Աջարիայի խնդիրը սրվում է
Աջարիայում իրավիճակը մնում է լարված։ Վերջին օրերի իրադարձությունները փոքրացնում են արդեն հակամարտության վերածվող այդ խնդրի խաղաղ կարգավորման հավանականությունը։
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտում է Աջարիայի ղեկավարությանՙ Վրաստանի մնացած հատվածի հետ կապող ինքնավարության վարչական սահմանի կամուրջը պայթեցնելու որոշումը։ Պետքարտուղարության մայիսի 3-ի հայտարարության համաձայն, նման գործողությունների հետեւանքով շարքից դուրս են եկել միջազգային կարեւորություն ունեցող տրանսպորտային ուղիները։ Դրանք կենսական նշանակություն ունեն նաեւ Աջարիայի եւ ողջ Վրաստանի բնակչության համար։
ԱՄՆ-ը կրկին Վրաստանին կոչ է արել հակամարտության լուծման համար օգտագործել քաղաքական եւ տնտեսական մեթոդներ։
Աջարիայի իրադարձությունների առնչությամբ դժգոհություն է հայտնել նաեւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը։ Նա եւս կողմերին կոչ է արել հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով, նշելով, որ ցանկացած կամուրջ կարելի է վերականգնել, բայց ոչ մի մարդկային կյանք հնարավոր չէ վերականգնել։
Երեկ արդեն Աջարիայումՙ Քոբուլեթում ընդդեմ Աբաշիձեի բողոքի ցույցի էին դուրս եկել ինքնավար հանրապետության ուսանողները։ Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության համաձայն, Քոբուլեթի ցույցերը հետեւել են Բաթումում տեղի ունեցած ցույցերին, որոնց ժամանակ ոստիկանությունը ծեծել է որոշ ցուցարարների։ Ցերեկվա ժամը 3-ից հետո Աջարիայի անվտանգության ուժերը ցրեցին ցուցարարներին։
Ինչպես լրագրողներին երեկ հայտարարել է Բաթումի քաղաքային ոստիկանության ղեկավար Թամազ Ջորդմինաձեն, ցույցի մասնակիցները հրաժարվել են խաղաղ հեռանալ, եւ ոստիկանությունը ստիպված ուժ է գործադրելՙ օգտագործելով փայտե մահակներ։ Ըստ Ջորդմինաձեի, Աբաշիձեն ցանկություն է հայտնել խոսել ցուցարարների հետ, բայց այդ առաջարկը մերժվել է։
Դժգոհություններն առաջացել են նախ եւ առաջ այն պատճառով, որ Ասլան Աբաշիձեի հրահանգով փակվել են Աջարիայի միջնակարգ դպրոցներն ու համալսարանները։
Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Աջարիայի ոստիկանությունը ձերբակալել է «Ժողովրդավարական Աջարիա» ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Ռոման Կիրկիտաձեին։ Ըստ վկաների պնդման, ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկը նռնակ է դրել Կիրկիտաձեի գրպանը։
Դեռեւս մայիսի 2-ին Վրաստանի նախագահ Սաակաշվիլին վերջնագիր էր ներկայացրել Աջարիայի ղեկավարությանըՙ 10-օրյա ժամկետ նշանակելով անօրինական զինված խմբավորումների զինաթափման համար։ Պատասխանը եղավ անվտանգության միջոցների ուժեղացումը եւ ճնշումը տեղի ընդդիմության վրա։
Ամեն դեպքում, տպավորությունն այնպիսին է, կարծես Աջարիայի իշխանությունները չեն պատրաստվում ենթարկվել Վրաստանի կենտրոնական իշխանություններին։ Մեր տեղեկությունների համաձայն, Չոլոկի գետի կամրջի փոխարեն Աջարիայի զինվորականները կառուցում են շարժական կամուրջՙ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար։
Վրացական լրատվամիջոցների համաձայն, կամուրջների պայթեցման կազմակերպիչ է համարվում ռուս գեներալ Նետկաչովը։ Նա 1999 թ.-ից Ասլան Աբաշիձեի ռազմական հարցերով խորհրդականն է։ Իսկ քաղաքական փորձագետներն ու վերլուծաբանները հակված են կարծելու, որ Աբաշիձեն ոչ մի կերպ չի համաձայնի Սաակաշվիլու առաջադրած պայմաններին։
Միակ ելքը մնում է այն, որ Վրաստանի սահմանադրության համաձայն, երկրի նախագահը խորհրդարանի համաձայնությամբ լուծարում է տարածքային միավորների կամ ինքնավարության պետական մարմինները, եթե նրանց գործունեությունը վտանգում է երկրի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։
Նման նախագիծ արդեն իսկ պատրաստվում է Վրաստանի խորհրդարանում։ Ընդ որում, նման նախագծի քննարկման դեպքում Աջարիայի իշխանությունները կհայտարարվեն անօրինական։
Ընդհանուր առմամբ, հենց Աջարիայի բնակիչների հավաստմամբ, ներքին լարվածությունն այնքան էլ չի արտահայտվում արտաքնապես։ Թերեւս միայն Բաթումի փողոցներում շատացել են ոստիկանական մեքենաները, հաճախակիացել են ստուգումները, որոշ սննդամթերքներ թանկացել են։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի