Երեկ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ Մամուլի ազգային ակումբը հրապարակեց 2003 թ. «մամուլի թշնամի» եւ «բարեկամ» տիտղոսակիրների անունները։ Քվեարկությանը մասնակցել են ակումբի 34 անդամներից 23-ը։ Եվ այսպես, «մամուլի թշնամի» տիտղոսի հավակնորդներ են եղել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանըՙ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերի ժամանակ լրագրողների ծեծը հովանավորելու համար, ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանըՙ «Զանգվածային լրատվության մասին» օրինագիծը հեղինակելու եւ պաշտպանելու համար, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանըՙ հիշյալ օրենքի նախագծի ընդունմանը նպաստելու, ՀՀ ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Սակայն ձայների մեծամասնությամբ նրանց գերազանցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, որին տրված ձայները հավասարվել են այդ տիտղոսին արդեն երրորդ անգամ արժանացած հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին տրվածին։ Հրանուշ Հակոբյանին «մամուլի թշնամի» տիտղոս տալը ՄԱԱ վարչության անդամ Նարինե Դիլբարյանը բացատրեց ԶԼՄ-ի օրենքի ընդունմանն աջակցելու, պատգամավորներին ապակողմնորոշելու, միջազգային փորձագետների կարծիքը անտեսելու եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները չդատապարտելու պատճառներով։
Այսպիսով, ըստ Մամուլի ազգային ակումբի, հայ մամուլն այս տարի էլ ոչ մի հայ բարեկամ չունեցավ։ Քիչ թե շատ հավանական թեկնածուներից են եղել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Արդարություն» խմբակցության առաջնորդները։ Առաջինը աջակցել է ԶԼՄ-ի օրենքի նախագծին եւ հեղինակել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ (Վ. Դալլաքյանի թեկնածությունն այդ տիտղոսինՙ տարակուսանք է առաջացնում։ Անցյալ ամիս առնվազն 3 անգամ նա ընդգծված անհանդուրժողականություն է հանդես բերել տարբեր լրագրողների նկատմամբ)։
Տիտղոսակիրների մասին Մամուլի ազգային ակումբի ղեկավարները եւս մեկ անգամ խոսեցին ի պաշտպանություն «Ա1+»-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, որը նախաձեռնել էին Խոսքի ազատության աջակցության հիմնադրամն ու «Ա1+» հեռուստաընկերության պաշտպանության նախաձեռնող խումբը։ Ազնավուրի հրապարակում անցկացված հանրահավաքը, ցավոք, բավականին սակավամարդ էր, ինչը մեր լրագրողական ընտանիքի անհամերաշխության ու մասնատվածության վկայությունն էր։ Որքան էլ ելույթ ունեցողները փորձում էին հավաքվածներին ոգեւորել «կեցցեներով» ու ծափահարություններով, միեւնույն է, ընդհանուր տրամադրությունն ընկճվածությունն էր, որովհետեւ գնալով նվազում է համախոհների դաշտը։ Ելույթ ունեցողները մեղադրական խոսքեր ուղղեցին իշխանություններին, որոնց անտարբերության հետեւանքով առ այսօր չեն պատժվել լրագրողների հանդեպ միտումնավոր բռնություն կիրառած օրինապահները, մասնավորապես նշելով ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի անունը։
«Հայաստանում ամեն օրը պայքար է ազատ մամուլի համար», ասաց Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ մասնակիցների թիվն իրեն տրտմելու առիթ չի տալիս։ Թեպետ «Ա1+»-ի տնօրենը ելույթ չունեցավ, սակայն իր եւ աշխատակազմի հաստատակամության, հետեւողականության եւ անդավաճանության համար արժանացավ հավաքվածների ծափահարություններին։ Աշխատակազմի անդամները կրում էին «Ա1+»-ի եթերազրկումն անօրինական է» պաստառները։ Եթեր վերադառնալու նրանց հույսը չի մարել բարեբախտաբար։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ