«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2004-05-05 | #82, 2004-05-06 | #83, 2004-05-07


«ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՈՒՆ ԼԻՆԵՆ ՈՒ ՃԱՆԱՉԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայոց ցեղասպանության հարցին նվիրված բազում քննարկումներից Համաշխարհային հայկական կոնգրեսի երեկ հրավիրած «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում» թեմայով գիտաժողովը առանձնացավ ոչ միայն տարբեր երկրներից ժամանած մասնագետների ներկայությամբ, այլեւ հարցի իրավական լուծման երկարամյաՙ 2004¬2006 թթ. ծրագրային փաթեթի գոյությամբ։ ԳԱ ակադեմիայի նիստերի դահլիճում լսվեցին «Ցեղասպանության ճանաչման ուղիներն ու միջոցները որպես հայ-թուրքական հարաբերությունների գործոն։ Համաշխարհային հայկական կոնգրեսի խնդիրները» (զեկուցողՙ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյան) եւ «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում» (զեկուցողՙ Յուրի Բարսեղով) զեկուցումները, որոնց շուրջ ծավալված քննարկման ժամանակ մասնագետներից յուրաքանչյուրն իր տեսակետն արտահայտեցՙ շեշտը դնելով հատկապես առանցքային հարցերի վրա։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համահայկական ծրագիրը ներառում է իրավական ու կազմակերպական բովանդակության մի շարք կետեր, որոնցից հատկապես մեկի վրա սեւեռվեց մասնակիցների ուշադրությունը։ Խոսքը ցեղասպանության իրականացման տարեթվի վերաբերյալ եղած տարակարծության մասին է. մասնագետներից ոմանք պնդում են ընդունելի համարել հայերի բնաջնջման 2 ժամանակահատվածՙ առաջինը 1876 ¬1914 թթ., երկրորդըՙ 1915-1923 թթ., ոմանք էլ 1915 թվականը համարում են հաստատուն ու բացառիկՙ հիմք ընդունելով աշխարհում այդ տարեթվի հայտնի լինելու կարեւոր փաստը։

Յուրի Բարսեղովի զեկուցման մեջ դա բացատրվեց հետեւյալ կերպ. «1915 թվականի կաղապարը մարդկանց գիտակցության մեջ դրվեց քաղաքական նպատակով, որպեսզի ցեղասպանությունն արդարացվի պատերազմական իրադրությամբ, իսկ կատարվածի պատասխանատվությունը բարդվի Օսմանյան կայսրության եւ ոչ թուրքական պետության ուսերին։ Նման պարզաբանումներ արվել են Ֆրանսիայում եւ Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ»։ Իսկ Ռիչարդ Հովհաննիսյանը նկատեց, որ քաղաքական առումով 1915 թվականն արդեն ճանաչված է եւ նոր սահմանումներով կարելի է վնասել ցեղասպանության ճանաչմանը։ Նույն կարծիքը արտահայտեցին Գերմանիայից ժամանած Գուստ Վոլֆգանգը, Պողոս Զեքիյանը եւ Աշոտ Ոսկանյանըՙ նշելով, որ 1915 թվականին նախորդող եւ հաջորդող իրադարձությունները ինքնին վկայում են Թուրքիայի ծրագրված գործունեության մասին, եւ այդ ամբողջական շղթայի մեջ պետք չէ կորցնել 1915 թվականի բացառիկությունը։ Իբրեւ օրինակ նշվեց հրեական հոլոքոսթն իբրեւ բացառիկ երեւույթ ընդունելու եւ մեկ տարեթվով նշելու Իսրայելի որոշումը։ Պ. Զեքիյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը դեռեւս իրականացնում է մշակութային ցեղասպանություն, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ առաջարկվող տարեթվերի սահմանումն էլ ավելի կբարդացնի իրավիճակն ու կստեղծի նոր դժվարություններ։ Առաջարկվեց հարցն առանձին քննարկել, որպեսզի բոլոր մասնագետները հնարավորություն ունենան հիմնավորելու իրենց տեսակետները։

Արա Աբրահամյանն իր խոսքում կարեւորեց Հայոց ցեղասպանության մասին համահայկական դիրքորոշում ստեղծելու, քարոզչական լայնածավալ աշխատանք կատարելու, ազգային անվտանգության շահերից ելնելու եւ սփյուռքի հետ ամուր համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրեսն ամենից առաջ դիտարկում է որպես ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւոր նախադրյալի, որը պիտի հաստատի Թուրքիայի պատասխանատվությունը կատարած ոճրագործության բոլոր կործանիչ հետեւանքների համարՙ ընդհուպ մարդկային ու նյութական վնասների փոխհատուցումը։ Դրան հասնելու միակ ուղին դիտվում է միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, որի համար պահանջվում է խնդրով զբաղվող պետական ու հասարակական գործիչների համագործակցությունը։ (Ա. Աբրահամյանի զեկույցի ամբողջական տեքստըՙ էջ 4)։

Մտքերի փոխանակության ընթացքում հնչեցին նաեւ այլ մտահոգություններ, մասնավորապես հավանության արժանացավ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի առաջարկը Թուրքիայում կատարվող վերջին փոփոխություններին հետեւելու, հայկական հարցը փակուղի մտցնելու թուրքերի ջանքերի դեմն առնելու նպատակով մոնիտորինգի խումբ ստեղծելու մասին։

Գիտաժողովին մասնակցելու է եկել նաեւ Երուսաղեմի հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր, հրեական համալսարանի պրոֆեսոր Իսրայել Չառնին, որի հետ զրուցեցի գիտաժողովի ընդմիջմանը։ Հարցիս, թե ի՞նչ է մտածում քննարկվող հարցերի մասին, նա պատասխանեց. «Որ հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել նաեւ19-րդ դարի վերջին, որեւէ կասկած չի հարուցում։ Բազմաթիվ մասնագետների դիտարկումով, երբ սպանվում է ժողովրդի մի զանգվածը, անգամ 1000 մարդ, եւ ոչ 100 հազար կամ միլիոն, արդեն իսկ ազգի բնաջնջում է համարվումՙ ողջ բովանդակությամբ ու իմաստով։ Այդուհանդերձ, մարդկային ուղեղը բավականին թույլ է, եւ կան մարդիկ, որոնք առաջարկում են ոչ այնքան խոշոր երեւույթներն անվանել ջարդ, մասնակի ցեղասպանություն։

Միայն վերջերս կարողացանք աշխարհին ապացուցել 1915 թվականին եւ դրանից հետո տեղի ունեցած հայերի ահավոր ցեղասպանության ճշմարտությունը։ Մենք պայքարում ենք հասարակական կարծիք ստեղծելու համար։ Կարծում եմ, որ այսօր կարիք չկա խնդիրը բարդացնելու, ավելի ճիշտ է ընդունել, որ Հայոց մեծ ցեղասպանությունից առաջ եղել են հայերի կոտորածներ»։

«Իսրայելի կառավարության դիրքորոշումը դեռ երկա՞ր կմնա ժխտողական» հարցիս ի պատասխան ասաց. «Երկար տարիներ ամոթ ու խայտառակություն եմ համարում, որպես հրեա ու իսրայելցի ես ամաչում եմ դրա համար ու սաստիկ զայրանում։ Սակայն Իսրայելում ստեղծված հասարակական կարծիքը ինձ վստահեցնում է, որ մենք հաղթել ենք, որ իսրայելցիները ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցին, նրանց համար դա զգայուն թեմա է։ Բազմաթիվ նյութեր են տպվում թերթերում, հեռուստահաղորդումներ են ցուցադրվում։ Համոզված եմ, որ բոլոր երկրների կառավարությունները պետք է հասուն լինեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհում ավելի վեհ բաներ կան, պետք չէ վախենալ դիվանագիտական հարաբերություններ փչացնելուց։ Կան բարոյական ու հոգեւոր սահմաններ։ Հրեաները չպետք է ցեղասպանություն ապրած մեկ այլ ժողովրդի հարցն անտեսեն, դա ամոթալի երեւույթ է։ Մենք ամեն կերպ կպայքարենք դրա դեմ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4