Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ապահովելու դեպքում մեր երկիրը կունենա տարեկան 1 մլրդ դոլարի եկամուտ, ներկայիս 50 մլն դոլարի փոխարեն։ Թեպետ վերջին 2 տարիներին ոլորտն արձանագրել է տարեկան 20 տոկոս աճ, սակայն, մասնագետների գնահատմամբ, դեռեւս առկա են լուրջ խոչընդոտներ, որոնք վերացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախաձեռնություններ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախորդ տարի անցկացրած ծրագրավորման բաց մրցույթի հանդեպ եղած մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, այս տարվա հունիսի 1-18-ը նախատեսել են անցկացնել ծրագրավորման համահայկական մրցույթ, որի նպատակն է բացահայտել Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդ մասնագետների գիտելիքները, ինչպես նաեւ ամրապնդել նրանց մասնագիտական կապերը։ Այս կապակցությամբ Արմենպրեսի մամուլի սրահում երեկ մամլո ասուլիս էին հրավիրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Արման Վալեսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ «Լայկոս» ձեռնարկության գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։ Հանգամանորեն ներկայացնելով մրցույթի մանրամասները, նրանք միաժամանակ ընդգծեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում հմուտ մասնագետների ու դասախոսների թվի ավելացման անհրաժեշտությունըՙ ելնելով աշխատատեղերի պահանջարկի նկատելի ավելացումից։
Եվ այսպես, առաջին համահայկական ծրագրավորման մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 30 տարեկան այն մասնագետները, որոնք տիրապետում են C++, Visual C++, Visual Basic, Java, Pascal ծրագրավորման լեզուներից որեւէ մեկին։ Մրցույթը կանցկացվի 2 հիմնական փուլերով։ Առաջին անհատական մրցույթը տեղի կունենա հունիսի 1-7-ը, Հայաստանի եւ սփյուռքի համայնքներում եւ կարող է ներառել որակավորման ընթացակարգ։ Մասնակիցները 3 ժամվա ընթացքում պետք է լուծեն 5 խնդիր։ Հաղթողները կստանան վկայագրեր եւ մրցանակներՙ համակարգիչ, տպիչ, թվային ֆոտոխցիկ եւ այլն։
Երկրորդ մրցույթը կանցկացվի թիմայինՙ հունիսի 18-ին։ Իսկ մինչ այդՙ հունիսի 14-18-ը Ծաղկաձորում կանցկացվի տեղեկատվական տեխնոլոգիաների «Ամառային դպրոց» սեմինարը, որը կվարեն Lycos, Intel, Xerox ընկերությունների մասնագետները։ Դասընթացներին կմասնակցեն անգլերենին տիրապետող անհատական մրցույթի լավագույն մասնակիցները։ Թիմային մրցույթը կանցկացվի 3 հոգուց բաղկացած թիմերի միջեւ, որոնք 3 ժամվա ընթացքում պետք է լուծեն 3 խնդիր։ Լավագույն եռյակին կհանձնվի վկայագիր եւ մրցանակ։ Մրցույթի արդյունքները կգնահատի Հայաստանի եւ սփյուռքի առաջատար մասնագետներից կազմված հանձնաժողովը։ Դիմում-հայտերը կարելի է ստանալ հենց այսօրվանիցՙ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գրասենյակում կամ էլեկտրոնային տարբերակովՙ www.uite.org ինտերնետային էջում մինչեւ մայիսի 25-ը։ Ի դեպ հունիսը հայտարարվել է բարձր տեխնոլոգիաների շաբաթ։
Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթը բավականաչափ օգտավետ կլինի ոլորտը նոր, որակյալ մասնագետներով համալրելու առումով, նկատի ունենալով այն փաստը, որ օրական 5 աշխատատեղի հայտ է տրվում ինտերնետում, միջին աշխատավարձըՙ 500-1000 դոլար։ Այս ամենին ավելացնենք, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը տարեցտարի ընդլայնվում է. հաջորդ տարվանից մասնաճյուղեր կբացվեն Կանադայում, Մ. Նահանգներում եւ Գերմանիայում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ