«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2004-04-29 | #78, 2004-04-30 | #79, 2004-05-01


ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԻՄՈՐԻՑ ՀԵՏՈՙ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀԱՐԱ՞Ն

Ե՞րբ է գալու Լեռնային Ղարաբաղի ճանաչման հերթը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին ընդունել է բանաձեւ Արեւմտյան Սահարայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ Համաձայն ՄԱԿ-ի ծրագրիՙ Արեւմտյան Սահարային տրվում է ինքնորոշման իրավունք, իսկ Մարոկկոյից անկախանալու հանրաքվեն պետք է տեղի ունենա հինգ տարի հետո։ Անվտանգության խորհրդի բանաձեւում հակամարտության կողմերին կոչ է արվում ընդունել ՄԱԿ-ի ծրագիրը։ Պոլիսարիոյի ճակատը, որ 1979 թվականից փորձում է անկախություն ստանալ Արեւմտյան Սահարայի համար, գոհունակությամբ է ընդունել ՄԱԿ-ի ծրագիրը, մինչդեռ հակամարտության մյուս կողմըՙ Մարոկկոն, մերժել է։

Երկիր մոլորակի վրա փաստացի անկախ պետությունների թիվն անցնում է 220-ից, մինչդեռ դրանցից միայն 191-ն են ճանաչված եւ ՄԱԿ-ի անդամ։ 2002 թ. սեպտեմբերի 27-ին Արեւելյան Թիմորը դարձավ ՄԱԿ-ի 191-րդ անդամը։ 1999 թ. Թիմորի ժողովուրդը հանրաքվեով իրավունք ստացավ տնօրինելու իր ճակատագիրըՙ ազատագրվելով Ինդոնեզիայի լծից։

Արեւմտյան Սահարայում փաստացի իշխող Պոլիսարիոյի ճակատը, ըստ էության, Արեւելյան Թիմորի օրինակով կարող է անկախություն ձեռք բերել եւ դառնալ ՄԱԿ-ի 192-րդ անդամը։ Արեւմտյան Սահարան Աֆրիկայի վերջին գաղութն է։ 1975 թ. իսպանացիների հեռանալուց հետո Մարոկկոն եւ Մավրիտանիան զավթեցին նախկին Իսպանական Սահարան (տարածքըՙ 226 հազար քառ. կմ), իսկ երբ Մավրիտանիան զորքերը դուրս բերեց Սահարայից, Մարոկկոն 1979 թ. ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրեց ավազուտ, բայց նավթով հարուստ երկիրը։

1979 թ. սկսված պատերազմը Պոլիսարիոյի ճակատի (օժանդակություն էր ստանում Ալժիրից) եւ Մարոկկոյի (այս երկրի թագավոր Մոհամմեդն ԱՄՆ-ի սերտ դաշնակիցն է) միջեւ շարունակվեց 12 տարի եւ միայն 1991 թ. հաստատվեց հրադադար ՄԱԿ-ի միջամտությունից հետո։ Հետագա բանակցությունները մտնում էին փակուղի կողմերից մեկի կամ մյուսիՙ առաջարկվող քաղաքական կարգավիճակը մերժելու պատճառով։ Մինչեւ այսօր, բացառությամբ Անվտանգության խորհրդի ապրիլի 29-ի բանաձեւի, ՄԱԿ-ն Արեւմտյան Սահարայի փաստացի իշխանություններինՙ Պոլիսարիոյի ճակատին, առաջարկում էր ամենալայն ինքնավարություն Մարոկկոյի կազմում։

Այսօրվա Արեւմտյան Սահարայում բնակչությունը մոտ 250 հազար է, եւս ավելի քան 150 հազարը փախստականի կարգավիճակով բնակվում են (վրաններում) Ալժիրում։ Բնակիչները մահմեդական բեդուիններ են, լեզուն արաբերենն է։

2002 թ. Արեւելյան Թիմորի ճանաչումը միջազգային հանրության կողմից առաջին դեպքն էր սառը պատերազմից հետո, երբ անկախություն ստացավ գաղութային երկիրը։ Չճանաչված, բայց փաստացի անկախ պետությունները, այդ թվումՙ Լեռնային Ղարաբաղը շտապեցին ողջունել Արեւելյան Թիմոր պետության հռչակումը։

Ինքնահռչակ պետությունների ճանաչումը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է դիտել համաշխարհային գործընթացների, աշխարհի հզոր պետությունների շահերի ենթատեքստում։ Լավագույն օրինակը Պաղեստինն է, որն ավելի քան հինգ տասնամյակների պայքարում դեռեւս չի ճանաչվել անկախ, ինքնիշխան պետություն։

Արեւմտյան Թիմորի ճանաչումը, Արեւմտյան Սահարայում, Կոսովոյում եւ չճանաչված այլ հանրապետություններում ընթացող գործընթացները Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար օգտակար են այնքանով, որ հնարավորություն են տալիս պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ են հնարավոր, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենան այլ տարածաշրջաններում ընթացող զարգացումների, այդ թվումՙ ինչու չէ, ղարաբաղյան կարգավորման վրա։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4