«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2004-05-01 | #80, 2004-05-04 | #81, 2004-05-05


ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Ուղղակի անգնահատելի է Ամերիկայում եւ Եվրոպայում գործող հայկական կազմակերպությունների վերջին տարիների կատարած աշխատանքը։ Այդ երկրներում նրանք կարծիք են ձեւավորել Հայաստանի մասինՙ մեծապես նպաստելով մեր երկրի զարգացմանը։ Տարածաշրջանում այսօր մրցակցությունն ավելացել է, ինչը մեզ պարտադրում է ողջ հայության ուժերը կենտրոնացնել, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի համար դրական արդյունքներ ձեռք բերել», երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հայաստան-սփյուռք» խորհրդաժողովի շրջանակներում մայիսի 3-4-ը «Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ իրազեկման աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցեցին Մ. Նահանգների ու Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու առանձին անհատներՙ Ամերիկայի հայկական համագումարը, Ամերիկայի հայկական կոմիտեն, Եվրամիության Հայ դատի գրասենյակը, ՌԱԿ համաատենապետը, ՀՅԴ հանձնախմբերի ղեկավարներն ու եվրոպական մի շարք երկրների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Պրն Օսկանյանը նշեց, որ հայկական կազմակերպությունները ծավալում են հայանպաստ գործունեությունՙ արդյունավետ կիրառելով Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք են երկրի անվտանգությունը, զարգացումը, եվրոպական ինտեգրացիան, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումն ու մեր պատմական իրավունքների ու արժեքների պահպանումը։ Այս ուղղությունները մանրամասն քննարկվել են հանդիպման ընթացքում. «Այս իմաստով շատ օգտակար հանդիպում էր, որովհետեւ իսկապես անհրաժեշտություն կար նրանց տեղեկացնելու մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների, առաջնայնությունների, ուղղությունների ու դրանց հիմնավորման մասին, որպեսզի իրենց աշխատանքներում դրանք կիրառելի դառնան»։

Քննարկվել է համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցը, ինչի համար կարեւորվել է տեղեկատվության ամենօրյա փոխանակումը։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ու երկօրյա աշխատանքների արդյունավետության մասին մասնակիցների կարծիքները իմանալու նպատակով զրուցեցի ՌԱԿ համաատենապետ Երվանդ Ազատյանի, Եվրամիության ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Հիլդա Չոբոյանի, կազմակերպության ղեկավար, Հոլանդիայի կազմակերպությունների միության ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի, ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ։

Երվանդ Ազատյան-Այս հավաքը չափազանց օգտակար ու դրական եմ գնահատում նախ այն իմաստով, որ մասնակիցները հաճախ չեն խորհրդակցում ու գործակցում։ Շատ հարցեր քննարկվեցին ու բյուրեղացան, դրանք առանձին մարդկանց մտքերում տարբեր հնչեղություն ունեին, սակայն այստեղ տարբերությունները համադրվեցին ու տեղեկության պակասը լրացվեց։ Իհարկե, քննարկվող հարցերը բոլորիս ծանոթ էին, սակայն դիվանագիտությունը դինամիկ ընթացք ունի, միշտ նորությունների ու անակնկալների մեջ է, հետեւաբար, ինչպես ամերիկացիներն են ասումՙ ամեն մարդ նույն էջի վրա պետք է լինի։

Վստահ եմ, որ բոլոր մասնակիցների համար օգտավետ եղավ։ Ուրախալի է, որ կազմակերպական աշխատանքները հետզհետե բարձր մակարդակի են հասնում։

Հիլդա Չոբոյան-Երկուստեք պետք է ուշադիր լինենք Հայաստանի հզորացման, մեր շահերի պաշտպանման, նաեւ մեր ժողովրդի բարօրության ու խաղաղության, իրավունքների պաշտպանության խնդիրների հանդեպ։ Առկա է աշխատանքների համադրում ու համագործակցություն զանազան մակարդակներում։ Չպետք է մոռանալ, որ մենք նաեւ սփյուռքի ու եվրոպահայության շահերը պաշտպանելու հանձնառություն ունենք, ինչպես օրինակ, եվրոպահայ համայնքների լեզվամշակութային իրավունքների խնդիրը։ Հայաստանի իշխանությունների ու զանազան կառույցների հետ այս իմաստով մշտական երկխոսության մեջ ենք։

Մեզ համար կարեւոր է Հայոց ցեղասպանության խնդրի մեջ այսօրվա Թուրքիայի պատասխանատվության հարցը, ամենամեծ պատասխանատվությունը ցեղասպանության ուրացման քաղաքականության մեջ է։ Այս խնդիրները, թերեւս Հայաստանի իշխանությունները չեն կարող դնել, բայց մենք իրավասություն ունենք միջազգային իրավաբանների միջոցով հարցը հասցնելու միջազգային կառույցներին։

Մաթո Հախվերդյան-Բավականին հետաքրքրական էին հատկապես արտգործնախարարության ներկայացրած արտաքին քաղաքականության ուղղությունները։ Հավաքը մի քիչ հավասարակշռված չէր, որովհետեւ որոշ կազմակերպություններից շատ մարդիկ էին ներկա եւ ամբողջ ժամանակը իրենք զբաղեցրին. մեկի խոսքը 2 ժամ տեւեց, ուրիշներին շատ կարճ ժամանակ մնաց։ Կարելի էր ավելի արդյունավետ կազմակերպել ու ավելի լավ արդյունքների հասնել։ Մեր ուշադրության կենտրոնում եղան հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ղարաբաղի հիմնախնդրին ու Հայաստանի քաղաքական իրավիճակին առնչվող հարցերը։ Աշխատում ենք Հոլանդիայում ազդեցություն գործել Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների բացման հարցերը կոպենհագենյան չափանիշների մեջ ընդգրկելու համար։

Աշոտ Ղուլյան- Քննարկվող հարցերից մեկը ղարաբաղյան հիմնախնդիրն էր, որի նկատմամբ նկատելի հետաքրքրություն կար։ Մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն, ըստ իս, հնարավոր չէ առանձին ներկայացնել։ Դրանք պետք է լինեն լավ համադրված, խոսք լինել չի կարող մեկը մյուսից տարանջատելու մասին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնախնդրի, սպասվող հնարավոր զարգացումների ու հետագա համագործակցության մասին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4