ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրը «աշխարհին ուղղություն տալու» ԱՄՆ-ի ռազմական դոկտրինային համապատասխան դեռեւս 90-ական թթ. սկզբներին առաջ է քաշել ՌԱՆԴ կորպորացիան։ Դա նախատեսում է Մերձավոր Արեւելքի հենքի վրա աշխարհաքաղաքական նոր մակրոտարածաշրջանի ստեղծումը։ Դրա նախնական տարբերակով այս մակրոտարածաշրջանի մեջ էին ընդգրկվում Միջին Ասիանՙ 5 հանրապետություններով, ներառյալ Ղազախստանը, Անդրկովկասը, Մերձավոր Արեւելքի արաբական երկրները եւ Իսրայելը, ինչպես նաեւ Իրանն ու Թուրքիան։
Սեպտեմբերի 11-ից հետո միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը պատերազմ սանձազերծեց նախ Աֆղանստանի, ապա եւ Իրաքի դեմ։ Այդ պատերազմները հանգեցրին Աֆղանստանի եւ Իրաքի օկուպացման։ Միաժամանակ ԱՄՆ-ըՙ հանձինս Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանիՙ Միջին Ասիայում, իսկ Վրաստանիՙ Անդրկովկասում ռազմական ներկայություն ապահովեց։
Աֆղանստանի եւ Իրաքի օկուպացումն ու ամերիկյան ռազմական ներկայության ապահովումը ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Միջին Ասիայում, նպաստեցին «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի իրագործման նախադրյալների ստեղծմանը։ Այս պայմաններում ԱՄՆ-ը վերանայեց ծրագիրը։ Այսպիսով, դրանում Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Անդրկովկասի, Միջին Ասիայի երկրների կողքին ընդգրկվեցին նաեւ Աֆղանստանը, Պակիստանը, Կիպրոսն ու Հյուսիսային Աֆրիկայի երկրներըՙ ներառյալ Մարոկկոն։ Այլ կերպՙ ծրագրի աշխարհագրությունը զգալի ընդլայնվեց։ Ընդլայնված տարբերակն էլ դրվեց շրջանառության մեջ։
«Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի մասին հունվարի վերջերին Դավոսում հրապարակավ առաջինն արտահայտվեց ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին, որտեղ նա մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին։ Փետրվարին ծրագիրը հայտնվեց ամերիկյան մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ մարտի սկզբներին դրա շուրջ կարծիքներ փոխանակելու առաջադրանքով Եվրոպա գործուղվեց ԱՄՆ փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը։ Այնուհետեւ նա անցավ Մարոկկո, որտեղից էլ ուղեւորվեց տարածաշրջանՙ այցելելով Եգիպտոս եւ այլ երկրներ։
Թեեւ Փարիզն ու Բեռլինը լրջորեն հակադրվեցին ծրագրին, իսկ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան դա կտրականապես մերժեցին, բայց եւ այնպես Գրոսմանի շրջագայությամբ ծրագիրը մտավ միջազգային հանրության օրակարգ։ Դա դեռեւս չի հրապարակվել։ Հետեւաբար մանրամասները հայտնի չեն։ Պարզապես գիտենք, որ Վաշինգտոնը Իսրայելից եւ Անգլիայից բացի որեւէ այլ երկրի ծրագրի մշակման մասնակիցը չի դարձրել։ Իսկ դրա իրագործումը պայմանավորել է Ռուսաստանի հնարավոր ծավալումն ու Չինաստանի հետագա հզորացումը կասեցնելու, ինչպես նաեւ իսլամական արմատական կազմակերպություններին վնասազերծելու միջոցով տարածաշրջանում Արեւմուտքի շահերը սպառնալիքներից պաշտպանելու անհրաժեշտությամբ։
Սպառնալիքների թվում Վաշինգտոնը նշել է ահաբեկչությունն ու զանգվածային ոչնչացման զենքերի առկայությունը տարածաշրջանում եւ ծրագրի առաջնահերթ նպատակներից է համարել տարածաշրջանային երկրների բարգավաճումն ու այդ երկրներում ժողովրդավարության ամրապնդումը։
Ծրագիրը քննարկման է դրվելու «Մեծ ութնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության առաջիկա գագաթաժողովներում, որոնց հրավիրումը նախատեսվում է ամռանը։ Քննարկումներն, ինչ խոսք, կհստակեցնեն դրա նկատմամբ առկա դիրքորոշումները։ Սակայն, անկախ դրանց արդյունքներից, ակնհայտ է, որ ծրագիրը հակառուսական եւ հակաչինական ուղղվածությունից բացի ունի նաեւ հակաեվրոպական ուղղվածություն։
Ինչ վերաբերում է Մերձավոր ու Միջին Արեւելքի բարգավաճմանն ու ժողովրդավարացմանը, ապա դա ենթադրում է տնտեսական եւ քաղաքական աջակցություն, ինչն իր հերթին անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանում կայունության ամրապնդումը։ Մինչդեռ ԱՄՆ-ը տարածաշրջանի վերակազմավորման առաջադրանքով այստեղ պատերազմներ է սանձազերծում, հրահրում է միջէթնիկ եւ միջդավանանքային բախումներ։ Այս ամենի հետեւանքով տարածաշրջանային երկրներում ծավալվում է ահաբեկչությունը, իսկ բռնությունըՙ սաստկանում։ Ուրեմն, ծրագիրն ուղղված պետք է լինի նաեւ տարածաշրջանային երկրների դեմ։
Հակառուսական եւ հակաչինական ուղղվածության պարագայում ԱՄՆ-ի խնդիրը ոչ այնքան Ռուսաստանի ծավալումն է կամ Չինաստանի հզորացումը, որքան ռուս-չինական առանցքի ամրապնդումն ու դրանում Իրանի ներգրավումը։
Ծրագրի հակաեվրոպական ուղղվածության հիմքում, ըստ ամենայնի, «Միջերկրածովքի» նախաձեռնությունն է, որը նախատեսում է ԵՄ-ի գլխավորությամբ Միջերկրականի ավազանում առափնյա երկրների համագործակցության ձեւավորումը։ Կասկածից վեր է, որ ձեւավորման դեպքում այս համագործակցությունն ի հակակշիռ ԱՄՆ-ի միանձնյա ռազմական ներկայության Մերձավոր եւ Միջին Արեւելքում, ոչ միայն կխոչընդոտի տարածաշրջանում ամերիկյան ծրագրերի իրագործմանը, այլեւ կնպաստի ԵՄ-ի որպես ինքնուրույն բեւեռ ձեւավորմանը։
Ուրեմն ԱՄՆ-ը «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրում Հյուսիսային Աֆրիկայի երկրներին ընդգրկում է «Միջերկրածովքի» եվրոպական նախաձեռնությունը ձախողելու նպատակով։ Ի պատասխան դրան, ԵՄ-ն ամերիկյան ծրագրին է հակադրում ֆրանս-գերմանական համատեղ նախաձեռնության արդյունքը հանդիսացող «Ընդարձակ Մերձավոր Արեւելք» անունով մեկ այլ ծրագիր։ Այսպիսով, անխուսափելի է դառնում «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի եւ դրա եվրոպական այլընտրանքային տարբերակի շուրջ ԵՄ-ԱՄՆ մրցապայքարի ծավալումը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա պետք է ասել, որ տարածաշրջանի վերակազմավորումն, ըստ ծրագրի, պայմանավորվում է նրանց վերակազմավորմամբ։ Քանի որ դա, բացառությամբ Իսրայելի, վերաբերում է բոլորին, գործող վարչակարգերի տապալման անխուսափելի հետեւանքով, ուստի ծրագրին բուռն հակազդեցություն են ցուցաբերում նաեւ այն երկրները, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներն են։ Սա նշանակում է, որ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վերակազմավորման պարագայում խնդիրը սոսկ տարածաշրջանի «վերաձեւումը» չէ, այլ ամերիկյան քաղաքականության մեջ «ռազմավարական դաշնակից» հասկացության վերանայումը։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ը տարածաշրջանի վերակազմավորմանը զուգընթաց տարածաշրջանային երկրներին ենթարկում է ռազմավարական վերախմբավորման, ինչն իր հերթին անհրաժեշտ է դարձնում նրանց նոր տեղի եւ դերի հատկացումը։ Ինչպիսին կլինի այդ տեղն ու դերը, դժվար է ասել։ Բայց որ տարածաշրջանն Իրաքի օրինակով է վերակազմավորվում, իսկ Իրաքը վերակազմավորման քողի տակ, փաստորեն, կանգնել է կազմալուծման սպառնալիքի առջեւ, ակնհայտ է։
Խոսքը տվյալ դեպքում Իրաքի քրդերին արաբ մեծամասնությանը հակադրելու կամ երկրում շիա-սուննի բախումներ հրահրելու ԱՄՆ-ի նկրտումների մասին չէ, այլ «ժամանակավոր սահմանադրության», որը մարտի 8-ին ստորագրել են ամերիկյան վարչակազմի ղեկավար Փոլ Բրեմերն ու Իրաքի կառավարող խորհրդի բոլոր 25 անդամները։ Սահմանադրությամբ Իրաքը դառնում է դաշնային հանրապետություն։ Քանի որ դաշնության սուբյեկտներն են Հյուսիսային Իրաքըՙ քուրդ բնակչությամբ, Կենտրոնական Իրաքըՙ սուննի, իսկ Հարավայինըՙ շիա արաբներով, իսկ սահմանադրությունը ինչպես քրդերին, այնպես էլ սուննիներին եւ շիաներին օժտում է ինքնիշխանության հատկանիշներով, ուստի երկիրը ոչ միայն էթնիկ եւ դավանանքային հիմունքներով բաժանվում է երեք մասի, այլեւ կանգնում է մասնատման սպառնալիքի առջեւ։
Հարցը, սակայն, Իրաքի մասնատման սպառնալիքը չէ, այլ Կենտրոնական Իրաքը Հորդանանին կցելու պաշտոնական Վաշինգտոնի նկրտումները։ Ակնհայտ է, որ կցման դեպքում Իրաքը վերակազմավորվելու փոխարեն վերջնականապես կկազմալուծվի։ Հետեւաբար, Իրաքի օրինակով տարածաշրջանային երկրների վերակազմավորումը ենթադրում է մասնատման միջոցով նրանց կազմալուծումը։
Թեեւ մասնատման ենթակա երկրների ցուցակում ընդգրկվել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի պես տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցները, այդ սպառնալիքն առաջին հերթին վերաբերում է Իրանին, Սիրիային եւ Լիբանանին։ Հատկանշական է, որ այս երեք երկրներն էլ Հայաստանի դաշնակիցներն են, հետեւաբար, նրանց ենթարկումն ամերիկյան սպառնալիքներին, անկախ այն դերից, որը «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրով վերապահվում է Հայաստանին, չի կարող բացասաբար չանդրադառնալ մեր հանրապետության միջազգային դրության վրա։
Ամերիկյան սպառնալիքներին ենթակա երկրներից Իրանը պաշտպանողական մեծ ներուժ ունի։ Միաժամանակ նա տարբեր բնագավառներում համագործակցում է Ռուսաստանի հետ, իսկ Ֆրանսիայի ու Գերմանիայի պես ԵՄ-ի առաջնակարգ երկրների հետ հարաբերություններ է զարգացնում։ Պաշտպանողական ներուժի պարագան ԱՄՆ-ին հետ է պահում Իրանի դեմ ռազմական գործողությունների դիմելու գայթակղությունից։ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման պայմաններում Իրանը ամերիկյան ճնշումները չեզոքացնելու հնարավորություն է ստանում։ Որքան էլ ԱՄՆ-ը չհրաժարվի միջէթնիկ բախումներով երկիրն ապակայունացնելու եւ իսլամական վարչակարգին տապալելու մտադրությունից, այնուամենայնիվ, դրա իրականացումն իրատեսական չի թվում, եւ ամերիկյան ճնշումները հետզհետե կենտրոնանում են Սիրիայի վրա։
Առաջին հայացքից թվում է, թե որպես թիրախ Սիրիան ԱՄՆ-ի համար համեմատաբար խոցելի է, ուստի նրա դեմ ռազմական գործողությունների ծավալումը Վաշինգտոնից լրացուցիչ ջանքեր չի պահանջի, մանավանդ որ ամերիկյան 150-հազարանոց բանակը տեղակայված է հարեւան Իրաքի տարածքում։ Սակայն չպետք է մոռանալ այն ձախողումների եւ բարդությունների մասին, որոնց առջեւ Իրաքում կանգնել է ԱՄՆ-ը։ Ըստ երեւույթին, իրաքցիների համառ դիմադրությունը, որը երկրի շիա արաբներին միավորում է սուննիների հետ եւ հետզհետե կազմակերպված բնույթ է ստանում, զգալի սահմանափակել է տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու ԱՄՆ-ի հնարավորությունները։ Այդ իսկ պատճառով նա հրաժարվում է պատերազմը որպես տարածաշրջանային երկրների վերակազմավորման միջոց օգտագործելու քաղաքականությունից։ Դրա փոխարեն ձգտում է միջէթնիկ եւ միջդավանանքային բախումների միջոցով հասնել այդ երկրներում գործող վարչակարգերի տապալմանը։
Վերջերս Ղամիշլիում ծայր առած քուրդ-արաբական բախումները, որոնք շատ արագ տարածվել էին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում, այդ ձգտումների արձագանքն էին։ Քանի որ «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագիրը ենթադրում է Սիրիայի վերակազմավորումն Իրաքի օրինակով, իսկ վերջինը երեք մասի է բաժանվում, ուստի չի բացառվում, որ Սիրիան բացի քուրդ-արաբական բախումներից, ականատես լինի նաեւ սուննիների եւ ալավիների բախումներին։
Քուրդ-արաբական բախումներին զուգընթաց նոր պատժամիջոցների կիրառման պատրաստակամությամբ Վաշինգտոնն աննախադեպ ուժեղացրել է Սիրիայի վրա գործադրվող ճնշումները։ Դրանք պայմանավորվում են այսպիսի պահանջներով. դադարեցնել աջակցությունը պաղեստինյան արմատական կազմակերպություններին, Իսրայելի հետ անհապաղ նստել բանակցությունների շուրջ, հանձնել Սիրիա փախած Սադդամի վարչակարգի անդամներին։
Այս պահանջներից պետք է առանձնացնել Լիբանանի տարածքից սիրիական ստորաբաժանումները դուրս բերելու եւ այդ երկրի ներքին գործերին Սիրիայի միջամտությանը վերջ տալու պահանջը։ Այն առումով, որ ԱՄՆ-ի պահանջները թեկուզ մասամբ կատարելով Սիրիան ստիպված է լինելու տարածաշրջանում կորցնել իր քաղաքական կշիռն ու ազդեցությունը։ Դա իր հերթին լուրջ հարված է հասցնելու արաբական միասնականության գաղափարին։ Իսկ Լիբանանից սիրիական ստորաբաժանումները դուրս բերելու դեպքում այս երկիրն անպաշտպան է մնալու Իսրայելի ոտնձգություններից։ Հատկապես այն դեպքում, երբ Արիել Շարոնի կառավարությունը շեյխ Ահմեդ Յասինի սպանությունից հետո «Համասի» եւ «Իսլամական ջիհադի» կողքին պատերազմ է հայտարարել Լիբանանի հարավում տեղակայված «Հզբոլլահին»։
Հարավային Լիբանանի նկատմամբ Իսրայելի ագրեսիվ նկրտումները հայտնի են։ Միաժամանակ Լիբանանը խայտաբղետ ազգաբնակչությամբ ունի ինչպես միջէթնիկ, այնպես էլ միջդավանանքային բախումների հրահրման բոլոր նախապայմանները։ Այս ամենը խոցելի է դարձնում Լիբանանին, ընդ որումՙ ոչ միայն Իսրայելի, նաեւ ԱՄՆ-ի համար։ Կասկածից վեր է, որ Լիբանանի խոցելիության աստիճանը պայմանավորելու է ԱՄՆ-ի ճնշումներին դիմակայելու Սիրիայի կարողությունները։ Այլ կերպ, «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրում Լիբանանի տեղն ու դերը պայմանավորված է ԱՄՆ-Սիրիա հարաբերություններով։ Հատկանշական է, որ Հայաստանի պարագայում էլ այդ տեղի ու դերի առումով կարեւոր նշանակություն են ձեռք բերում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները։
«Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի հակառուսական ուղղվածությունը հայ-ռուսական ռազմական եւ ռազմավարական համագործակցության պայմաններում, ինչ խոսք, խոցելի է դարձնում նաեւ Հայաստանը։ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը էլ ավելի է բարդացնում նրա վիճակը։ Այլ կերպ, ռուս-ամերիկյան մրցապայքարի մեջ ներքաշված Հայաստանը նշանառության թիրախ է դառնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի համար։ Հարկ է սակայն նշել, որ վերջին տարիներին եւ հատկապես Վրաստանում ռազմական ներկայություն ապահովելուց հետո ԱՄՆ-ն Անդրկովկասում ինքնուրույն է գործում։ Այլեւս նրա գործունեությունն, ինչպես նախկինում էր, Թուրքիայով միջնորդավորված չէ։
Միաժամանակ ակնհայտ է, որ Անդրկովկասն ու Միջին Ասիան «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրում ընդգրկող ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել Ադրբեջանի եւ միջինասիական թուրքալեզու հանրապետությունների մասնակցությամբ տնտեսական, քաղաքական, մշակութային որեւէ համագործակցության ստեղծումը Թուրքիայի գլխավորությամբ։ Սա նշանակում է, որ Հայաստանը որպես գործոն, բացի Ռուսաստանից, անհրաժեշտ է նաեւ ԱՄՆ-ին։ Եթե Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության պայմաններում Հայաստանը չեզոքացնում է թուրքական ազդեցությունը, ապա ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ նա սահմանափակելու առաջադրանքով կհակադրվի Թուրքիայի ազդեցությանը։
Դրա գրավականը թուրքալեզու հանրապետությունների համագործակցության Թուրքիայի ձգտումներն են, որոնք հակասում են ինչպես Անդրկովկասում ու Միջին Ասիայում ամերիկյան ռազմական ներկայության, այնպես էլ այդ տարածքները «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրում ընդգրկելու ԱՄՆ-ի տրամադրություններին։
Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան ռազմավարական շահերին, ապա դրանց հակասությունն էլ թերեւս արտահայտվում է վերակազմավորման միջոցով Իրաքի մասնատմանՙ առավել եւս երկրի հյուսիսում քրդական ինքնավարության առջեւ դաշնության սուբյեկտիվ կարգավիճակով փաստացի անկախության հեռանկար բացելու ԱՄՆ-ի պատրաստակամությամբ։ Թերեւս այդ առումով պատահական չէ, որ հակաիրաքյան պատերազմի նախօրեին ծայր առած թուրք-ամերիկյան տարաձայնությունները դրա ավարտին վերաճեցին լուրջ հակասությունների, եւ ԱՄՆ-ն, անկախ «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրից, սկսեց վերանայել Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի նպատակահարմարությունը։
Թեեւ հակասությունների սրման պայմաններում Թուրքիան կարողացավ մերձենալ ԵՄ-ին, եւ այս կառույցը թուրքական գործոնի միջոցով Անդրկովկաս ներթափանցելու հաշվարկներով սկսեց աննախադեպ ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան հարցում, բայց Թուրքիան այլեւս կարեւոր գործոն չէ, նրա միջոցով Անդրկովկաս ներթափանցելու հաշվարկներն ընդամենը կսրեն ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի հակասությունները։ Քանի որ այդ հակասությունները ԵՄ-ի պարագայում պայմանավորված են «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրով, իսկ Թուրքիայի ծրագրին համապատասխան տարածաշրջանային երկրների վերակազմավորմամբ, ուստի հակասությունների սրումը վերջիններիս առջեւ բացում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խուսանավելու հեռանկար։ Թերեւս դա նրանց կտա ծրագրի կործանարար հետեւանքները նվազագույնի իջեցնելու հնարավորություն։ Այդ ընթացքում Հայաստանն էլ կխուսանավի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ, որպեսզի թուրքական պետության հակահայկական քաղաքականությունը չեզոքացնելիս, այդ չեզոքացումը պայմանավորի Թուրքիայի ազդեցությունն Անդրկովկասում սահմանափակելու ԱՄՆ-ի քաղաքական հաշվարկներով։