«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2004-04-29 | #78, 2004-04-30 | #79, 2004-05-01


«ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՆ ԿԱՊԵՑ ԱՆՑՅԱԼԻՆ»

Յոշկա Ֆիշերի այցի արձագանքները Գերմանիայում

«Յոշկա Ֆիշերի այցը Երեւան պատմական էր» ձեւակերպումն իմը չէ։ Երեւանից ԳԴՀ արտգործնախարարի, փոխվարչապետի այցին հետամուտ գերմանահայերից մեկի էլեկտրոնային նամակին ի պատասխան մեկ ուրիշ գերմանահայի հակաճառությամբ հարուստ նամակից փոխանցեմ. «Ուզում էր դա պատմականացնել, ապրիլի 24-ը թող ընտրեր, Գերմանիան Հայոց ցեղասպանության մեջ ունեցած իր մեղսակցության համար ներողություն չի խնդրել, ուրեմն մենքՙ գերմանահայերս հուշարձանին ծաղկեպսակ դնելուց բացի Գերմանիայի արտգործնախարարից այլ սպասելիքներ էլ ունենք»։

Այսպես կոչված «այլ սպասելիքների մասին» չմոռանալով մի տեսանելի իրողություն մտահան չանենք. մեր կարծիքով, գերմանական մամուլը Հայաստանի մասին այսքան «ուշադիր» երբեք չի եղել։ Եթե «պատմական», ապա լրագրողիս համար այդ բառի թերեւս ամենահարմար օթյակը գերմանացի գործընկերներիս Հայաստան գործուղվելու աշխատանքի արդյունքում կարող է նշմարվել։ Ապրիլի 23-ին, 24-ին, 26-ին գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգը», «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն», «Դեր թագեսշպիգելը», «Դի վելթ»-ն անդրադարձան Ֆիշերի Երեւան այցին։ Տրամաբանական է, որ ապրիլի 24-ին տպագրված Հայոց ցեղասպանության մասին հոդվածները հրաշալի առիթ կար ձեւավորելու Ծիծեռնակաբերդ այցելած Ֆիշերի լուսանկարներով (տողատակերում տարբեր մեկնաբանությամբՙ իհարկե)։ Բայց պակաս ուշագրավ չէ նաեւ այն հանգամանքը, որ «Դի վելթ»-ում բացառապես Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու փոխզիջումներին վերաբերող տեղեկատվության մեջ տեսնում ենք Ֆիշերի լուսանկարըՙ Հիշողության անշեջ կրակի առջեւ, ինչը, դարձյալ այլոց մեկնաբանություններով, միգուցե ցեղասպանության հարցում էլ ակնարկել է տալիս հարցի լուծման գերմանական տարբերակըՙ փոխզիջումային։ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» թղթակիցներից մեկը հետաքրքրական մի փաստ է նկատել տալիս. Ֆիշերը, գրում է Յոհաննես Լայթհոյզըրը, թե Բաքվում, թե Երեւանում ծաղկեպսակ դրեց զոհվածների հուշարձաններին, երկու դեպքում էլ Ֆիշերը չշրջանցեց հավերժական կրակը, որը ոչ միայն հիշատակի լույսն է վառ պահում, այլեւ ատելությունը բորբոքելու նպատակ ունի։ Երկու դեպքում էլ սեւ-կարմիր-ոսկեգույն ժապավենի վրա նվիրատուի (Դաշնային արտգործնախարարից) հասցեից բացիՙ որեւէ ուղերձ չկար։ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» մյուս թղթակիցըՙ Ռայներ Հերմանը նշված օրերից առաջ արդեն հայաստանյան ընդդիմության մասին հասցրել էր տպագրել իր «Ոչ մի վարդ Երեւանում. Հայաստանի ընդդիմությունը վրացական օրինակով ուզում է տապալել նախագահին» հոդվածը։ Ապրիլի 23-ին լույս տեսավ Ռայներ Հերմանի հարցազրույցը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որն առավել հետաքրքրական էր նաեւ նրանով, որ արծարծված հարցերի մեջ հայ լրագրողիս համար նորությունները շատ էին։ Օրինակ, այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար, ի՞նչ դերակատարում ունի Կովկասում, Օսկանյանը պատասխանում է, թե այդ կառույցի հետ Հայաստանի համագործակցությունը կոմպլեմենտար քաղաքականության լավագույն օրինակն է։ «ՆԱՏՕ-ն կարեւոր դերակատարում ունի։ Իբրեւ հաջորդ քայլ մինչեւ հունիսի վերջը Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պիտի առաջարկ ներկայացնենք մասնակցելու այդ կառույցի Individual Partnership Action Plan ծրագրին, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միաժամանակ», ասում է ՀՀ արտգործնախարարը։

Ապրիլի 24-ին Հերմանը մի ջերմ հոդված էր հրապարակել ապաքինվող Հայաստանի մասինՙ գլխավորապես անդրադառնալով այդ գործում սփյուռքահայերի մասնակցությանը։ Գաֆեսջյան, Ջեյմս Թուֆենկյան, Վահագն Հովնանյան, Քըրք Քըրքորյան, Արա Աբրահամյան, Վաչե Մանուկյան, Էդուարդո Էռնեկյան, Փեթեր Դավիդյան։ Հոդվածագիրը զրուցել է նաեւ Հայաստանում աշխատող երկու բեյրութահայ լրագրողներիՙ Կովկասյան լրատվամիջոցների կենտրոն հիմնած Վիգեն Չըթրյանի եւ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ, «ում աշխատասենյակի միակ շքեղությունը, ինչպես նկատել էր Ռայներ Հերմա-նը, CNN որսացող արբանյակն է»։

Կարծում ենք, Ֆիշերի այցն էր գլխավոր առիթը, որ գերմանացի լրագրողներն իրենց հոդվածներում հանրությանը տեղեկացրին ապրիլ 24-ին Ֆրանկֆուրտի Փաուլսքիրշեում գերմանահայերի կազմակերպած հիշատակի երեկոյի մասին, մանավանդ որ այդ հանդիսությանը բանախոսելու էր ԳԴՀ արտգործնախարարի կուսակցապետըՙ Անգելիկա Բեերը։ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեում» Միշայել Յայսմանն ապրիլի 26-ին ջախջախեց Կանաչների նախագահի ելույթը։ Դա աղետ էր, գրում է հոդվածագիրն ու շարունակումՙ նրա ճառը ողբալի էր, խղճուկ, քերականորեն Վերոնա Ֆելդբուշի (գերման. հեռուստատեսությամբ ցածրակարգ շոու վարող, սեքս խորհրդանիշներից մեկը- Ան. Հ.) մակարդակի, բովանդակությամբՙ ինքնագոհ - ինֆանտիլ։ Տիկին Բեերն իր ափսոսանքն էր հայտնում Թուրքիայում կորչող հայկական մշակութային արժեքների մասինՙ նույն շնչով պատմելով, թե այդպիսի մի հին հայկական իր ինքն էլ ունի իր հյուրասենյակում։ Խոսքը մեղքի, հանցանքի մասին չէ, ասել է Կանաչների նախագահը։ Բա էլ ուրիշ ինչի՞ մասին, հարցնում է հոդվածագիր հեղինակն ու ինքն էլ պատասխանումՙ հա, անտիկ ապրանքների։

Մեր զրույցներից պարզ դարձավ, որ գերմանահայերը միանշանակ չեն գնահատում Ֆիշերի այցը Հայաստան ու Ծիծեռնակաբերդ, մանավանդ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի»ՙ Փաուլսքիրշեում հնչած ելույթի քննադատության ֆոնին։ Նկատել տալով, թե վերջին տարիներին Գերմանիայում շատ բան է փոխվել, Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը ԳԴՀ արտգործնախարարի քայլն այդքան էլ խորհրդանշական չի համարում։ «Վաղը եթե Քոչարյանը Թուրքիա երթա, արարողակարգը կպահանջե, որ այցելե Աթաթուրքի դամբարան, ինչպես 1950-ականներին Գարեգին պատրիարքի թաղման առիթով Թուրքիա այցելած Վազգեն Ա կաթողիկոսը գնաց Անկարա, ծաղիկ դրավ Աթաթուրքի դամբարանին։ Ֆիշերի այցը, ինչպես նկատած էր գերմանացի լրագիրներեն մեկը, ժեստ էր։ Մենք ժեստի՞ պետք ունինք։ Եզակի պատմություն ունինք եւ պիտի գիտակցինք, թե ինչպիսի պատմություն կկրենք։ Հիշել եւ հաշտվիլ, ըսավ։ Մտքով մուրացկան ժողովուրդ ենք, այս քայլով մուրացկանը գոհացնել ուզեց։ Փաուլքիրշեում էլ որքան համբերատար կլսեինք ճառը։ Ողորմության պետք չունինք։ Ան, որ ծանոթ է գերմանական հոլոքոստի հետ կապված նացիոնալ-սոցիալիզմի մասին քննարկումներին, պահանջ մը ունիՙ ոճիրի հանդեպ հստակ կեցվածք, ոչ թե փոխզիջումներ»։

Գերմանալեզու «Արմենիշ-դոյչե կորեսպոնդենց» հանդեսի երկարամյա աշխատակից Րաֆֆի Քանդյանը, կարեւորելով Ֆիշերի տարածաշրջանային այցը, նկատել է տալիս, որ նրա Հայաստան այցը Գերմանիայիՙ տարածաշրջանի հանդեպ հավասարակշիռ քաղաքականությունը շեշտադրելու նպատակ ուներ։ Գերմանիան չի ուզում միայն Վրաստանով գոհանալ, անկախացումից անմիջապես հետո նա իր ներկայությունըՙ դեսպանություններն ունեցավ Հարավային Կովկասի 3 հանրապետություններում էլ։ Դոկ. Քանդյանի հայացքով, վերջին 7-8 տարիներին, ընդլայնման հետ կապված, եվրոպական արտաքին քաղաքականությունը լուրջ փոփոխություններ է կրել։ Ֆիշերը Եվրոպայի արտաքին քաղաքական շահերի ներկայացուցիչն է։ «Այցը եւ դրա հետեւանքները գերագնահատել չեմ ուզեր, ասում է Րաֆֆի Քանդյանը։ Իսկ Ծիծեռնակաբերդ այցը որքան էլ սիմվոլիկ, այդուհանդերձ առաջիկայում տեղի ունենալիք փոփոխությունների նշաններեն մեկն է։ Գերմանիո համար այդքան էլ դյուրին չէ իրեն զերծ պահել աշխարհի մեջ ընթացող փոփոխություններեն», ասում է պրն Քանդյանըՙ հիշատակելով հարեւան երկրիՙ Շվեյցարիայի, նաեւ Կանադայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները։ Գերմանական «Շպիգել» հանդեսի մեջ տպագրված վերջին հոդվածները ենթադրել են տալիս, թե թերեւս բանաձեւ են փնտրում, ասում է զրուցակիցս։

«Ծիծեռնակաբերդ այցը խորհրդանշական էր, ասում է Գերմանախոս ճառագիրների միության անդամ, Բունդեսթագի աշխատակից Վազրիկ Բազիլը։ Քաղաքական վերջնական ասույթ չեղավ, թե ընդունում ենք, բայց մամուլը բացահայտորեն անդրադարձավ այդ այցին, այդ խորհրդանշական ժեստին, ասում է զրուցակիցսՙ դրական համարելով այն հանգամանքը, որ Ֆիշերի այցը առօրյանՙ ներկան կապեց անցյալին։ Կարեւորագույն քաղաքական գործիչներ հայտարարել են, թե կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության փաստը, բայց բազմիցս ենք լսել, թե Բունդեսթագը չի կարող զբաղվել նման հարցերով, որոնք քաղաքական այժմեականություն չունեն, հիշեցնում է Բազիլը ավելացնելովՙ լսեցի, թե Բեռլինում երկու դպրոց իրենց պատմության դասագրքերում 2 էջ նվիրել են Հայոց ցեղասպանությանը։ Ինչ-որ բան փոխվում է Գերմանիայում, եզրակացնում է Վազրիկ Բազիլը։

Մեր վերջին զրուցակից, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի փոխատենապետ Րաֆֆի Պետիկյանը հետաքրքրական է համարում, որ ԳԴՀ արտգործնախարարը ապրիլի 24-ի նախօրյակին բարձրացավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ «Բայց , ասում է նա, պարոն Ֆիշերի արտահայտությունները մասնավոր խանդավառություն չեն պատճառում։ Ինձ համար անընդունելի է արտգործնախարարիՙ Թուրքիան Արցախի հարցում որպես միջնորդ հանդես գալու առաջարկը, ինչպես նաեւ ադրբեջանցի պատերազմի զոհերի ու Հայոց ցեղասպանության նահատակների միջեւ հավասարեցման նշան դնելը։ Երկու տարի առաջ Բունդեսթագի առջեւ դրվեց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, ինքը մեկ նախադասությամբ մերժեց այն։ Իր քաղաքականության մեջ մեծ փոփոխություն չեմ տեսնում։ Ուզում են փոքր քայլերով հայերին կամ էլՙ իրենց խիղճը գոհացնել»։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4