«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2004-04-29 | #78, 2004-04-30 | #79, 2004-05-01


«ՇՐՋԱՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻՆ ԴԱԺԱՆՈՐԵՆ ՉԵՆ ԾԵԾԵԼ, ԱՅԼ ... ԱՀԱԲԵԿԵԼ ԵՆ

Մեր թերթի հինգշաբթի օրվա համարում տպագրել էինք Նոյեմբերյանի շրջանային «Շրջան» թերթի խմբագիր Վարուժան Բաբաջանյանին դաժանորեն ծեծելու լուրը, որ էլեկտրոնային փոստով մեզ էր ուղարկել Էրեբունի համայնքի բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը։ Կատարվածի մասին ճշգրիտ մանրամասներ իմացանք երեկ խմբագրություն եկած Վարուժան Բաբաջանյանից, որի խոսքով, իրեն դաժանորեն չեն ծեծել, այլ ահաբեկել են։ «Դաժան ծեծի ենթարկելու մասին լուրը խիստ զարմացրեց ինձ, որովհետեւ այդ դեպքը չի կարելի այդպես որակել, քանի որ իմ հանդեպ բռնի ուժ չի կիրառվել», ասաց նա։ Խնդիրն ավելի բարդ էՙ վերջին ժամանակներս նա հետապնդվել է քաղաքական հայացքների համար, ենթարկվել սադրանքների, սակայն այդ մասին նախընտրել է լռելՙ իր մասին եղած խոսակցությունները հրապարակային չդարձնելու համար։ «Ես չեմ ժխտում, որ իմ հանդեպ եղել է քաղաքական հետապնդման փորձ, կան ականատեսներ։ Ազգային անվտանգության եւ քրեական հետախուզության աշխատակիցները ինձ մոտեցան իմ բնակարանի մոտակայքում, պահանջելով դադարեցնել «Շրջան» թերթի վերահրատարակման համար տարվող աշխատանքները։ Նրանք արդեն տեղյակ էին, որ ես գրասենյակի համար նոր տարածք եմ վարձակալում, որ մտադիր եմ թերթին ավելի լուրջ բովանդակություն տալ ու տպաքանակը մեծացնել»։ Ազգային անվտանգության աշխատակիցներն իրենց պահանջը բացատրել են ներկա ներքաղաքական լարված մթնոլորտում Նոյեմբերյանի շրջանում քաղաքական սրացումներ թույլ չտալու մտահոգությամբ։ Նրանց պնդմամբ, թերթի վերահրատարակումը կարելի է սկսել միայն ներքաղաքական վիճակի կայունացումից հետո։

«Նրանցից փաստաթուղթ պահանջեցի, սակայն չներկայացրին, ասելով, որ դա ոչ պաշտոնական խոսակցություն է», շարունակեց Վարուժանը, ավելացնելով, որ նրանց հայտնել է իր աշխատանքը շարունակելու որոշումից ոչ մի դեպքում չհրաժարվելու մասին, քանի որ «Շրջան» թերթը բոլորովին չի սպառնում երկրի ներքաղաքական կայունությանը։ Թերթում երբեւէ տեղ չեն գտել չստուգված փաստեր ու տեղեկություններ, որեւէ ձեւով չեն ազդել երկրի ներքաղաքական վիճակի վրա։ Նրա համառությունը, բնականաբար, դուր չի եկել իբրեւ անվտանգության աշխատակիցներ ներկայացածներին ու խոսակցությունն ավարտվել է քաշքշուկով։ «Սա համարում եմ հերթական ահաբեկություն լրագրողի նկատմամբ, բնավ նշանակություն չունիՙ լրագրողին ճնշում են ֆիզիկապես թե հոգեպես, շատ դեպքերում հոգեբանական ճնշումներն ավելի դատապարտելի են։ Այսկերպ փորձ է արվում լրագրողների համար վախի մթնոլորտ ստեղծելու ու նրանց քաղաքականությունից հեռու պահելու»։

Վարուժանն իրավապահ մարմիններին դիմելու միտք չունի, որովհետեւ դա համարում է քաղաքական խնդիր, որը լուծելի է հենց այդ հարթության վրա։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4