ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Այսօր եւ վաղը ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում կկայանա միջազգային գիտագործնական կոնֆերանս «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» թեմայով։ Նախօրեին «Երեւան» հյուրանոցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության հայկական ինստիտուտի տնօրեն, պրոֆ. Յու. Բարսեղովը, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը եւ կոնֆերանսի մասնակից մի խումբ փորձագետներ մամուլի ասուլիս տվեցին։ Այսօրվա խորհրդաժողովին մասնակցում են ճանաչված գիտնականներ նաեւ Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Կանադայից ու Շվեյցարիայից։ Բովանդակությամբ ու նշանակությամբ բացառիկ այս հավաքում ցեղասպանության ասպարեզի բարձրակարգ փորձագետները մտադիր են մշակել համահայկական ծրագիր, որը կանոնակարգելու է ցեղասպանության հարցի լուծումը մեկ միասնական հայեցակարգի դիրքերից։ Այն լինելու է առավելագույնս իրատեսականՙ հաշվի նստելով հայ-թուրքական եւ ընդհանրապես տարածաշրջանային հարաբերությունների ներկա վիճակի ու հետագա հեռանկարների հետ։ Պրոֆ. Յու. Բարսեղովը կարեւորեց խնդիրը միջազգային իրավական նորմերի շրջանակում դիտարկելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատմաբաններն ու քաղաքագետները սիրում են խոսել միջազգային իրավունքի պահանջները հարգելու մասին։ Ըստ պրոֆեսորի, հենց դրանից էլ պետք է սկսել, ընդառաջ գնալով այդ կոչինՙ մշակել պատմաաշխարհագրական, վիճակագրական փաստերի անխոցելի համակարգ։ Չնայած ցեղասպանության հարցը շատ է շրջանառվել, առ այսօր մնում են հիմնավորման ու ճշգրտումների կարիք զգացող բազում հիմնահարցեր։ Օրինակ, այդ մեծ եղերագործության ժամանակի խնդիրը, այն պետք է հաշվել 1915 թվականից, թե՞ դրանից առաջ։ Մինչեւ ո՞ր ժամանակահատվածն է շարունակվել, ի՞նչ տարածք է ընդգրկելՙ Թուրքիայի սահմաններից ներս եւ դուրս։ Ճշգրտումների կարիք ունի զոհվածների թիվը, ոչ միայն ֆիզիկապես ոչնչացվածների, այլեւ տեղահանվածների, թրքացվածների ու կրոնափոխվածների։ Բոլոր հարցերի վերաբերյալ մեկ ընդհանուր հայտարարի գալը քաղաքագետներին կզրկի թեկուզ աննշան անճշտությունն իրենց օգտին ու մեր դեմ օգտագործելու հնարավորությունից։
Մինչ այժմ նրանց այդպիսի «նվեր» մատուցում էին հայ գիտնականների ու ցեղասպանության ճանաչման ջատագովների տարերային, չկանոնակարգված որոշումներն ու հայտարարությունները։ Այնպես որ, կոնֆերանսը ռազմավարական խնդիր է լուծելու։ Մշակելու է ծրագիր, որ պատասխան է տալու այն հարցին, թե ինչ է ի վերջո պահանջում Հայաստանն այսօր Թուրքիայից։ Այն ներառելու է ե՛ւ հայ-թուրքական սահմանի բացման, ե՛ւ ցեղասպանության փոխհատուցման հարցերը, որոնց լուծումները կարող են հիմք դառնալ եւ լոբբիիստական, ե՛ւ արտգործնախարարության, ե՛ւ սփյուռքի ու տեղական կազմակերպությունների գործունեության համար։ Այդ դժվար առաքելությունն իրականացնելու է փորձագետների հատուկ խումբը, որի կազմը հայտնի կդառնա խորհրդաժողովի ընթացքում։ Իսկ մինչ այդ առաջին քայլերն արդեն արվել են։ Հրապարակվել է երկհատոր գիրք ցեղասպանության մասին, ուր առաջին անգամ օգտագործվել են Ռուսաստանի արխիվային նյութերը։ Մոսկվայում 2 հուշարձան պիտի բացվի առաջիկայում, իսկ 1 տարում կտպագրվեն նաեւ փորձագետների մշակած համահայկական ծրագրի նյութերը։
Ապրիլի 24-ին, մեծ սպանդի հիշատակի օրն աշխարհի ամենանշանավոր թերթերումՙ «Նյու Յորք թայմս», «Ֆիգարո», «Մոնդ», «Դեյլի թելեգրաֆ» եւ այլն, տպագրվել է Արա Աբրահամյանի ընդարձակ հոդվածը Մեծ եղեռնի մասին, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել «Ազգ»-ում։ Սա եւս նախադեպ կարելի է համարել, երբ առաջին անգամ համաշխարհային մամուլը զանգվածաբար ներկայացնում է հիմնախնդիրը։
Եվ քանի որ ասուլիսը տեղի ունեցավ հանրապետության համար բարդ ժամանակահատվածում, անդրադարձ եղավ նաեւ ներքաղաքական կացությանը։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն լուրերին, թե ընդդիմությունը ֆինանսավորվում է դրսից, մասնավորապես նաեւ Ռուսաստանից, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ռուսաստանում չկա այնպիսի ուժ, որը շահագրգռված լինի ֆինանսավորել, որպեսզի Հայաստանում անկայուն վիճակ լինի։ Փոխարենը, Հայաստանում կան այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են եւ կարող են նպաստել ճգնաժամի հաղթահարմանը։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել մեզ։ Մենք խիստ բացասաբար ենք վերաբերվում այս գործընթացներին։ Ես կարծում եմ, որ դրանք իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականության հետեւանք են։ Մյուս կողմից, ընդդիմությունը պիտի գիտակցի պետականությունը վտանգի ենթարկելու փաստը»։ Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ էլ, ստեղծված իրավիճակի դրդապատճառը նաեւ այն էր, որ Սահմանադրական դատարանը հստակ դիրքորոշում չարտահայտեցՙ պե՞տք է վստահության հանրաքվե անել, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, ե՛ւ Արա Աբրահամյանը, ե՛ւ Անդրանիկ Միհրանյանը համակարծիք էին, որ ճգնաժամի միակ լուծումը կարող է դառնալ խնդիրը փողոցից կլոր սեղանի շուրջ բերելը։
«Ես այդպիսի մարդու չեմ ճանաչում»
«Առավոտ» թերթի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հայտարարությունը, թե Արա Աբրահամյանը գնել է Թեքեյան կենտրոնի բաժնետոմսերի մի մասը եւ արդյունքում «Ազգ» օրաթերթն իր ողջ կազմով «նվիրվել» է նրան, Ա. Աբրահամյանը պատասխանեց. «Մեծ ուրախությամբ կընդունեի նվերը, բայց որ այդպիսի նվեր չեմ ստացել, կարող եմ հստակ ասել։ Իսկ թե ով է Հարություն Առաքելյանը, չգիտեմ։ Այդպիսի մարդու չեմ ճանաչում։ Որպեսզի նման հայտարարություն արվի, դրա իրավունքը պիտի վաստակել։ Ես անձամբ «Ազգ» թերթը չեմ գնել, պետք է ճշտել, թե ո՞վ է գնել»։