«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2004-04-30 | #79, 2004-05-01 | #80, 2004-05-04


ԻՆՉ ՉԱՓՈՎ ՉԱՓԵՑ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՙ ԸՍՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

«Եթե նեղվես, էլի մենք ենք քեզ օգնելու», խոստացավ Արտաշես Գեղամյանը Ռոբերտ Քոչարյանին

«Հայաստանի ներքաղաքական վիճակը ԵԽԽՎ-ում քննարկվել է իբրեւ հրատապ հարց, որին կողմ է քվեարկել 106, դեմՙ 42 պատգամավոր։ «Իրականում ոչ թուրքերը, ոչ ադրբեջանցիները մասնակից չեն եղել ոչ քննարկմանը, ոչ քվեարկությանը», ստրասբուրգյան առաքելությունից հետո այսպիսի պարզաբանմամբ սկսեցին մամուլի ասուլիսը Շավարշ Քոչարյանն ու Արտաշես Գեղամյանն ի պատասխան իշխանական դիրքերից շրջանառված պնդումների, թե հայկական հարցն օրակարգ է մտցվել թուրքերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ։ Ըստ ընդդիմադիրների, նույն ժամանակ նրանք զբաղված են եղել իրենց համար ավելի հրատապՙ Կիպրոսի խնդրով։ Գեղամյանը իշխանություններին խորհուրդ տվեց թուրքերի ու ադրբեջանցիների հետ ընդդիմության միաբերանության մասին սուտ լուրեր տարածելու փոխարեն մտածել այն մասին, որ 2005 թվականից Ադրբեջանի նավթային ու գազային սեկտորներում ներդրումները կազմելու են 10 մլն դոլար։ Գեղամյանը իշխանություններին հակադարձեց նույն ոգով, ինչ վերջիններս ընդդիմադիր պատվիրակներինՙ «Հայլուրի» եւ մյուս իշխանամետների կեղծ քարոզչության հետեւանքն է, որ Կոսովոյի հարցի հետ իբրեւ հրատապ խնդիր վեհաժողովի օրակարգ է մտել նաեւ Հայաստանի հարցը»։

Բուն բանաձեւի քննարկման ժամանակ հայկական պատվիրակության եւ ընդդիմադիր, եւ իշխանական թեւերը ներկայացրել են 7 առաջարկ։ Ընդդիմության առաջարկների մեջ չի եղել վստահության հանրաքվեի հարցը, այնպես որ վեհաժողովը չէր կարող մերժել չեղածը, ինչպես այսօր պնդում են իշխանական բեւեռից։ Փոխարենը, իշխանությունների վրա հստակ պարտավորություններ են դրվել, որ մինչեւ հունիսի 21-ը, երբ սկսվելու է վեհաժողովի հերթական նիստը, նրանք պետք է մանրամասն զեկույց ուղարկեն, թե ի՞նչ են արել մինչ այդ։ Այդ նիստին հրավիրված է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որը պետք է ելույթ ունենա եւ պատասխանի հարցերին։ Պարտավորությունները չկատարելու դեպքում սեպտեմբերին կայանալիք մյուս նիստում արդեն կդրվի Հայաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։

Ընդդիմադիր տողանի երկու դեմքերն էլ մտահոգություն հայտնեցին, որ խնդիրը խիստ լրջացել է, քանի որ ԵԽԽՎ-ն չի կարող անվերջ հանդուրժել, որ իր անդամ երկիրն անընդհատ գործի հակառակ եվրոպական չափանիշների։

Այնուամենայնիվ, անկախ այս իրողություններից ընդդիմությունը շարունակելու է պնդել երկխոսության նույն օրակարգըՙ հանրաքվեի թե այլ միջոցով Հայաստանում լեգիտիմ, օրինական իշխանության կազմավորումը։

«Մեր իշխանություններն այսօր ամեն ինչ անում են, որ Հայաստանի լիազորությունները ԵԽԽՎ-ում չհաստատվեն», Շավարշ Քոչարյանի ասածը երկրորդեց Արտաշես Գեղամյանը այն փաստարկով, թե թուրքերի ու ադրբեջանցիների կողմից վեհաժողովի վրա ներգործելու մասին կեղծիքը վարկաբեկիչ է ԵԽԽՎ-ի համար։ Մեղադրանքի իր բաժինն ստացավ նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Բրատիսլավայում արտաբերած «գրավյալ տարածքներ» արտահայտության համար, որը օրերս իր ելույթում հաճույքով շահարկեց Իլհամ Ալիեւը։ Արտգործնախարարին ներկայացված «դատավճիռը» անողոք էրՙ «արգելել նրան բանավոր խոսել, որպեսզի էլի չվնասի Հայաստանի ու Ղարաբաղի շահերին»։

Հայաստանի ներքաղաքական լարվածության ներկա պահի մասին անսպասելի դիտարկում արեց «Ազգային միաբանության» առաջնորդը. Հայոց պետականության համար չափազանց վտանգավոր գործընթացներ կանխատեսում է կոալիցիայի անդամ կուսակցությունների քաղաքական շանտաժի մեջ, որն այժմ ուղղված է Ռոբերտ Քոչարյանի դեմ։ «Մեկը իսկույն սպառնաց, թե ընդդիմություն կդառնա, եթե պաշտոնից հանեն, մյուսըՙ թե իմպիչմենթի հարցը կդարձնենք օրակարգային»։ Բայց իր կողմից սիրտ տվեց Քոչարյանին. «Էդքան մի վախենա կոալիցիայից, շատ նեղվես, էլի մենք ենք պաշտպանելու, այնուամենայնիվ, հայ ենք»։ «Ազգային միաբանության» առաջնորդի համոզմամբ, «գնալով խրվում են տղերքըՙ մեկը մյուսին գող է ասում, երկրորդը մյուսին ղումարբազ է ասում, երրորդը մասոն է ասում, իսկ երեքը միասին Քոչարյանին են սպառնումՙ հըլը դու համարձակվի Ազգային ժողովը լուծարե՞լ»։ Իբրեւ քաղաքական հանգուցալուծում Գեղամյանն ինքն էլ առաջարկեց «Ազգային ժողովի անհապաղ լուծարում, որից հետո ժողովրդավարական ընտրությունների իրական երաշխավորը կդառնա պարոն Քոչարյանը։ Նոր Ազգային ժողովի ընտրություններից, նոր կառավարություն ձեւավորելուց հետո նա կամ պիտի հրաժարական տա, կամ էլ ինքն իր ձեռքով վստահության հանրաքվե անի»։

Եվրախորհրդի պատմության մեջ վտարումով բանադրանքի ընդամենը մեկ դեպք է եղել, երբ միանգամից դադարեցվել են Հունաստանի պատվիրակության լիազորությունները այդ երկրում «սեւ գեներալների» իշխանության գալուց հետո։ Նույն նախադեպը հավանակա՞ն է Հայաստանի համար, դժվար է ասել։ Դժվար է կանխատեսել, ինչպես կընկալվեն ու կիրականացվեն այն պարտադրանքները, որ մեր երկրի առջեւ ծառացանՙ այս անգամ ներքաղաքական իրավիճակի պատճառով։

Իսկ որ Հայաստան վերադարձի օրը օդանավակայանում ընդդիմադիր պատվիրակներին դիմավորել են բողոքի ցույցով ու «ամոթ, ամոթ» մակագրությամբ պաստառներով, ընդդիմադիրները տարօրինակ չեն համարում։ Իրենք լավատեղյակ են, որ նախորդ 2 օրվա ընթացքում հակահանրահավաքային գործողությունը նախապատրաստվելու համար գործարկվել են թաղապետարանների լծակները, որոնց պարտադրվել է մարդկային որոշակի զանգված ապահովել։ «Եվրոպայի դժգոհությունը ամենեւին էլ մեր ժողովրդից չէ ու նրա մտածողության որակից, այլ իշխանությունների հակաժողովրդավար քաղաքականությունից»։ Այս համոզմունքը վերջում հայտնեցին ստրասբուրգյան ընդդիմադիր հատվածի պատվիրակները։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4