«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2004-04-24 | #75, 2004-04-27 | #76, 2004-04-28


ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԳՐԱՎՆ ԻԲՐԵՎ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԳՐԵԹԵ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ

Անցած տարի Հայաստանում ազատազրկման է դատապարտվել 1935 մարդ, կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 4923 անձի նկատմամբ, իսկ գրավը որպես խափանման միջոց կիրառվել է ընդամենը 63 անձի նկատմամբ։ Այս տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ չնայած քրեական դատավարության օրենսգրքով գրավը համարվում է այլընտրանքային խափանման միջոց, սակայն դեռեւս լայն կիրառում չի գտել դատաիրավական համակարգում։

Այս խնդրին էր նվիրված հանրապետության նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի երեկ անցկացրած քննարկումը, որին հրավիրված էին ՀՀ դատախազության ու ոստիկանության ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ։

Մասնակիցներն անդրադարձան խնդրին անմիջականորեն առնչվող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշելով օրենսդրական փոփոխություններ կատարելու, դատավորների վերապատրաստման, գրավի կիրառման արդյունավետությունը պարզող ուսումնասիրություններ անելու եւ այլ գործոնների անհրաժեշտությունը։ Օրենքն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքում անհրաժեշտ է մտցնել պարտադիր կետ, որով կալանքը կկիրառվի միմիայն այլ խափանման միջոց չլինելու դեպքում։ Դա պարտավորեցնող է, եւ պետք է անպայման ընդգրկել օրենքումՙ ելնելով կոնկրետ հանցագործության բնույթից եւ հանցագործություն կատարած անձից։ Նա հավելեց, որ քրեական դատավարության ու քրեական օրենսգրքերում անհրաժեշտ են փոփոխություններ, հատկապես նկատի ունենալով խափանման միջոցների ու պատիժների վերաբերյալ կետերը։ Դրանք այժմ մշակում են արդարադատության նախարարության, դատախազության եւ ոստիկանության մարմինները, եւ առաջիկայում կներկայացվեն կառավարություն ու Ազգային Ժողով։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը խոսեց այն մասին, որ մեծ թվով կալանավորներ պահելը ձեռնտու չէ պետությանը, քանի որ մեկ շնչին պետբյուջեից հատկացվում է օրական 1400 դրամ։

Իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը շեշտեց, որ մեզանում մոտ 500 քննիչներ ապօրինի նախաքննություններ են անցկացնում եւ կիրառում խափանման միջոց, մինչդեռ ոստիկանության օրենքով քննիչներին իրավունք չի տրվում նախաքննություն անցկացնելու։ Նա նույնպես առաջարկեց փոփոխություններ կատարել օրենքում, մասնավորաբար ընդգծելով, որ օրենքը կիրառելի է միայն դատարանի որոշմամբ մեղադրյալին կալանավորելու պահից, այն դեպքում, երբ դատարանը կարող է հենց իր նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը եւս համոզված է, որ օրենքում սպրդած փոքր սխալներից օգտվում են հատկապես քննիչները, քանի որ նրանք ընտրում են իրենց շահեկան բառերն ու նախադասություններն ու դրանք մեկնաբանում յուրովիՙ մերժելով գրավն իբրեւ խափանման միջոց ընտրելու պաշտպանների միջնորդությունները։

Եղան նաեւ հակառակ կարծիքներ, որ օրենքն իրականում թերի չէ, թերանում են այն կատարողները, որ պարզապես պետք է ստեղծել օրենքը կիրառելու մեխանիզմներ, այլ ոչ թե հանդես գալ պերճախոս ելույթներով։

Ամփոփելով քննարկումը պրն Եսայանը նկատեց, որ օրենքն ըստ էության հստակ է ու բավականին կիրառելի։ Նա անտեղի համարեց այն պատճառաբանությունները, թե գրավի չափը խոչընդոտում է օրենքի կիրառմանը, որովհետեւ գրավի նվազագույն չափը կազմում է մոտ 350 դոլար, որն իրականում մեծ գումար չէ կալանքից ազատվելու համար։ Այստեղ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ, հետեւաբար պահանջվում է փաստաբանական միությունների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների համատեղ գործունեությունըՙ հասարակությանը իրազեկելու եւ դատաիրավական համակարգը վերահսկողության տակ պահելու համար։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4