ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը» զեկուցումով երեկ հանդես եկավ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանըՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած գիտաժողովի աշխատանքների ամփոփումից առաջ։ Նա հակիրճ խոսեց տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ու հրատարակչական աշխատանքների, հրավիրված մոտ 100 հյուրերի այցի, 600 վերապրածներին նյութական աջակցություն ցույց տալու եւ այլ հարցերի մասին։ Ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնեց իսրայելցի պրոֆեսոր Իսրայել Չառնիին եւ գերմանացի գիտնական Գուստ Վոլֆգանգինՙ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրվելու ու ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար։ Այնուհետեւ Յուրի Բարսեղովը մասնագետներին առաջարկեց քննարկել Հայկական կոնգրեսի ներկայացրած հռչակագիրն ընդունելու հարցը, որին առաջինը դեմ արտահայտվեց պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, մեկնաբանելով, որ նմանատիպ գիտաժողովները չպետք է կրեն դեկլարատիվ բնույթ ու մամուլում առիթ տան տարբեր մեկնաբանությունների, այլ հիմնական հարցերի մեջ խորամուխ լինելու հնարավորություն ստեղծեն։ Նրան հաջորդեցին մյուս մասնագետները, պնդելով, որ տեքստը գրված է ոչ գրագետ հայերենով, առկա են որոշ անհարթություններ, որոնք մասնագիտական հղկման կարիք ունեն։ Կարճատեւ խորհրդակցությունից հետո մասնագետները պատրաստեցին հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Երկօրյա քննարկումների արդյունքում տարբեր երկրների մասնագետներից ստեղծված հանձնախումբը պարբերաբար կհրավիրի նիստեր եւ աշխատանքներ կծավալի թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացին նպաստելու, Մեծ եղեռնի հետեւանքները վերացնելու, խնդրի վերաբերյալ հետազոտական աշխատանքները համադրելու համար»։ Այս հայտարարությամբ էլ գիտաժողովն ավարտեց աշխատանքը, որից մասնակիցներն ընդհանուր առմամբ դժգոհ չէին, իսկ ընդհանուր մթնոլորտում նկատելի էին Կոնգրեսի, մասնավորապես Յուրի Բարսեղովի փոքր-ինչ իշխող կեցվածքն ու քննադատական ակնարկները, որոնք երբեմն ոչ դրական արձագանքներ էին ստանում։
Հայկական հարցով զբաղվող սփյուռքի ու Հայաստանի կենտրոնները միավորելու Հայկական կոնգրեսի նախաձեռնությունը, հասկանալի է, որ պիտի ուղեկցվի դժվարություններով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը անջատաբար է գործել ամենից առաջ հաղորդակցության բացակայության պատճառով։ Ի դեպ, գիտնականներն անդրադարձան ինտերնետ կապի խնդրին, որն Անդրանիկ Միհրանյանի խոսքով արդեն իսկ ընդգրկված է կազմակերպական հարցերի մեջ եւ միանգամայն լուծելի է. «Ամենամեծ արդյունքն այն էր, որ փորձագետների խումբ ընտրվեց, որոնք մշտական կապի մեջ կլինեն եւ տարին մեկ անգամ կհանդիպեն տարբեր երկրներումՙ քննարկելու տարբեր փաստաթղթեր, դրանք կառավարություններին ու հասարակությանը ներկայացնելու համար»։
«Սա դրական նախաձեռնություն էր, թերեւս ուշացած։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ռազմավարություն մշակելու համար պետք է միավորել մասնագետներին, փորձագետներին ու քաղաքական գործիչներին։ Բազմաթիվ ուսումնասիրություններ կան կատարելու, որոնք պահանջում են միասնական աշխատանք», ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը։
«Թուրքիայի հետ բոլոր առումներով պետք է վարենք համակարգված քաղաքականություն, որովհետեւ Հայոց ցեղասպանության խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում շատ կարեւոր քաղաքական խնդիր է, եւ ոչ մի կերպ չի կարելի շրջանցել։ Թուրքական կողմը մեզ հետ շարունակ խոսում է ուլտիմատումի լեզվով, իսկ դա նշանակում է, որ թուրքերի համար այդ հարաբերությունները կրում են ոչ թե տնտեսական ու գիտական, այլ զուտ քաղաքական բնույթ։ Մինչդեռ մենք պետք է նախապայմաններ առաջադրենք։ Հրեական հանրությունը գերմանացիների ներողությունից ու նյութական հատուցում ստանալուց հետո էլ դեռ պատրաստ չէ նրանց ներելու։ Իսկ մեր հակառակորդների մերժողական կեցվածքի հանդեպ կրավորական վարքագիծ դրսեւորելն ուղղակի անընդունելի է», ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Ավելացնենք, որ փորձագիտական խմբի հետ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի նախապես հայտարարված հանդիպումը չկայացավ։