«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2004-04-30 | #79, 2004-05-01 | #80, 2004-05-04


ՆՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՙ «ՎԱԼՄԱՐ»

Մեր մայրաքաղաքը մշակութային մթնոլորտ ձեւավորելու համար դեռեւս անցնելիք ճանապարհ ունի։ Առայժմ քաղաքը զարգանում է սպառողական, այսպես ասած, խանութ¬սրճարան-բար-ռեստորանային ուղղությամբ։ Նմանատիպ կառույցների կողքին երբեմն-երբեմն հայտնվում են մշակութային վայրեր։ Իհարկե, հետխորհրդային տարիներին ի բացառյալ մեկ-երկու այդպիսի կառույցների (օրինակ Թեքեյան մշակութային կենտրոն) ուրիշ աչքառու կառույցներ չեն եղել։ Բարեբախտորեն վերջին տարիներին վերանորոգվեցին մի շարք մշակութային օջախներ (Մատենադարանը, պատկերասրահը, թանգարաններ, թատրոններ եւ այլն)։ Վերջին տարիներին մշակութային նոր օջախները քաղաքում հայտնվում են ցուցասրահների, գեղարվեստի սալոնների տեսքով։ Դրանց մի մասը չի դիմանում եւ փակվում է։ Բարձր մշակութային իրողությունները չլինելով մասսայականՙ ենթադրում են հասարակական ավելի սակավաթիվ խմբի հետաքրքրություն։ Իհարկե, ցանկալի կլինի մեր քաղաքում տեսնել մշակութային այնպիսի վայրեր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու ծրագրեր, եւ որոնք էլ իրենց շուրջը կարող են համախմբել արվեստասերների եւ ինտելեկտուալների։ Նորաբաց պատկերասրահներից որոշները հավակնում են հստակ ուղղվածության եւ գեղագիտական հայեցակարգիՙ որոշակի արվեստ քարոզելու նպատակով, հասարակության գիտակցության մեջ սերմանելու մշակութային, գեղարվեստական արժեքների նկատմամբ վերաբերմունք, որն անշուշտ կնպաստի մարդկանց մեջ գեղագիտական ճաշակ ձեւավորելուն։

Դրանց թիվը ավելացավ եւս մեկով։ Երեւանի կենտրոնումՙ Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ, օրերս բացվեց «Վալմար» պատկերասրահը։ Վալմարի նկարչությունը վաղուց հայտնի է հայաստանյան միջավայրում եւ արտերկրում։ Նրա ցուցահանդեսները կազմակերպվել են աշխարհի տարբեր երկրներում։ Ունեցել է թվով 37 անհատական եւ 117 խմբակային ցուցահանդեսներ։ Իր մասին արտահայտվել են այնպիսի նշանավոր արվեստագետներ, ինչպիսիք Գառզուն, Ժանսեմը, Ռենե Պերեսը, Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ։ Վալմարը ներաշխարհային նուրբ զգացողությունների նկարիչ է, իր ապրումների ու զգացողությունների մեջ մեկուսի, որով եւ սիրում է առանձնության մեջ ստեղծված իր աշխարհը հանձնել կտավի գունատարածքներին։ Դրանք մեղմ տոնայնությամբ անուրջի ու թախծի տրամադրություններով աշխատանքներ են։ Նրա նկարչությունը մոտ է երաժշտական արվեստին եւ երաժշտականությունը ներկա է գրեթե բոլոր գծերի ու գույների մեջ։ Թերեւս իր արվեստի ընդհանուր վիճակըՙ քնարական թախիծն էր պատճառը, որ գարնանային օրվա այդ ժամին հորդառատ անձրեւ տեղաց եւ սրահի բացման արարողությունըՙ նախատեսված այգու հարակից տարածքում, չկայացավ։ Սրահի փոքրության պատճառով մարդիկ խմբված էին դրսում, մինչ ներսում ֆլեյտայի հնչյունները ավելի ներդաշնակում էին ցուցադրված նկարների տրամադրություններին։

Սրահի բացմանը ներկա էին քաղաքի ղեկավարությունը. քաղաքապետ Երվանդ Զախարյանը շնորհավորեց երեւանցիներին քաղաքի մշակութային կյանքը եւս մեկ պատկերասրահով հարստացնելու առիթով, նկարչի վաստակի գնահատանքի խոսքերով ու մաղթանքներով։ Ներկա էին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, Խոսրով Հարությունյանը, մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, Սիմյոն Հախումյանը, այլ պաշտոնյաներ ու մշակութասեր անձինք։

Նորաբաց ցուցասրահում Վալմարի հին ու նոր գործերն էին, «Գեղուհիներ» շարքից մի քանի կտավ, որոնք առաջին անգամ էին ցուցադրվում, Վալմարի դստերՙ Հռիփսիմե Մարգարյանի եւ քանդակագործներ Լեւոն Վարդանյանի ու Թոմ Գեւորգյանի աշխատանքներից։ Նկարչի եւ իր դստեր գործերից բացի այստեղ կցուցադրվեն այլ արվեստագետների աշխատանքներ նույնպես, համագործակցումը կլինի նպատակայինՙ համախոհների շրջանակներում։

Արվեստի նորաբաց սրահը օրհնվեց Մայր աթոռ Սբ Էջմիածնի հոգեւորականների կողմից։ Սրահի բազմամարդությունը եւ աղմուկը ստեպ-ստեպ խլացնում էին երիտասարդ հոգեւորականի օրհնության խոսքը։ Տպավորությունը այնպիսին էր, որ կարծես տերունական աղոթքը դիպչում էր մարդկային անհաղորդ հայացքների խճճված որոնումներին։ Այնուամենայնիվ, տեղատարափ անձրեւը, ֆլեյտայի հնչյունները, աղոթքը, մարդկանց թիկունքում պատսպարված նկարները եւ հենց սրանցով օրը յուրօրինակ հիշողություն կպահի իր մեջ։

Մ. Բ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4