տրամադրվելու են օտարերկրացիներին։ Նորույթ է նաեւ այն, որ հանրապետության սահմաններից դուրս ապրող հայաստանցիների իրավունքները հավասարեցվել են դրսի քաղաքացիներինՙ նրանց եւս պոտենցիալ դրսեցիներ դիտարկելու տրամաբանությամբ։
Որդեգրել ցանկացողների թիվը մեծ է ե՛ւ դրսում, ե՛ւ Հայաստանում, այնպես որ նույնիսկ այս պահին որդեգրման ենթակա երեխաներ չկան։ Եթե երեխան մտնում է հաշվառման բազա, գրեթե անմիջապես որդեգրվում է։ Փոխարենը արդեն հաշվառված, որդեգրման ցանկություն ունեցողների թիվը մեծ էՙ 50 տեղացիներ եւ 35 օտարերկրացիներ։ Վերջիններիս կենսապայմանների ու անձնական հատկանիշների ուսումնասիրությունը կատարվում է հենց իրենց երկրում, առանց որի թույլտվության նրանք չեն կարող Հայաստանում երեխա որդեգրել։ Կարեւոր պայմաններ են նյութական ապահովվածությունը, դատվածության բացակայությունը։ Օտարերկրացիների ներկայացրած փաստաթղթերի իսկությունը դեսպանատների միջոցով ստուգում է նաեւ մեր արտգործնախարարությունը։ Հայաստանից երեխա որդեգրել ցանկացողները հիմնականում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի սփյուռքահայերն են։ Հետզհետե նվազում է օտարազգիների որդեգրումների թիվը։ «Այս պահին որդեգրման ենթակա են, այսպես ասածՙ այնքան էլ ոչ ցանկալի երեխաներ, որոնք ֆիզիկական ու մտավոր թեթեւակի արատներ ունեն», ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանը։ Ժամանակ առ ժամանակ այս երեխաներին եւս բախտ է վիճակվում ընտանիք ունենալ։ Անցած տարի դաունով հիվանդ մի երեխայի Սպիտակի մանկատնից որդեգրեցին բելգիացի տարեց ամուսինները։ Նրանք այս երեխայից զատ մտավոր ու ֆիզիկական արատներով եւս 2 երեխա էին որդեգրել, նրանց կրթության ու արհեստի տվել։ Նրանք իրենց բնակարանը կահավորել են այնպես, որ երեխաները կարողանան ազատ տեղաշարժվել, սպասարկել իրենք իրենց։
Այդ մարդիկ միակը չեն, որ որդեգրել են հաշմանդամ երեխայի։ Ոչ միայն կրոնական զգացմունքները, այլեւ բարերարության ցանկությունն է նրանց հավանաբար դրդում նմանՙ սովորական, նեղմիտ ընկալման համար անհասկանալի գործողության։ Տեղացի ընտրողների մեջ առավելությունը տրվում է աշխատանք, բնակարան ու կայուն եկամուտ ունեցողներին, առողջական խնդիրներ չունեցող ընտանիքներին։ Հատուկ հանձնաժողովն այդ առթիվ հետազոտություններ է կատարումՙ երաշխավորագրեր վերցնելով նույնիսկ նրանց հարեւաններից։
«Սակայն որդեգրվածների ճակատագրին շատ անգամ անիրազեկ են պետության ներկայացուցիչները, որովհետեւ մեր սահմանադրությունը արգելում է ուղղակիորեն ուրիշի ընտանիք մտնելու, նրա գործերին խառնվելու հավանականություն նույնիսկ այս դեպքում», ասում է Լենա Հայրապետյանը։ Որոշակի հսկողություն թույլատրվում է միայն կարճ ժամկետովՙ 1¬2 տարի։
Այնուամենայնիվ, սոցիալական խառնակ մեր ժամանակներում, երբ արձանագրվել են նաեւ հարազատ երեխաների դաժան շահագործման, նույնիսկ բռնությամբ նրանց անթույլատրելի արարքների մղելու դեպքեր, չի կարելի բացառել, որ որդեգրված երեխաներն էլ հայտնվեն նույն իրավիճակում, կամ նրանց վիճակվի Գիքորի ճակատագիրը։ Եվրոպական երկրներում վերահսկողության այս կետը բացառիկ խստությամբ է իրականացվում։
Դրսում որդեգրված երեխաների խնամքի ու դաստիարակության հսկողությունը կատարվում է ամեն երկրում իր օրենքների համապատասխան։ Անցանկալի կամ անթույլատրելի իրողություններ հնարավոր են նաեւ այնտեղ, քանի որ, ի վերջո, օրենքները երբեք կատարյալ չեն, եւ կլինեն սողանցքներ, որոնց օգտագործումը երեխային անպաշտպան կդարձնի։ Սակայն Լենա Հայրապետյանը բացառում է օրինական ճանապարհով թրաֆիքինգի հնարավորությունը։ Առայժմ իրենց հաջողվում է, թեկուզ ոչ պարբերաբար, տեղեկություններ ստանալ դրսի իրենց սաներից։ Ի դեպ, հայկական մտածողությանը հակառակ, դրսի աշխարհում սովորաբար նախընտրում են երեխայից չթաքցնել նրա ծննդյան ու ճակատագրի իրական հանգամանքները։
Եվ վերջում ասենք, որ վարչությունում ժխտեցին շրջանառվող այն լուրերը, իբր պետությունը որոշել է որդեգրող ընտանիքներին ամեն երեխայի համար ամսական 40 հազար դրամ նպաստ վճարել։ Այդ կեղծ լուրերը նախարարություն «որդեգրողների» մեծ հոսք են առաջացրել, որոնց քաղաքավարի հասկացրել են, որ իրենց հաշվարկները սխալ են։
Թերեւս լավ կլիներ այդ չափի գումար վճարել այն ընտանիքներին, որոնք կարիքից դրդված երեխային որբանոց են գցում։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ծննդատներից որդեգրումն արգելվել է
Որդեգրման նոր կարգը գործողությունից դուրս է մղել հղիության նմանակման սկզբունքով որդեգրումները։ Դրանց բովանդակությունն այն էր, որ խնամակալության մարմնի որոշում կայացնելուն պես որդեգրող ընտանիքի կինը կարող էր պառկել հիվանդանոցում, իբր ծննդաբերող, եւ նոր ծնված երեխային գրանցել իր անունով։ Իհարկե, դա արվում էր նախապես համաձայնության գալով հիվանդանոցի եւ կենսաբանական ծնողի հետ։ Այս սկզբունքը չարաշահումների ու անօրինականությունների մեծ դուռ էր բացում եւ քանի որ իրականացվում էր գաղտնիութունը պահպանելու սկզբունքով, իրավասու ատյանները զրկվում էին նաեւ երեխայի մասին հետագայում տեղեկանալու հնարավորությունից։
Կ. Դ.