«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2004-04-28 | #77, 2004-04-29 | #78, 2004-04-30


ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՉՈՒՆԵՆՔ

Վիճակագրական վերջին տվյալներովՙ օտար ազգերի ներկայացուցիչները կազմում են Հայաստանի ազգաբնակչության 2,2 տոկոսը։ Ամենամեծ համայնքները եզդիներինն ու ասորիներինն են. առաջինն ունի 40 620 անդամ, երկրորդըՙ 3409։ Մյուսներն ավելի փոքրաթիվ են. ռուսներըՙ 1460, ուկրաինացիներըՙ 1633, քրդերըՙ 1519։ 1000-ից պակաս անդամ ունեցող համայնքների թիվն առանձին չի նշվում։ Այս տվյալները երեկ լրագրողներին ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի վարչության պետ Հրանուշ Խառատյանըՙ Արմենպրեսի մամուլի սրահում։

Ուկրաինական համայնքի ներկայացուցիչը նշված թվերը ճշգրիտ չհամարեց, պնդելով, որ դրանք միտումնավոր քիչ են ներկայացվում։ Հարցին, թե ո՞րն է դրա նպատակը, տիկինը պատասխանեց, որ Հայաստանում ապրում է 3 մլն հայ, բայց ներկայացվում էՙ 1,5 մլն։ Սա ասուլիսի վերջում էր, իսկ սկզբում տկն Խառատյանը խոսեց նորաստեղծ վարչության ընթացիկ աշխատանքների ու առաջիկա ծրագրերի, նաեւ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական քաղաքականության ձեւավորման մասին։

Այսպես, վարչության գործառույթն ավելի հստակ կդառնա տարեվերջին, երբ հետազոտությունների եւ եղած նյութերի վրա կմշակվի ամբողջական հայեցակարգ, քանի որ ազգային ու կրոնական փոքրամասնությունների ոլորտներում կան օրենսդրական եւ այլ փաստաթղթերի խնդիրներ։ Վերջին մի քանի տարիներին շարունակ քննարկվում է ազգային փոքրամասնությունների օրենք ունենալու հարցը, իհարկե, նրանց մշակույթի, լեզվի, կրթության խնդիրները կարգավորված են ՀՀ համապատասխան օրենքներով, նաեւ մեր երկրում վավերացված Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքները ներկայացնող շրջանակային կոնվենցիայով։ Վերջին շրջանում երկարատեւ քննարկումների նյութ է դարձել ազգային փոքրամասնությունների մշակույթների զարգացման կենտրոն ստեղծելու խնդիրը, օրակարգի հարց դառնալով նաեւ Եվրախորհրդում։ Տկն Խառատյանը նշեց, որ հարցն արդեն լուծված է եւ կառավարության որոշմամբ Սարյանի փողոցի «Հայփոստի» շենքի 2 հարկերը տրամադրվել են այդ կենտրոնին։ Հրատարակվել է «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում։ Պարտավորություններ եւ հնարավորություններ» գիրքը, որում ներկայացված են իշխանության պարտավորություններն ու ազգային փոքրամասնությունների հնարավորությունները, ամփոփված են պետական քաղաքականության հայեցակարգի վերաբերյալ փաստաթղթերը։ Գրքույկը լուսաբանելու նպատակով վարչությունը վերջին 3 ամիսներին պարբերաբար հանդիպումներ է անցկացրել եզդիների եւ ասորիների համայնքների հետ։

Կառավարության ինտերնետային էջում մայիսի վերջին կզետեղվեն ազգային փոքրամասնությունների էթնիկ խճանկարի մասին պատմող նյութեր, որոնց միջոցով ավելի դյուրին կդառնա նրանց մասին տեղեկություններ ստանալը։ Այս պահին ձեւավորվում է աշխատանքային խումբ, որը կմշակի ազգային փոքրամասնությունների օրենքի հայեցակարգըՙ հիմնվելով տարբեր երկրներում գործող համանման օրենքների ուսումնասիրման վրա։

Համայնքների անդամները վարչությանը դիմում են ամենատարբեր, ընդհուպՙ սոցիալական հարցերով, ակնկալելով նյութական ու բարոյական աջակցություն, իսկ վարչության միջոցներն, ավաղ, սուղ են։

Մի խոսքով, ազգային փոքրամասնությունների հետ վարչությունը ներկա պահին կարծես վիճահարույց խնդիրներ չունի։ Ավելի խնդրահարույց է կրոնական փոքրամասնությունների հարցը, որով անչափ մտահոգված են նաեւ հասարակությունն ու լրատվամիջոցները, ինչի մասին է վկայում թեմայի հաճախակի արծարծումը։ Իսկ ընդհանուր պատկերն այն է, որ օրավուր տարածվող աղանդների դեմ կրավորական գործունեության համար մի կողմից քննադատվում է Հայ առաքելական եկեղեցին, մյուս կողմիցՙ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար մեղադրվում են իշխանությունները։ Այսուհանդերձ, հասարակության գերակշիռ մասը տագնապում է աղանդավորների թվի ավելացումից, հարցի էությանը մոտենալով ամենից առաջ ազգային անվտանգության ու ազգի առողջ կենսակերպի պահպանման տեսանկյուններից։

Վարչության պետը ցավով նկատեց, որ առ այսօր Հայաստանի կրոնական իրավիճակի համակողմանի վերլուծություն չի արվել, ինչն էլ հանգեցրել է սուբյեկտիվ մոտեցումների։ Լայնածավալ հետազոտություն անցկացնելու առաջարկով նա դիմել է Եվրախորհրդին, որի հավանության դեպքում հայ հասարակագետների, ազգագրագետների, հոգեբանների ու այլ մասնագետների մասնակցությամբ մինչեւ տարեվերջ դա կիրականացվի։ Իսկ մինչ այդ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում կրոնական բոլոր փոքրամասնությունների հետ։ Հայաստանում պաշտոնապես գրանցված են 55 կրոնական կազմակերպություններ, դրանց թիվը շատ է, որովհետեւ կրոնական ամեն մի ուղղություն ունի մի քանի կազմակերպություն։ Մայիսի վերջին նախատեսվում է հանդիպում կրոնական բոլոր կազմակերպությունների եւ կրոնի խնդրով զբաղվող մասնագետների հետՙ քննարկելու ներկա իրավիճակն ու հաստատելու որոշակի փոխհարաբերություններ։ Տկն Խառատյանի համոզմամբՙ նրանց մասին պետք է տարածվի բաց տեղեկատվություն, նկատի ունենալով, որ իրականությունը շատ ավելի վնասակար է։

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցման հարցի մասին խոսելիս տկն Խառատյանը նշեց, որ դրա ձգձգման պատճառը սկզբում եղել է ոչ բավարար փաստաթղթեր ներկայացնելը, իսկ այժմ խնդիրն ավելի շատ առնչվում է նրանց կանոնադրությանը, որի մի շարք կետեր ուղղակիորեն հակասում են ՀՀ մի շարք օրենքների։ Այդ կազմակերպության անդամների թիվն ըստ ներկայացված փաստաթղթերի 8000 է, սակայն իրենց իսկ պնդմամբ, ունեն մեծ թվով համակիրներ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4