«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2004-05-05 | #82, 2004-05-06 | #83, 2004-05-07


ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԹՌԻՉՔԱՁԵՎ ԶԱՐԳԱՑԵԼ Է

Հավաստիացրեց ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի նախագահը

Երեւանում երեկ բացվեց «Ոսկեգործություն-2004» 7-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ բացի հայկական ընկերություններից, ներկայացված էին նաեւ իտալական, սիրիական, ռուսական, ուզբեկական, արաբական ոսկերչական ձեռնարկությունների արտադրանքը։ Մատանիներ, ապարանջաններ, ժամացույցներ, ոսկերչական այլ զարդեր ու հուշանվերներ, ինչպես նաեւ ալմաստի փոշուց, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստած իրեր, դիզայն, մոդելավորում եւ այլն։ Այս ամենը առաջարկում էին ոչ միայն ավելի քան 30 ձեռնարկությունները, այլեւ անհատ ոսկերիչներն ու դիզայներները։ Միջոցառման բացման ժամանակ ելույթ ունենալով, Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի նախագահ Էմիլ Գրիգորյանը նշեց, որ ցուցահանդեսի մասնակիցների աշխարհագրությունը վկայում է աշխարհում նրա ճանաչված լինելու մասին։ Իսկ ոլորտի թռիչքաձեւ զարգացումը նա պայմանավորեց Հայաստանի իշխանությունների վարած նպաստավոր քաղաքականությամբ։

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց եւ ներկայացված արտադրանքին ծանոթացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ակնհայտ համարեց այս ոլորտի առաջխաղացումը եւ կարեւորեց նման ցուցահանդեսների կարեւորությունը նոր տեխնոլոգիաների, նոր ոճի ձեռքբերման եւ յուրացման համար։ Ներկայումս կարեւորվում են նոր շուկաներ գրավելը եւ արտադրության ծավալներն ընդլայնելը։ Նախագահի հավաստմամբ, այս բնագավառի զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները հանվել են։ Ձեւավորվում է ավելի մեծ ոլորտ, որտեղ ոսկերչությունը, ակնագործությունը եւ կիսաթանկարժեք քարերի մշակումը փոխկապակցվում են։ Որպես մեր տնտեսության առավել զարգացած ոլորտներ, բացի ակնագործությունից եւ ոսկերչությունից, Ռոբերտ Քոչարյանը հիշատակեց բարձր տեխնոլոգիաները, լեռնահանքային արդյունաբերությունը, ծառայությունները, հույս հայտնեց, որ քիմիական արդյունաբերությունը կսկսի զարգանալ, մասնավորապես կսկսեն աշխատել «Նաիրիտն» ու Վանաձորի քիմհամալիրը։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4